«Իշխանությունը պիտի հասկանա ու հրաժարական տա… անընդհատ պարտվում ու պարտվում են, բայց կանգ չեն առնում». Գուրգեն Խանջյան
Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի խոսքով՝ որպես ՀՀ քաղաքացի, ինքը Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տվել, որ Արցախն ընդգրկի Ադրբեջանի կազմում։
«Ես ինչպե՞ս կարող էի նման իրավունք տալ, երբ ինքս անցել եմ 90-ականների միջով, երեք տարի բռունցքս տնկած՝ Օպերայի հրապարակում առավոտից իրիկուն գոռացել ենք՝ «Արցախ»։
Ինձ թվում է, հերթականությունը սխալ ասացիք, սկզբում ինքն արել է հայտարարությունը, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, հետո է սկսվել Արցախի շրջափակումը։ Այսինքն՝ ինքը պարզապես Ադրբեջանին ավելի մեծ հնարավորություն տվեց Արցախի դեմ գործելու, դե, եթե դու ճանաչում ես Ադրբեջանի կազմում, իմ երկիրն է, արդեն վերաբերմունքը փոխվում է, այլ կերպ է։ Մինչ այդ Ալիևն այդ ռիսկը չէր անում, չնայած իրեն էլի լկտի էր պահում։ Բայց ես չեմ կարող հասկանալ, թե ինչպե՞ս Փաշինյանը կարող է Արցախը ճանաչել ինչ-որ երկրի կազմում, ի՞նքն է որոշում այդ բաներն այս երկրում, ինքն ընդամենը երկրի վարչապետ է, ֆունկցիոներ, մի ինչ-որ պաշտոնավարող։ Ո՞վ պիտի որոշի, ժողովուրդը պիտի որոշի, էլիտան պիտի որոշի, ինքն ո՞ւմ է հարցրել։ Ինքն ինչ ուզում է ասի, ի վերջո, դա պիտի հաստատվի Խորհրդարանով, կամ ինչ-որ կերպ, հո իր ասելով ու ստորագրելով չէ՞, է, ինքը կարող է գնա եսիմ ինչ ստորագրի, դրան կարգ կա, կանոն կա։
Ժողովուրդն այնքան՝ անտարբեր ասեմ, անտարբեր չէ, այս ամենը զգում է, բայց տեղից վեր չի կենում, քնած է, իրենց տներում մտած այդ սարքի մեջ, բայց այստեղ արդեն գործողություն է պետք, արդեն տեղից վեր կենալ է պետք»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ նշեց դրամատուրգը՝ խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի և դրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, որ ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում։
Ըստ Գուրգեն Խանջյանի, չի կարելի այդքան իրավունք տալ մարդկանց, որոնք, ինչպես պարզվեց, գոնե իր համար՝ ո՛չ սիրում են իրենց երկիրը, ո՛չ գնահատում, ո՛չ իրենց հերոսներին, ո՛չ անցյալը և առհասարակ ոչ մի բան։ Աշխարհի քաղաքացի են՝ լավ լինի, լավ ապրենք, բենզին ու հաց լինի, փող լինի՝ բավարար է, բայց սա իրենց ու իրենց խմբակի գաղափարախոսությունն է, եթե կարելի է դա գաղափարախոսություն անվանել։
«Եթե մենք տեղից վեր չենք կենում ու չենք ընդդիմանում, երևի թե իրավունք ունեն այդպես վարվելու։ Ես սա ասում եմ, որ բոլորը հասկանան, որ վեր կենալու պահը նույնիսկ անցել է։ Իսկ ի՞նչ պիտի անենք, ես քաղաքացիական պատերազմի կամ արյունահեղության չեմ հրահրում, այլ պարզապես իշխանափոխության, այստեղ իշխանափոխության խնդիր է։ Սա ինքնանպատակ չէ, դա անհրաժեշտություն է։ Իշխանափոխությամբ մենք ժամանակ ենք շահում, կարող ենք ազգային-հայրենասեր ու ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը հասարակությանը կնախապատրաստի հետագա ընտրություններին, և ամենակարևորը՝ հաշտեցման կբերի այս տրոհված հասարակությանը, այն, ինչը շատ հաջող արեցին, չգիտեմ՝ մտածվա՞ծ, թե՞ իրենց կամակորությամբ, մանկական, թշնամական՝ արդեն դա կարևոր չէ, որ արել են, լավ չի, վնաս է մեր երկրին։
Նախ կուզեի, որ իշխանությունն ինքը հասկանա, որ այլևս չի կարող, 2021 թվականի ընտրություններից առաջ խելացի մարդիկ դա ասել էին։ Ֆոկուսներ չեն լինում, այդպես կա, այդպես ճշմարիտ է՝ պարտված իշխանությունը երբեք չի կարող տանել հաղթանակների կամ գոնե մի լավ վիճակի։
Ասում-ասում էինք, բայց ժողովուրդը կրկին գնաց ընտրեց կամ չընտրեց՝ սարքեցին, սա չեմ ուզում պնդել, քանի որ փաստեր չունեմ, բայց փաստն այն է, որ իրենք ընտրվեցին։ Եվ այդպես էլ եղավ, պարտությունների շարանը կանգ չի առնում անընդհատ, դրա վերջը չի երևում»,- հավելեց Գ. Խանջյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ընտրություններում 680.000 ձայն ստացած Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հանդես գալ ամբողջ ժողովրդի անունից, առավել ևս, որ իրեն ընտրողներին բաներ էր խոստացել, որոնց մեջ չկար Արցախի հանձնում, Գորիս-Կապան ճանապարհի հանձնում ու ինչ-որ հողեր հանձնել, նման բաներ չկար, հակառակ դեպքում՝ գուցե ժողովուրդը դրան չհամաձայներ։
«Դեօկուպացիա-բան, հերոսական կերպարով այդպիսի բաներ էր խոստանում մուրճը ձեռքին, բայց այդ բոլորը, պարզ էր, որ չի անելու, իրեն ընդամենը պետք էր մնալ իշխանության։ Իսկ մեր ժողովուրդն այնպես հեշտ է խաբվում, տեխնոլոգիաներն էլ այնքան հմտացած են հիմա ամբողջ աշխարհում, փորձություն անցած տեխնոլոգիաներ են, և իրենք էլ լավ օգտագործում են, թույլ տեղերը գիտեն։ Ես չգիտեմ՝ դա իրենց համար ի՞նչ հաղթանակ է, ո՞ւմ են իրենք հաղթել, ընտրություններում հաղթել են, բայց ո՞ւմ են հաղթել՝ հայ ժողովրդի՞ն, մեր պատմությա՞նը, Արցախի՞ն։ Եթե այդ նպատակով են եկել՝ երկիրը կործանելու, ապա իրենք շատ հաջողությամբ կատարում են իրենց վրա դրված ծրագիրը և հենց առաջին օրից։ Երբ նրանք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, գեներալին, այն էլ՝ հերոսական գեներալին, բերեցին այստեղ դատելու, ծիծաղելի է նույնիսկ, թե ով է ում դատում և, ի վերջո, դատեցի՞ն, չդատեցին, չէ՞, ուրեմն այդ քայլն ինչի՞ համար էր։
Պարզ էր դառնում, թե իրենք ինչ նպատակով են եկել։ Ուրեմն եկած-չեկած այս փոքր երկրում, այս փխրուն իրավիճակում իրենք այստեղ արդեն բախում էին երկու մեծ ուժեր՝ Ռուսաստան-Արևմուտք։ Ու դա անում են մարդիկ, որոնք ոչ դիվանագիտության փորձ ունեն, ոչ երկիր կառավարելու փորձ ունեն, այստեղից ու այնտեղից հավաքած մարդիկ, ով էր իրենց համոզել, որ իրենք կարող են այս դժվարին իրավիճակում գտնվող երկիրը կառավարել, իշխանություն լինել, դա ո՞վ էր իրենց համոզել, դա ի՞նչ մեծամտություն էր, անհասկանալի է, ու կանգ չեն առնում, անընդհատ պարտվում ու պարտվում են, բայց կանգ չեն առնում։
Իհարկե, պատրանքային է, բայց ուզում եմ մի վերջին անգամ ասել, հենց իշխանությունը սա պիտի հասկանա ու հրաժարական տա։ Չգիտեմ, մեկը վախենում է, որ վարկեր է վերցրել, աշխատանքը կկորցնի… կփակենք այդ վարկերը մեր եղած փողերով, բյուջեով, հարկերից, կփակենք, թող հանգստանան այդ մարդիկ: Տեսեք՝ ոստիկաններին ինչ արեցին, պիտի փող տան, որ իրենց պաշտպանեն, գովաբանեն, ամեն ինչ անում են փողով, կոպիտ բառ եմ օգտագործում, բայց այս դարը վերջնականապես «կզել» է փողի առջև։
Իր վերջին ելույթից, դա պարզ երևում էր, ուղղակի պոռթկում էր բադրիջանի պատմությունը, նայում ես՝ մե՛կ ծիծաղդ, մե՛կ լացդ է գալիս։ Ղեկավար մարդը ծանրակշիռ մեկը պետք է լինի, բայց նստել բադրիջանից է խոսում այն մարդկանց հետ, ովքեր կրակի տակ են, թե՝ փող ենք տվել, բադրիջան ցանեք»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նրա բնորոշմամբ՝ այսօր հայ հասարակությունը վերածվել է համացանցում հայհոյող հասարակության։
«Հույսս այն է, որ վերջին պահին ժողովուրդն ուշքի կգա ու ոտքի կկանգնի, բայց շարժող հաստատ պետք է, հատվածական այստեղ ու այնտեղ հաստատ չի լինի, հավաքող է պետք»,- ընդգծեց Գուրգեն Խանջյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում