Այսօր պետությունն ապօրինաբար զավթված է մեկ խմբավորման կողմից, ՔՊ-ն գրավել է բոլոր, անգամ ապակուսակցական պաշտոնները․ Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը սկսվել է ընդամենը քսան հոգուց, մենք հավաքվել, քննարկել ու արձանագրել ենք, որ օրենքը մեզ հանրաքվեի հնարավորություն է տալիս, որից նախկինում ոչ ոք չի օգտվել։ Երբ մենք որոշեցինք, որ պետք է օգտվել օրենքի այս հնարավորությունից, այդ պահին այս ամենը ֆանտաստիկայի ժանրից էր թվում, և ներքին վստահությունը շատ ավելի ցածր էր, քան հիմա, երբ մենք հասել ենք առաջին հանգրվանին։ Հետո ձևավորեցինք 66 հոգանոց նախաձեռնող խումբը, ընդ որում՝ բավական մեծ սպեկտրի, այնտեղ կան մշակույթի գործիչներ, հանրային դեմքեր, տարբեր շարժումների ակտիվիստներ, նաև ոչ այնքան հայտնի դեմքեր, որոնք նախկինում որևէ ակտիվ գործողության չեն մասնակցել, բայց եկան ու միացան «Հայաքվեին»։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Նախաձեռնող խմբի ձևավորումից և դիմումի՝ նոտարական վավերացումից հետո մինչև ԿԸՀ դիմելը տևել է մոտ մեկ ամիս, մինչ մենք որոշում ենք ընդունել։ Այդ ընթացքում մենք շփվել ենք քաղաքացիների, մեր աջակիցների հետ՝ հասկանալու՝ որքանո՞վ կա հանրային պահանջ «Հայաքվեի» օրենսդրական նախագծի համար։ Երբ սկսեցինք զգալ, որ այդ պահանջն այնուամենայնիվ կա, դիմեցինք ԿԸՀ։ Հանձնաժողովի՝ նախաձեռնությունը գրանցելուց և ստորագրահավաքի թույլտվությունը տալուց հետո մենք ևս երկու շաբաթ չարչարվում էինք՝ սկսելու գործընթացը։ Իշխանությունը դիմադրում էր մեր նախաձեռնությանն ապօրինի միջոցներով՝ կեղծիքով, խաբեությամբ։ Երևանի քաղաքապետարանը դա գցում էր վարչական շրջանների վրա, և հակառակը, մինչև կարողացանք հաղթահարել այդ դիմադրությունը»,- ասաց հասարակական գործիչը:
«Ստորագրահավաքը սկսեցինք հունիսի 29-ին, թեև պիտի սկսեինք հունիսի 21-ին, փաստորեն՝ մեզնից մեկ շաբաթ գողացվեց։ Այն, որ մենք քաղաքացիների անհրաժեշտ աջակցության նվազագույն շեմը, այն է՝ 50 հազար քաղաքացու, կարողացանք հաղթահարել ընդամենը չորս շաբաթում, այն դեպքում, երբ ունեինք ութ շաբաթ, ինքնին շատ խոսուն նվաճում է։ Դա նշանակում է, որ «Հայաքվեն» դարձավ համապետական և համաժողովրդական երևույթ և գործընթաց։ Սկսվելով Երևանից, Գյումրուց և Վանաձորից՝ չորս շաբաթում այն տարածվեց հանրապետության ամբողջ տարածքում՝ բոլոր համայնքներում։ Համայնքների ավելի քան 90 տոկոսում ստորագրահավաք ենք իրականացրել, ընդ որում՝ համայնքների մի մասում ոչ միայն համայնքային կենտրոններում, այլև առանձին բնակավայրերում»,- նշեց Ավետիք Չալաբյանը:
Հասարակական գործչի կարծիքով՝ «Հայաքվեի» աշխարհագրությունն արագորեն ընդլայնվեց, քանի որ շատ համայնքներում տեղից առաջացան նախաձեռնող խմբեր, որոնք կապվեցին կազմակերպիչների հետ և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ օժանդակելու և տեղում կազմակերպելու ստորագրահավաքը:
«Գործընթացն այնպիսի ոգևորություն առաջացրեց, որ մարդիկ տեղերից սկսեցին մեզ դիմել, ասել, որ հենց իրենք կհամակարգեն, բազմաթիվ համայնքներում այդպես ենք աշխատել։ Սա մեր ժողովրդի հավաքական և վճռական կարծիքի արտահայտությունն էր, որը տեղի ունեցավ Սահմանադրության և օրենքների շրջանակում և ունի կարևոր իրավական հետևանք՝ այն օրինագիծը, որը պետք է ներկայացվի ԱԺ։ Եթե մեր երկիրն իսկապես լիներ իրավական, ժողովրդավարական պետություն, եթե ԿԸՀ նախագահի պես պաշտոններն զբաղեցնեին իսկապես չեզոք և ապակուսակցական մարդիկ, որոնք առաջնորդվում են Սահմանադրության և օրենքների պահանջներով, կարելի էր վստահ լինել, որ մեր նախաձեռնությանը չեն խոչընդոտի, բայց դա այդպես չէ»,-ասաց Ավետիք Չալաբյանը:
«Այսօր պետությունը զավթված է առանձին վերցրած մի խմբավորման կողմից։ Բազմաթիվ պաշտոններ, որոնք ըստ սահմանադրության՝ պետք է զբաղեցնեն կուսակցական պայքարից վեր կանգնած և չեզոք մարդիկ, իրականում գրավված են ՔՊ-ի կողմից։ Մասնավորապես, և՛ ՀՀ նախագահի, և՛ ԿԸՀ նախագահի, և՛ գլխավոր դատախազի, և՛ ՄԻՊ-ի, և՛ ՍԴ դատավորների զգալի մասի պաշտոնները զավթված են։ Տեղի է ունեցել պետության ապօրինի զավթում մեկ խմբավորման կողմից։ Բնականաբար, այդ խմբավորումը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է խոչընդոտել «Հայաքվեին», ինչին մենք ականատես եղանք»,- ամփոփեց Ավետիք Չալաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: