Մինչև ե՞րբ պիտի դու պատասխանատվությունից խուսափես, թե՞ քոնը միայն իրավունքն է, իսկ պատասխանատվությունը՝ ուրիշինը. Արա Սահակյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
- Որքանո՞վ են ճիշտ այսօրվա Հայաստանի և 90-ականների Հայաստանի հետ տարվող զուգահեռները: Նմանությունն այն է, որ Արցախի հիմնախնդիրը պահպանվում է, չնայած հարևան երկրների հակառակ պնդումներին:
90-ականներին բանակ չունեինք, բայց հաղթեցինք: Մենք այն ժամանակ բանակ չունեինք՝ նոր էինք ստեղծում, իսկ հիմա՝ բանակ ունեինք, բայց քանդում են, թուլանում է: Այն ժամանակ պետական ինքնուրույն համակարգեր՝ Արտաքին գործերի նախարարություն, անվտանգային համակարգ չունեինք՝ նոր էինք ստեղծում, նոր էին այդ համակարգերը ձևավորվում՝ կայացման իրենց դժվարություններով հանդերձ, այսօր այդ համակարգերը ձևախեղվում են, քանդվում են: Այսինքն՝ 90-ականներին և հիմա տրամագծորեն հակառակ վիճակում ենք:
Ոգևորություն, հավատ, վստահություն, համազգային միասնություն կար, և դա լոզունգ չէր, կար զոհողության պատրաստ երիտասարդություն, մարդիկ, ովքեր իրենց նվիրեցին դեռևս պետության թույլ աջակցության պայմաններում… այսինքն՝ սկզբում կամավորությունն էր ավելի մեծ դեր կատարում, մինչև այդ համակարգերը, պետական ինստիտուտները ձևավորվեցին: Իսկ հիմա ամեն օր տեղի ունեցող որևէ դեպք կարելի է որպես օրինակ բերել՝ ապացուցելով, որ պետությունը զլանում է, խուսափում է իր բուն պարտականությունների կատարումից: Այսօր քանդում են ամեն ինչ…
- Խնդիրը մնացել է նույնը, հիմա Արցախը քաշվել է, մտել միջնաբերդ, մնացել են միջնաբերդի վերջին պաշտպանները:
- Ինչո՞ւ են այս իշխանությունները, իշխանամերձ շրջանակները հայտարարում, թե մինչև 2018 թվականը պետություն չի եղել, ո՞րն է դրա նպատակը:
Սկզբում նման հայտարարություններից շատ էի զայրանում, օրինակներ էի բերում՝ ապացուցելու համար, որ կեղծում են պատմությունը, բայց հիմա արդեն պարզապես ծաղրական հայացքով ասում եմ՝ մի հատ ձե՛զ նայեք, ձե՛զ նայեք… դուք երբևէ միայնակ ինքներդ ձեզ հետ չե՞ք մնում, դուք չգիտե՞ք՝ այս երկրի հետ դուք ի՞նչ եք արել, թվերն ու իրականությունն է փաստում, միայն պատերազմը կանխել չկարողանալը, սանձազերծված պատերազմը կառավարել չկարողանալը բավարար հիմք է հակառակն ապացուցելու համար: Այդ մեղքերով նույնիսկ ապրել հնարավոր չէ, ուր մնաց՝ կառավարել: Ցանկացած իրեն հարգող իշխանություն, քաղաքական գործիչ, առաջնորդ, թեկուզև՝ թագավոր, պարանը կգցեր վիզը՝ կկախվեր:
- Այն, ինչ եղավ 2018-ին՝ դա մեծ ծրագիր էր, երբ նրանք եկան և սկսեցին ամեն ինչ ոչնչացնել, իրենցից առաջ եղածը քանդել, մենք ուշ գլխի ընկանք, թե ո՞րն էր դրա նպատակը, ինչո՞ւ էին այս իշխանություններն անընդհատ ասում, որ բանակ չկար, դրա համար պարտվեցինք, արտաքին քաղաքականություն, ԱԳՆ չկար՝ դրա համար ձախողեցինք բանակցությունները… այդ բոլորն արվում էր սպասվող աղետը հիմնավորելու, իրենց մեղքերը, այդ բոլոր ձախողումների մեղավորությունն ուրիշների վրա բարդելու համար: Այդ բոլորը սպասվող աղետը հիմնավորելու համար էր արվում:
- Այս իշխանության կառավարման ընթացքում էապես կորցրել ենք երկրի կառավարումը: Ոչ բոլոր հարցերում ենք մենք ինքնուրույն որոշումներ ընդունում, ագուցված ենք, ածանցված ենք անգամ հարևանների տրամադրություններից: Մեծացել է արտաքին ուժերի ներգործությունը, նվազել՝ Հայաստանի ինքնիշխանությունը:
- Մինչև 2018 թվականը հարևան երկրների որևէ առաջնորդ հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարների հասցեին վիրավորական արտահայտություններ իրենց թույլ չեն տվել: Նախկինում Հայաստանի ղեկավարներին ասել են ագրեսոր, տեռորիստ, օկուպանտ, բայց ոչ ոք մեզ ծաղրածու կամ հարբեցող չի անվանել, իսկ այսօր մեր երկիրը ներկայացնող անձին ծաղրում են, այսօր կյանքի օրենք է դարձել, որ մեր քաղաքացիներին առևանգեն, խոշտանգեն ու դատեն: Սա իրենց՝ ա՛յս իշխանությունների աշխատանքի արդյունքն է:
- Այս իշխանությունները տիրապետում են հանցագործ աշխարհի կանոններին, կամ էլ իրենց ուսուցիչներն են նման խրատներ տալիս՝ մարդկանց ոչնչացնելուց առաջ՝ նսեմացնել, անվանարկել, հեղինակազրկել: Ոչ ոք մեր երկրի, մեր պատմության մասին այդպես չի արտահայտվել, ինչպես արտահայտվում է մեր երկիրը ներկայացնող թիվ մեկ պատասխանատուն:
- Չի՛ կարելի լակոտություններով գործերն առաջ տանել, իշխանությունը պահպանել ամեն գնով, իսկ այդ գինը մեր երկրի արժանապատվությունն է, պաշտպանունակությունը:
- Մենք խնդիր ունենք, և այդ խնդիրը մեր ներսում է, ներսում պետք է լուծենք այդ խնդիրը:
- Արցախում կուտակվել են խնդիրները: Առաջիկայում Արցախում մահերի թիվը կտրուկ շատանալու է, ֆիզիկական հնարավորությունները սպառվում են, մոտենում է կոլապսի վիճակը, տնտեսություն գոյություն չունի:
- Ադրբեջանցիներն ասում են՝ եկեք Աղդամից սնունդ ստացեք, բայց չեն թողնում արտում գյուղացին ցորենը հավաքի. սա լկտիություն, ցինիզմ է կոչվում, որը շատ նման է Հայաստանի ղեկավարի ցինիզմին:
- Ադրբեջանցիները միջազգային հանրությանն ասում են, որ 30 տարի մեզ հետ նույն ձևով վարվում էին հայերը, իսկ միջազգային հանրությունը լռում էր, բայց աշխարհն այս ընթացքում չի լռել, զբաղվել է Արցախի հարցով: Ադրբեջանի այս բառակույտը ցույց է տալիս նրա թուլությունը:
- Փաշինյանն էլ Ալիևի նման ասում է՝ բա որ ինձ դատում էին… սա պետության անունից հանդես գալով՝ ոչ թե իրականացնում է պետության կառավարում, այլ վրեժ է լուծում նախկիններից, Ալիևն էլ է վրեժ լուծում մեզանից, երկուսն էլ նույն սկզբունքով են գործում:
- Խաղաղությունը դարձել է ծամոն, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը նույն երևույթի մասին տարբեր լեզուներով են խոսում:
- Այս մթնոլորտում ինչպե՞ս ենք գնալու խաղաղության, դա կապանք է լինելու, խաղաղության պարտադրանք:
- Ադրբեջանը 25 տարի բանակցությունների ընթացքում ասում էր՝ դուրս եկեք մեր տարածքից՝ խոսենք, հիմա մենք ինչո՞ւ նույնը չենք ասում Ալիևին:
- Այդ մարդու դիվականությունն այն է, որ լինելով վախկոտ մարդ՝ երբեք անուն չի տալիս, ասում է՝ նախկինները, և դա թույլ է տալիս ցանկացած պահի, ամեն ինչ բարդել ինչ-որ մեկի վրա, մանիպուլյացիա անել, այդպես Հիտլերն էր անում հրեաների հանդեպ՝ առանց անուններ տալու, անհասցե մեղադրանքներ հնչեցնելով ամբողջ ազգի նկատմամբ:
- Անընդհատ ասում են՝ նախկիններ, նախկիններ… Օրինակ, ես նախկին եմ ու կոռուպցիոներ չեմ եղել, Փաշինյանի թիմում իմ պես մաքուր մարդ չկա… դե, թող իրենց թիմից որևէ մեկն ինձ հետ համեմատվի: Մենք նվիրվել ենք Լեռնային Ղարաբաղը փրկելու գաղափարին, և դա հաջողվել էր, մնում էր միջազգային իրավական ուժ տրվեր՝ կարգավիճակի հարցը լուծվեր, մարդիկ այնտեղ ապրեին, բայց դու բերեցիր հասցրեցիր նրան, որ մարդիկ Արցախում սովամահ են լինում, հիմա՞ էլ են նախկինները մեղավոր: Մինչև ե՞րբ պիտի դու պատասխանատվությունից խուսափես, թե՞ քոնը միայն իրավունքն է, իսկ պատասխանատվությունը՝ ուրիշինը:
- Դրա համար եմ ասում՝ խնդիրը մեր մեջ է և ունի կոնկրետ անուն, այստեղ մեր ներսում պետք է լուծենք խնդիրը: Քանի դեռ այդ մարդը կա՝ նա այլասերելու է ամեն ինչ, կործանելու է:
- Այսօր արդարադատության համակարգն ամբողջովին ենթարկեցվում է գործադիր իշխանությանը. Դա հանցագործություն է Սահմանադրության նկատմամբ:
- Հայաստանում ոչնչացվում է դատական համակարգը՝ որպես իշխանության առանձին ճյուղ:
- Ապօրինությունների շղթան պետք է կտրել, հասարակությունը չի կարող ապրել գիլիոտինի հետ գրկախառնված, գիլիոտինը չի կարող լինել մեր կյանքի բաղադրիչը:
- Հայաստանում ոչնչացվում է դատական համակարգը՝ որպես իշխանության ճյուղ, իսկ դատական համակարգն այս հեղեղի մեջ ի՞նչ է անում, այսօր ամենապահանջվածը քննիչներն են, ինչպես 1937 թվականին: Մեծ տեռորն իրականացնելու համար դահիճներ են պետք: Հայաստանում ստեղծվել է քննիչների կաստա, նրանք ոչ միայն առանձնանում են սադիզմով, այլ նաև տգետ են:
- Քաղբանտարկյալների՝ Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի և այլոց հետապնդումների, քրեական շինծու գործերով տարբեր մարդկանց հետապնդումների մասին. մարդիկ արտադատական հետապնդումների են ենթարկվում, մարդկանց բարոյազրկում են, բարոյապես կոտրում, վարկաբեկում, սրանց համար չկա մարդ, արժանապատվություն, սրանց համար թիրախ և զոհ են դառնում հետապնդվողների մերձավորները, հարազատները, անգամ վարորդները, զրկում են նրանց հարազատների հետ շփումներից, մարդկանց խոշտանգում են… Մարդու պատիժն իրականացնում են մինչև դատավճիռ կայացնելը:
- Անհիմն ու երկար ժամանակով հետաձգում են դատական նիստերը, դատավճիռ չկա, բայց մարդկանց խոշտանգում են, կալանք են դնում մարդկանց հաշիվների վրա… Ստեղծում են ձեռնարկությունները սնանկացնելու միջավայր, ռեյդերություն, ինչպես Ռուսաստանում էր ժամանակին՝ захват, հասել են մարդկանց բիզնեսները ավազակային բռնազավթելու փուլին:
- 2022 թվականին Հայաստանից արտահանվել է 400 մլն դոլարի մշակված ադամանդ, հայտնի է, որ նման գումարի ադամանդ մշակելու համար 3-4 տարվա ամենօրյա քրտնաջան աշխատանք է պետք, պարզեք՝ այդ ի՞նչ ադամանդներ են, ովքե՞ր են մշակել, արդյո՞ք հնարավոր է Հայաստանում այդքան ադամանդ մշակել և արտահանել… դե թող բացահայտեն…
- ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից հետո պնդումներ հնչեցին, թե աշխարհն իմացավ, որ Արցախը պաշարման մեջ է գտնվում: Մինչև ԱԽ նիստը բոլոր երկրներին անհրաժեշտ տեղեկատվություն տրվել է Արտաքին գործերի նախարարության կողմից, իրենց գործն է՝ արել են, և այս պահին էլ անում է դիվանագիտական կորպուսը, այստեղ աննախադեպություն թող չփնտրեն:
- Կարևոր է, որ մենք դիմել ենք մի մարմնի՝ կանխելու ցեղասպանությունը, բայց շատ կարևոր է նաև, թե ՄԱԿ ԱԽ-ին ուղղված նամակում առկա խնդրանքից ի՞նչ արդյունք կունենան ՀՀ իշխանությունները:
- Ակնհայտ էր, որ մինչև ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ գնալն աշխատանք չի կատարվել ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ:
- Այսօր Արցախի ժողովուրդը կրում է այս զոհողությունները, քանի որ Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը շրջանցում են, դա չի կատարվում, և ադրբեջանցիները սկսել են սառեցնել իրենց պարտավորությունները Լաչինում:
- Նիկոլ Փաշինյանը բանավոր հայտարարությամբ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառելով, բայց ճանաչելը միայն խոսք է՝ կասկածելի իրավազորություն ունեցող անձի կողմից, Հայաստանի վարչապետը նման բան ասելու իրավազորություն չունի, դեռ շատ ջուր կհոսի, դեռ իրավական պրոցեդուրաները չեն սկսել, դա քաղաքական հայտարարություն էր, բայց իրավական ձևակերպում չկա: Պետք է դա կասեցնել, թույլ չտալ նրան որևէ փաստաթուղթ ստորագրել:
- Մենք՝ Հայաստանը, թուլացած վիճակում ենք, իսկ այս պայմաններում կորցնել ռազմական դաշնակցին՝ խելագարություն է, թեև այդ դաշնակցի ոչ բոլոր գործողություններն են մեզ բավարարում:
- Մենք վանում ենք մեր դաշնակիցներին ու նոր դաշնակից չենք փնտրում, մեզ ուժ է պետք՝ դաշնակիցներին պահպանելով ու նրանց հետ հարաբերությունները սերտացնելով՝ ոչ միայն բանակն ուժեղացնել, այլ նաև տնտեսությունը զարգացնել:
- Խելք, շրջահայացություն, ծով համբերություն է պետք, որպեսզի թեժ բախման մթնոլորտում Հայաստանը չդառնա աշխարհաքաղաքական նոր բախման թատերաբեմ:
- ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում վերահսկողությունը Ռուսաստանից վերցնելն ու Թուրքիային հանձնելն է:
- Եթե այդպես շարունակվի՝ հաջորդ ԱԺ-ում թուրքական ֆրակցիա կունենանք, ինչպես հիմա Բուլղարիայում կա:
- Ռուսաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ այնպիսի գործարքների մեջ է, որ նրանց շահերն ավելի մոտ են, քան Ռուսաստանինն ու Հայաստանինը, դրա համար ռուսներն առաջարկեցին Արցախի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգել: Այդ պահին նրանք միայն դա կարող էին առաջարկել:
- Կանաչի ծախողներն էլ գիտեն, որ Ադրբեջանն այդքան գազ չունի, որ Եվրոպային տա, կարելի է ենթադրել, թե որտեղից է այդ գազը վերցնում ու տեղափոխում:
- Արցախում աղետի խորացումը բերելու է Երևանում մեծ ցնցումների:
- Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հետևանքների կառավարություն է, զուլումը գալիս է, նոր փորձում են մտածել:
- Սրանք չկարողացան կանխել պատերազմը, սրանք պարտություն բերեցին:
- Աշխարհի ոչ մի երկրում ընդդիմությունը պատերազմ չի բերել, պատերազմ բերում են, կանխում են, կառավարում են իշխանությունները, թող հեքիաթ չպատմեն ու ընդդիմությանը չմեղադրեն:
Մանրամասները՝ տեսանյութում: