
Բժիշկն՝ առանց դեղորայքի․ ո՞ր հիվանդություններն են բուժում ֆիզիոթերապիայով
Ֆիզոթերապիան անհրաժեշտ է բուժառուի առողջությունը բարելավելու համար: Այն ներառում է ֆիզիկական ակտիվության տարբեր ձևեր` ջերմային թերապիա, սառը թերապիա, էլեկտրաթերապիա, մերսում, վարժություններ և այլն: Ո՞ր դեպքում է առաջարկվում ֆիզիոթերապիա, որքա՞ն է տևում բուժումը։ Մանրամասների մասին զրուցել ենք ընտանեկան բժիշկ, ֆիզիոթերապևտ Վրեժ Սարգիսի հետ։
– Շատերը ֆիզիոթերապիան շփոթում են «տոկերով» բուժման հետ։ Ի՞նչ է այն։
– Ֆիզիոթերապիան հիմնական ֆիզիկական գործոնների բուժիչ ազդեցությունն է օրգանիզմի վրա։ Դրա մեջ մտնում են հոսանքները, լույսը, ջուրը, ցեխաբուժությունը, ուլտրաձայնային թերապիան։ Կիրառվում է հենաշարժիչ համակարգի, մկանացավերի, ինչպես նաև նյարդաբանական ցավերի դեպքում, երբ դեղորայքով հնարավոր չի լինում կարգավորել։ Հոդացավերի, մեջքի ցավերի, շնչառական համակարգի հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիալ ասթմա) ժամանակ ևս կիրառվում է։ Ուժեղացնում է իմունիտետը, և հիվանդներն ավելի արագ են վերականգնվում։
– Ինչպիսի՞ բուժում է իրականացվում հոդացավերի կամ մեջքի ցավի դեպքում։
– Հոդացավերի, ողնաշարի ցավերի դեպքում հիմնականում օգտագործում ենք և՛ հոսանքները, և՛ ենթակարմիր լույսը, որի ամենալավ տեսակը լազերն է հանդիսանում։ Ուլտրաձայնային թերապիան ևս կիրառվում է։ Ցավը մեղմանում է, արյան շրջանառությունը՝ լավանում։ Հաճախ ցավերը բորբոքման հետևանքով դեղորայքով չի ստացվում բարելավել։
Օրինակ, մեջքի ցավի համար կարող է հիվանդը խմել բազմաթիվ դեղեր՝ ցավազրկողներ, ոչ ստերոիդային դեղեր, հորմոններ, բայց վերջնական արդյունք չի ստանում։ Այսինքն, իր մոտ մեջքի, հոդերի ցավը շարունակվում է, և արդյունավետ է, երբ դեղերի հետ մեկտեղ՝ կիրառում ենք ֆիզիոթերապիա։
Նշեմ, որ երբ սկսում է մեջքի ցավը, գոնե առաջին 6 շաբաթվա մեջ պետք է դիմեն բժշկի, որովհետև բուժման շանսերը մեծ են, պետք չէ դանակը հասցնել ոսկորին՝ նոր քայլ անել։ Երեք ամսից ավելի տևող ցավերն արդեն քրոնիկ են համարվում։ Հիվանդները պետք է ծանրություն չվերցնեն, նվազեցնեն քաշը, որովհետև, եթե 10 կգ-ով ավելացել է, մի օր հաստատ առնչվելու է մեջքի ցավի հետ, քանի որ անմիջապես ողնաշարի, նյարդերի, կապանների, ջլերի վրա է ազդելու։ Դրա համար բոլորին հորդորում ենք ողնաշարի առողջության համար սպորտով զբաղվել։
– Պատահո՞ւմ է, որ մարդիկ չեն ցանկանում շատ դեղ խմել ու միանգամից ֆիզիոթերապիայի են դիմում։
– Այո, սակայն քչերն են այդպես անում։ Մեր ժողովրդի մեծ մասը միայն դեղորայք է գերադասում։ Բայց փորձը ցույց է տալիս, որ դեղորայքը միշտ չէ, որ հարցին վերջնական լուծում է տալիս։ Դեղորայքն էլ բավական կողմնակի ազդեցություն ունի։ Ամենահասարակ ցավազրկողից կարող է գլխացավ, ստամոքսի ցավ ունենաս։
– Թոքաբորբն ինչպե՞ս է բուժվում։
– Շնչառական համակարգի դեպքում հիմնականում օգտագործում ենք իմպուլսները կամ տոկերը դնում ենք կրծքավանդակի հատուկ հատվածների վրա։ Հատուկ բիոակտիվ կետեր գոյություն ունեն մեր կրծքավանդակում՝ առաջնային և հետին մակերեսում, պարանոցին, որտեղ ավշային հանգույցներն են։ Հոսանքներ, իմպուլսներ ենք տալիս համապատասխան հատվածներում, ակտիվացնում ենք իմուն համակարգը՝ ներառելով թոքերի և բրոնխների հատվածը։ Հակաբորբոքային ազդեցություն է այս ամենն ունենում, ինչը ցանկալի է թոքաբորբերից, վիրուսային ինֆեկցիաներից հետո։ Արդյունքում՝ բուժառուն ավելի թեթև է տանում բորբոքումները, նպաստում է նաև, որ քիչ հիվանդանա։ Թոքաբորբերի, բրոնխիտների, սուր շնչառական վարակների դեպքում, պատկերացրեք, բնական ձևով եք իմուն համակարգը բարելավում։ Ֆիզիոթերապիան թոքաբորբերի բուժման համար շատ լավ մեթոդ է։
– Կորոնավիրուսի ժամանակ կիրառվե՞լ է ֆիզիոթերապիան։
– Այո։ Կրծքավանդակի հատուկ բիոակտիվ կետերի վրա են կենտրոնանում ու, երբ գրգռում ես մաշկի այդ հատվածը, գրգիռները գնում, հասնում են ուղեղ, արտադրվում են նեյրոպեպտիդներ, որոնք մեր բնական ռեսուրսներն են, օժտված են հակաբորբոքային ազդեցությամբ։ Բուժման համար 12-15 այց է հարկավոր։ Երեխաների դեպքում 7-8 այց հետո բավարար արդյունք ենք ստանում, քանի որ նրանց օրգանիզմը շուտ է վերականգնվում։
– Ինսուլտ ստացած մարդկանց դեպքում որքանո՞վ է օգտակար ֆիզիոթերապիան։
– Ինսուլտի դեպքում, ըստ համաշխարհային գրականության, ֆիզիոթերապիան շատ արդյունավետ է։ Զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև կինեզիթերապիա՝ վարժությունները նույնպես կարևոր են, որովհետև, երբ մկանները քարանում են, սպազմատիկ փոփոխություններ են տեղի ունենում հոդերում և շատ դժվար է վերականգնելը։ Ֆիզիոթերապիայով հիմնականում հոդերի, մկանների արյան շրջանառությունն ենք լավացնում, նվազեցնում ցավերը, քանի որ ունենում են գլխացավեր, ուսերի, ոտքերի կամ ձեռքերի ցավեր։
– Մաշկային հիվանդությունների բուժման համար և՞ս կիրառվում է։
– Ֆիզիոթերապիան շատ լավ ազդեցություն ունի մաշկային հիվանդությունների դեպքում։ Օրինակ, եթե սալջարդ է, վերքի շուրջ աշխատում ենք, երբ սուր վիճակում է ու լավ արդյունք է տալիս։
Մաշկի այտուցի, լիմֆոստազի դեպքում ևս օգտակար է։ Հատկապես կանանց մոտ, երբ ենթամաշկային շերտերը լավ այտուցվում են, ոտքերն ուռչում են, կարող են կանխել ֆիզիոթերապիայի միջոցով։ Վերջնական չի լավանալու, քանի որ զարգացող հիվանդություն է։ Շատերը տառապում են ոտքերի կոճերի այտուցից, ու սա արդյունավետ է։ Երեխաների, մեծերի մոտ ալերգիայի դեպքում ևս արդյունավետ է, որովհետև իմուն համակարգն ես խթանում։
– Կոճերի հատվածում ուռածությունը սիրտ-անոթային խնդիրներո՞վ է պայմանավորված։
– Սրտային անբավարարություն ունեցողների մոտ կոճերի այտուց հնարավոր է։ Դրա համար սկզբում արվում է էխոկարդիոգրաֆիա։
– Ֆիզիոթերապիայի հիմնականում տարեց մարդի՞կ են դիմում։
– Սահմանափակումներ չկան։ Երեխաների դեպքում ևս կիրառվում է։ 80 տարեկանից հետո, ելնելով մեր օրգանիզմի առանձնահատկությունից, որ գնալով մեծանում ենք, մեր իմուն, հորմոնալ համակարգը քիչ-քիչ թուլանում են, դրա համար նյութափոխանակության վերականգնումը մի քիչ դանդաղ է ընթանում։
Երիտասարդներն ունենում են մեջքի, մկանի ցավեր, հատկապես համակարգչով են աշխատում ու դիմելիությունը շատ է։ Իսկ 60 տարեկանից հետո ավելի շատ հոդային խնդիր ունեցողներն են՝ արթրոզ, արթրիտ։
Նորածինների, երեխաների մոտ թոքաբորբի, վիրուսային ինֆեկցիաների դեպքում կարելի է դիմել ֆիզիոթերապիայի։
Իսկ հակացուցումներն ընդհանուր են բոլոր տարիքի մարդկանց համար։ Հիմնականում ուռուցքային հիվանդությունների դեպքում հակացուցված է, քանի որ կարող ես արյան շրջանառությունն ակտիվացնել ու ուռուցքն ավելի մեծացնել։
Մաշկի թարախային ինֆեկցիաների, արյունահոսության, էպիլեպսիայի դեպքում ևս հակացուցված է։
– Պրակտիկայում ո՞ր խնդիրներն են շատ հանդիպում։
– Հոդային և ջլային բորբոքումները։ Ծնկի ցավ, ծնկան բորբոքում, ջլեր, կապանների լարվածություն, ցավ։ Դիմում են նաև հոդերի մաշվածության ժամանակ։ Վիճակը բարելավելու համար գալիս են ֆիզիոթերապիայի, իսկ վերջնական բուժման համար պետք է կատարեն վիրահատություն։
Ֆիզիոթերապիայի տեսակներից մեկն ինֆրակարմիր լույսն է, որը շատ լայն կիրառում ունի արտասահմանում։ Լազերի բուժիչ ազդեցությունն օրգանիզմի վրա ապացուցված է։ 50 տարուց ավելի է՝ կիրառվում է բժշկության մեջ, բայց ժողովուրդը տեղյակ չէ, ու շատերն այն հարցն են տալիս, թե՝ վայ, ճառագայթ չլինի։ Պատկերացրեք, արևի նույն ճառագայթներն են, բայց ավելի օգտակար մասնիկներ։ Ոչ մի վնաս չի կարող լինել։ Լուսաբուժությունը Եվրոպայում, ԱՄՆ-ում զարգացած է։ Երբ սովորում էի Գերմանիայում, նկատեցի, որ դրա համար նույնիսկ հատուկ կլինիկաներ են բացվում․ բժիշկն առանց դեղորայքի միայն լուսաբուժությամբ էր զբաղվում։ Լինելով ընտանեկան թերապևտ, ես սիրում եմ դեղորայք, և երկար տարիներ աշխատելով՝ եկա այն եզրակացության, որ արևմտյան բժշկությունը, որը հիմնված է դեղորայքի վրա հիմնականում, շատ ավելի լավ արդյունք է տալիս, երբ զուգորդվում է արևելյան բժշկության՝ ֆիզիոթերապիայի հետ։