Հայաստանին քիմիկոսներ, ֆիզիկոսներ են պետք․ պատերազմի ժամանակ բնագետներն անգամ թարգմանություններ էին անում․ Արփինե Հարությունյան

Այն ամենը, ինչ տեսնում ենք, ուտում և շնչում՝ քիմիայի արդյունք է, սակայն քչերն են կարևորում այս առարկան։ Ժամանակին այս առարկային անտարբերությամբ է վերաբերվել նաև ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը։ Սակայն հետագայում անտարբերությունը վերածվել է մեծ սիրո։

Արփինե, ինչպե՞ս ստացվեց, որ մեծ սեր տածեցիք քիմիայի հանդեպ։

– Կարելի է ասել՝ սերը ծնվել է ուսանող ժամանակ, երբ սովորում էի Քիմիայի ֆակուլտետում, բայց մինչ այդ զզվանք, ատելություն չէ, բայց սեր չեմ ունեցել։ Հակակրանքը փոխել է մայրս՝ քիմիայի հետ անմիջական շփման շնորհիվ։

Ձեր ծնողները փոքր ժամանակ հորդորել են լավ սովորել մայրենի լեզուն և բնագիտական առարկաները։ Փոքր երեխան, բնականաբար, կհարցնի՝ ինչո՞ւ։ Ինչպե՞ս են սա բացատրել։

Կարդացեք նաև

Ասեմ, որ Կապանից եմ, ու, բնականաբար, խոսում ենք բարբառով։ Կարևորելով բարբառը, եկել ենք այն փուլին, որ դպրոցում պետք է խոսենք գրական հայերենով։ Այսինքն, տարանջատումը պետք է հստակ լիներ։

Ինչ վերաբերում է բնագիտական առարկաներին, ծնողներս բնագետ են, գյուղատնտեսության, տնտեսագիտության, ագրոնոմիայի բաժիններում են սովորել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո հայրս չի վերադարձել հիմնական մասնագիտություն՝ մնալով զինվորական։ Մեզ ասել են, որ կարևոր են մաթեմատիկան ու բնագիտական առարկաները։

Լեզուն սովորեք, ձեզ պետք է, իսկ բնագիտական առարկաները պարտադիր են։ Ու այո, կարող եմ հպարտորեն ասել, որ ընտանիքի բոլոր երեխաները հասկացել են յուրաքանչյուր բնագիտական առարկայի կարևորությունը՝ անմիջական բնական որևէ պրոցեսի առնչվելով, ցույց տալով։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ասում էին՝ այսինչ լավ մասնագետն ունենայինք, այսինչ պահին այսպես կանեինք։ Նման խոսակցություններ մեր տանը եղել են, և ասել, որ կողքից լսող երեխայի մոտ դա նստվածք չի տալիս, սխալ կլինի։ Մեծ է եղել մեր կապը կենդանիների, բույսերի հետ։

– «Քիմիա»-ն ընկալվում է փորձերով, բայց մեր ժամանակ՝ 1990-ականների վերջին և 2000-ական թվականների սկզբում, առարկան անցնում էինք այնպես, ինչպես «Պատմություն»-ը, ու դա երեխաներին կոտրում է։ Հիմա որոշել են, որ բոլոր դպրոցները պետք է ունենան լաբորատորիաներ։ Դա ի՞նչ կփոխի։

Շատ բան։ Երբ խոսում ենք բուսաբանության, կենդանական աշխարհի ու ֆիզիկայի մասին, այդ պրոցեսների հետ անմիջական առօրյա շփում ունենում ենք, և ուսուցչի համար հեշտ է օրինակ բերելն ու բացատրելը, իսկ քիմիայի դեպքում շատ ավելի բարդ է լինում, ոչ բոլոր ուսուցիչներն են կարողանում ճիշտ օրինակներ բերել, որպեսզի սեր առաջանա։ Իսկ եթե լաբորատորիա ունենանք, երբ ասեն՝ երկաթ՝ երեխան ոչ թե դրսի երկաթը կպատկերացնի, այլ երկաթե թիթեղը։ Կտեսնի, թե այն ինչպես է ինչ-որ նյութի հետ փոխազդեցության մեջ մտնում։ Ժանգոտումը կտեսնի հենց այդ պահին, ու սա ավելի տպավորիչ կլինի, երեխան կհասկանա, թե ինչո՞ւ է այն սովորում։ Բոլոր երեխաները գույներ են սիրում, իսկ քիմիան գույն է։ Փոքր տարիքից սերը բերում է ավելի կողմնորոշված ու լավ մասնագետների։

– Հաճախ լաբորատորիայում ընդունում եք աշակերտների կամ գնում եք դպրոցներ։ Կա՞ հետաքրքվածություն։

Եթե մի քանի տարի առաջվա տարբերությամբ ասեմ՝ բացի հետաքրքրվածությունը, երեխաները տեղյակ են ռեակցիաներից, ու դա հեշտացնում է աշխատանքը։ Եթե առաջ սկսում էինք զրոյից, ապա հիմա այդպես չէ։ Նախկինում այդպես չէր, ոնց որ այլմոլորակայիններ էինք, գնացել ինչ-որ բաներ էինք ցույց տալիս։ Եթե հասարակություն, ծնող, ուսուցիչ վերաբերմունքն էլ փոխվի՝ ավելի լավ կլինի։

– Սեպտեմբերի 1-ից կարծես թե բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է։ Դա ինչ-որ բան կփոխի՞, թեկուզև դասավանդման առումով։

– Միանշանակ։ Իրենց նախկին աշխատավարձի համեմատ փոփոխություն է, բայց քիչ է։ Սակայն, եթե առաջ գնում էինք հումանիտար առարկաներ սովորելու՝ ասելով, որ եթե չստացվի, թարգմանություն կանեն և այլն, իսկ բնագիտականի դեպքում դա էլ չկա, գնում են լրիվ այլ աշխատանքի, ու լավ ուսուցիչներին անգամ բերում է մի փուլի, որ ստիպված են լինում ընտրության առջև կանգնել՝ թողնե՞լ դպրոցը, թե՞ շարունակել համատեղությամբ։ Լավ մասնագետները երկար չեն մնում դպրոցում, չնայած կան մարդիկ, ովքեր անձնվեր են, մնում են։

– Այս տարի ևս ընդունելության քննություններից պարզ դարձավ, որ քչերն են ընտրել բնագիտական առարկաները։ Սա ինչո՞վ է բացատրվումթյուր կարծիք ունեն, որ բարձր աշխատավարձ չե՞ն ստանա, թե՞ դպրոցներում առարկան լավ չի դասավանդվում։

Կա և՛ դպրոցի տված նախնական գիտելիքը, և՛ հասարակական կարծիքը։ Ընտանիքի անդամներից շատերը չեն ողջունում բնագիտական առարկաների գծով շարունակելը՝ մտածելով, որ քիչ են ստանում այդ մասնագիտությամբ մարդիկ, ու բացատրում են՝ քիմիկն ի՞նչ պետք է անի, բացի թունավորվելուց, ու մի հատ էլ ցածր աշխատավարձ։ Կա նաև այն, որ գործարաններ չկան։ Երեխան ուշ է հասկանում, թե սա ինչու է իրեն պետք, հաշվի են առնում ընտանիքի կարծիքը, ու սա դեռ մեկ սերունդ կգնա այսպես։ Մի տասը տարի դեռ սա կունենանք։ Ունենք շատ լաբորատորիաներ, որ կարող են քիմիկ-լաբորանտ աշխատել, մեծ պահանջարկ կա։ Կարևոր է՝ զբաղվածության կենտրոնները, պետությունը գովազդի, որ այսինչ կազմակերպությունը 2025-30 թվականն ամեն տարի 5 քիմիկոսի աշխատանքով կապահովի։ Քիմիկոսներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ են պետք երկրին։ 2020թ․ արցախյան պատերազմի ժամանակ բնագետ կամավորներն անգամ թարգմանություններ էին անում։

Ասում ենք՝ չկա բիզնես-գիտություն կապը, բայց վերջերս հաճելիորեն զարմացա, երբ իմացա՝ ավտոխնամքի և կենցաղային քիմիայի նյութեր արտադրող ընկերությունը համագործակցում է ԵՊՀ ուսանողների հետ։

Դա արդեն ոչ թե պատվեր է պետությունից ու մասնավորից, ինչն ունի իր հետաքրքրության սահմանները։ Մասնագետին կրթելն ու ներգրավելը լինում է ցածր կուրսերից սկսած։ Տեսեք, մենք չունենք լավ մասնագիտացված դեկորատիվ կոսմետիկայի բնագավառ, բայց Հայաստանը բավականին արդյունավետ վայր է դրա համար։ Նախկին դպրոցները վերացել են, նորերը չեն ստեղծվել։ Ունեցել ենք սոսնձինը, կաուչուկինը․․․։

– Մի ժամանակ դժգոհում էիք «Պետական գնումների մասին» օրենքից, քանի որ ստիպված պետք է էժան սարքավորումներ ձեռք բերեիք, որոնք այդքան էլ օգտակար չեն։

– Այո, ցավոք։ Դա միայն իմ խնդիրը, ցավը չէ։ Պետական գնումները, տենդերը շատ է ազդում գիտնականի վրա։ Շատ զգայուն փորձերի դեպքում զգայուն սարքավորումներ են պետք, բայց եթե համարժեք պարամետրերով վատ որակն է վաճառվում ու ներկրվում ՀՀ, ունենք այն, ինչ ունենք։ Դրանով զբաղվում է որևէ կազմակերպություն, առաջարկում է քեզ․ կա՛մ պետք է գնես, կա՛մ չունենաս։ Վերջին տարիներին ԳԱԱ-ի, Գիտության կոմիտեի, Ֆիննախի շնորհիվ համաձայնության են գալիս, գնում դրսի կազմակերպությունից։ Նաև Գիտության կոմիտեն է տենդեր հայտարարում որևէ սարքի համար ու փորձում գնում անել, բայց միևնույն է՝ խնդիրը գլոբալ առումով չի լուծվում։ Մոնոպոլիա ասվածը դեռ չի ցրվել։ Ներկրման առումով ունենք խնդիր, որովհետև քիչ կազմակերպություններ կան։

Հիմա փորձում են բուհերն ու ԳԱԱ ինստիտուտները միավորել կամ Ակադեմիական քաղաք ստեղծել։ Դա գիտության ոլորտում ինչ-որ բան կփոխի՞։

– Ճիշտն ասած, Ակադեմիական քաղաքի շուրջ պտտվող ամպերն ու խորհրդավորությունն ավելի շատ է, քան իրականում տեղյակ ենք։ Եթե Գիտության կոմիտեից ստացած պատկերացմամբ այնպես է, որ ուզում են լավագույն լաբորատորիաները հավաքել, դրա հիմքի վրա ստեղծել նոր ինստիտուտ, որտեղ գիտնական-ուսանող կապը կլինի առաջին կուրսից՝ դրսի հայ գիտնականների ներգրավմամբ, դա լրիվ այլ բան է, լավ միտք է։ Իսկ եթե տարբեր ինստիտուտներ տանեն ու ասեն՝ վերջ, սկսում եք միասին աշխատել, դա կբերի կործանման, հետքայլի։ Եթե խոսում ենք դասախոսի մասին, ով գիտությամբ չի զբաղվում, մեկ օրում գաս-ասես՝ գիտես, դու գիտությամբ պետք է զբաղվես, կամ գիտնականը, ով չի դասավանդել, չի առնչվել ուսանողի հետ, ասես՝ դասավանդիր… Ամեն մարդ չի կարող դասավանդել։ Գիտնականը չի կարող լավ արդյունք տալ՝ ստիպված դասախոսելով։

– Գիտնականի աշխատավարձը հնարավորություն տալի՞ս է արժանավայել ապրել։

Գիտնականի աշխատավարձն այսօր թույլ է տալիս հանգստանալ դրսում, ճամփորդել, ավելի շատ բան տեսնել, քան այլ ոլորտի շատ մասնագետների։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս