
Երևանում հայտնաբերվել է «Yamaha» մակնիշի մոտոցիկլ, որի վրա և ասֆալտին առկա են եղել արնանման հետքեր․ կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամառանոցային փողոցից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթացող Տերյան փողոցի հատվածում մոտոցիկլ է ընկած և կա վիրավոր քաղաքացի:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ տղա՝ մարմնական վնասվածքներով:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Yamaha» տեսակի մոտոցիկլ, որի վրա և ասֆալտին հայտնաբերել են արնանման հետքեր, գարեջրի բացած 3 շիշ՝ ամբողջությամբ դատարկ և 1 շիշ՝ մասամբ դատարկ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի սեփականատիրոջ, մոտոցիկլավարի և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը:
Մոտոցիկլավարը եղել է Երևանի բնակիչ 37-ամյա Ռ. Ն.-ն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք նա վիճաբանության, ինքնավնասման թե ընկնելու հետևանքով է մարմնական վնասվածք ստացել: