Բաժիններ՝

Գյումրիում կմեկնարկի «Gyumri Art Week 2025»-ը՝ նվիրված էկոլոգիային և շրջակա միջավայրին

Գյումրիում օգոստոսի 8-ից 17-ը տեղի կունենա ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը՝ «Gyumri Art Week»-ը, որն այս տարի կենտրոնանում է էկոլոգիայի և շրջակա միջավայրի թեմաների շուրջ։ Փառատոնը նվիրված է հայ նշանավոր արվեստագետ, ժամանակակից արվեստի առաջամարտիկ Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին։  «Gyumri Art Week»-ը միտված է դառնալու ժամանակակից արվեստի և տարբեր գիտական ոլորտների միջև համագործակցության հարթակ՝ միաժամանակ խթանելով արվեստագիտական հետազոտությունները և հասարակական գործընթացների շուրջ բանավեճը։

Այս տարվա փառատոնի համադրողներն են Սարգիս Հովհաննիսյանը, Վիկտորյա Իլյուշկինան, Գագիկ Ղազարէն, Գոռ Մարգարյանը: Փառատոնի կազմակերպիչ կառույցների շարքում են Գյումրու ժամանակակից արվեստի շաբաթը (GCAW), Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը, Սերգեյ Մերկուրովի թանգարանը, «Բեռլին Արտ» հյուրանոցը և այլ կազմակերպություններ։

Նախագծերի մեծ մասն ուղղված կլինի տեղական ստեղծագործական և կրթական համայնքների ակտիվ ներգրավմանը։ Կներկայացվեն նաև արվեստի միջամտություններ, որոնք ուսումնասիրում են կլիմայական փոփոխությունների մշակութային կողմերը՝ միաժամանակ խրախուսելով էկոլոգիական գիտակցության բարձրացումը։

Փառատոնը կներառի վարպետաց դասեր, ցուցահանդեսներ, քննարկումներ և վայրին հատուկ գործողություններ՝ նպաստելով գիտելիքի ստեղծմանը և արվեստի ու հասարակության միջև երկխոսությանը։

Արվեստի շաբաթն ընդգծում է արվեստի դերը որպես ոչ միայն ստեղծագործական ինքնարտահայտման ձև, այլ նաև որպես մշակութային ու սոցիալական գործողություն, որն ուղղված է էկոլոգիական գիտակցության խթանմանը և իրական փոփոխությունների ներշնչմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս