Հայաստանին՝ բանտից, կամ Հայաստանը՝ բանտում
Կայացած պետությունների ու հասարակությունների արժեհամակարգում, ի թիվս բազմաթիվ քննարկելի, մեկնաբանելի, անգամ վիճելի արժեքների, այդուհանդերձ կան առնվազն մի քանի հիմնարար, առանցքային հասկացություններ, որոնք որևէ վերապահության չեն ենթարկվում: Տարբեր հասարակություններում դրանք կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, սակայն ընդհանուր առմամբ հանգում են առնվազն հայրենիքի, պետության, պետականության, անկախության, ինքնիշխանության, ինքնության հասկացությունների անվերապահությանը:
Նորմալ հասարակություններում կարող են բանավեճեր ծավալվել դրանք պահպանելու միջոցների, ճանապարհների շուրջ, բայց որևէ մեկը բարձրաձայն չի համարձակվի վերապահումներ հայտնել, ասենք, հայրենիքի ընկալման ճշմարտացիության, պետության լինելիության, ինքնիշխանության կարելիության մասին:
Հայաստանում ճիշտ հակառակ պատկերն է: Ամենաբարձր՝ երկրի ղեկավարի մակարդակով պատեհ, անպատեհ առիթներով կասկածներ, վերապահումներ են հնչում վերը նշված բոլոր հասկացությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի սիրելի թեմաներից մեկը դարձել է պետություն-հայրենիք հակադրությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը նա իջեցրել է «կադաստրի վկայականի մակարդակի», հայկական ինքնության ավանդական բաղադրիչները (Արարատ, պատմական հիշողություն, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման նպատակադրում և այլն) նա վերածել է հեգնանքի առարկայի: Լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանը վերապահ, քննարկելի, կասկածելի, փոփոխելի է դարձրել մեր պետական ու հանրային արժեհամակարգի այն բաղադրիչները, որոնք միայն անվերապահ լինելու պարագայում կարող են ապահովել պետության լինելիությունն ու զարգացումը: Խնդիրը, սակայն, միայն արժեհամակարգի խեղաթյուրման՝ իշխանության հետևողական ու մեթոդական քաղաքականությունը չէ:
Ավելի մտահոգիչ է այն, որ ընդհանրության մեջ մեր հասարակության զգալի մասը ևս անքննելի համարվող արժեքներին վերաբերվում է ամենատարբեր վերապահումներով: Հայրենիքը շատերի համար կարևոր է միայն կենացների պարագայում, բայց կարող է հեշտությամբ փոփոխվել, եթե կյանքի համար ավելի հարմարավետ պայմաններ ի հայտ գան:
Արցախը ժամանակին բոլորի համար անվերապահ արժեք էր, հայկական երկրորդ պետություն, բայց «նախկինների թալանի մասին» առաջին իսկ մանտրան կարող է շատերին ստիպել մտածել, որ կարելի է ապրել նաև առանց Արցախի: Նախկինում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորագույն ձեռքբերում համարողներից շատերի համար դրա նշանակությունը զրոյանում է թուրքական առաջին իսկ էժան ապրանքի մասին հայտարարությունը կարդալիս:
Վերապահումների նույն մեխանիզմը գործում է նաև անկախության, ինքնիշխանության, հայկական ինքնության կարևորագույն արժեքների դեպքում: Իհարկե, բացառելի չէ, ավելին՝ խիստ հավանական է, որ հանրային մտածողության մեջ անվերապահ արժեքները հեշտորեն վերապահության ենթարկելու այս արատավոր պրակտիկան հենց իշխանական քարոզչության հետևանքն է, թեև ճշմարիտ է նաև պնդումը, որ համապատասխան ներքին դիմադրողականություն ունեցող հասարակությունը պարտավոր էր չտրվել այդ քարոզչությանը:
Հեշտորեն մանիպուլացվող ու ամեն ինչի վերապահումներով մոտեցող հանրային մտածողությունն ու հոգեբանությունը Նիկոլ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է, ի թիվս այլ կործանարար քայլերի, «խաղաղության դարաշրջանի» հաստատման համար: Ամեն ինչի հանդեպ վերապահում ունեցող հասարակությունը կհաշտվի ոչ միայն Արցախի, այլ նաև «անկլավների» հանձնմանը, որովհետև կուլ կտա «հարմարավետ այլընտրանքային ճանապարհներով» երթևեկելու քարոզչական խայծը: Նույն կերպ կհամակերպվի, եթե Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական ծրագրին համաձայնի, սակայն այն ներկայացվի՝ որպես «Զանգեզուրի միջազգային տնտեսական հաղորդուղիների ցանցային համակարգի աորտա»:
Անքննելի արժեքները վերապահ դարձնելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերջնարդյունքը կարող է դառնալ հանգրվանը, որում հայկական պետությունը կարող է գոյություն ունենալ՝ վերապահումով, որ այն կլինի, օրինակ, թուրքական վիլայեթի կամ ռուսական գուբերնիայի կարգավիճակով:
Այդ սպառնալիքը Հայաստանի գլխին կանգնած է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հայ հասարակությունը հավաքականորեն չի ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանին պատրաստ է հանդուրժել, վերապահումով, որ նա կգտնվի շատ որոշակի պայմաններ ունեցող հաստատությունում՝ բանտախցում: Գլոբալ առումով հասարակությունը հիմա պետք է ընտրություն կատարի արդեն անխուսափելի դարձող երկընտրանքում՝ կամ Հայաստանը կհայտնվի որևէ երկրի (թուրքական, արևմտյան, ռուսական) ազդեցության տիրույթում գտնվող բանտում, կամ Հայաստանին բանտի վերապահ պատուհանից կնայի երկիրն այդ ճակատագրին դատապարտողը:
Հարություն Ավետիսյան