Նիկոլը ժողովրդի դեմ ոստիկանական ուժեր կհանի, բայց արդյո՞ք կկարողանա իշխանությունը պահել. Աղասի Ենոքյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Աղասի Ենոքյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Տպավորություն ստացա, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում 2-3 թեմաների մասին էր խոսքը․ առաջինն այն էր, որ հրաժարվում է Արցախի խնդրից, հրաժարվելուց հետո Հայաստանի համար չկան անվտանգային երաշխիքներ, և երրորդը՝ ատելության սերմանում արցախցիների նկատմամբ։
- Անցած 30 տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ Արցախն ու Հայաստանը լուրջ համագործակցել են, զարգացել են ու ապրել համեմատաբար անվտանգ ու բարեկեցիկ։
- Նիկոլ Փաշինյանն այս ամեն ինչն ասուլիսում շուռ տվեց, որ ոչ թե դա իրենից է գալիս, այլ համաշխարհային քաղաքականության տրամաբանությունն է, դա համաշխարհային գործընթացներն են, որ Հայաստանը միշտ էլ չի կարողացել իր անվտանգությունն ապահովել, որ Արցախը միշտ էլ չի կարողացել լինել անկախ: Ցույց տալ, թե Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում ինքը չէ մեղավոր, այլ համաշխարհային քաղաքականության տրամաբանությունն է, առնվազն կեղծիք է: Բայց, ներողություն, ինչի՞ մինչև քո գալն այդպես չէր։ Փաշինյանը փորձում է շուռ տալ ու մեղքը գցել տարբեր գործոնների վրա։
- Եթե Մինսկի խմբի համանախագահ երկրներն Արցախը ճանաչել էին՝ որպես Ադրբեջանի մաս, ինչպես հիմա հայտարարում է Նիկոլը, այդ դեպքում ինչի՞ մասին էին համանախագահող երկրները տարիներ շարունակ բանակցում։ Նիկոլ Փաշինյանը սուտ է ասում կամ չի հասկանում։ Սուտ ասելը քիչ է ասված. սա դավաճանություն է։
- Իրենից առաջ եղել են Հայաստանի ղեկավարներ, ովքեր համարել են, որ իրենք ոչ միայն Հայաստանի ղեկավարներն են, այլև լուրջ պարտավորություններ ունեն Արցախի նկատմամբ։ Նիկոլը եկել է հայտարարելու՝ ես ձեռ եմ քաշում Արցախից․սա սարսափելի բան է։ Միևնույն ժամանակ նա ասում է, որ չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։
- Եթե Նիկոլը մինչև հիմա չի հասկացել, որ առանց Արցախի՝ Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել, ուրեմն նա չի կարող հետ գնալ ու անգամ թերթի խմբագիր աշխատել։
- Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Թայվանը, Կորեան ապրել են կոնֆրոնտացիոն մոդելում, ու դա չի խանգարել, որ այդ երկրները զարգանան։ Հիմարություն է ասել, որ երկրները չեն կարող ապրել կոնֆրոնտացիոն մոդելում։
- Բավականին վրդովեցուցիչ էր բադրիջանի հետ կապված բեմադրած (ֆեյսբուքում՝ Աննա Հակոբյանի կողմից բեմադրված,- խմբ.) պատմությունը, որի արդյունքում հիստերիաներ սարքեց Նիկոլն իր ասուլիսում։
- Այն վիճակում, երբ Արցախում մարդիկ կիսասոված վիճակում են, մարդն իրավունք չունի ճաշ եփելու պրոցես տեղադրել, այն էլ, երբ այդ մարդու մարդն ասել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Սա անբարոյականություն է։ Բադրիջանի վրա մեկ էլ սարքվեց, որ Հայաստանն անընդհատ օգնում է Արցախին, իսկ մարդիկ Արցախում չեն կարողանում բանջարեղեն աճեցնել։ Այդ նույն բադրիջանի վրա գնաց կոռուպցիայի թեման…
- Բնական է, եթե ՔՊ-ականները քաղաքականությամբ չեն կարող զբաղվել, պետք է զբաղվեն թալանով, քանի որ եկել-հասել են բարձր պաշտոնների։
- Նիկոլ Փաշինյանի անշնորհք մենեջմենթի պատճառով Ադրբեջանը գրավել է մեր երկրի տարածքները։
- Կարծում եմ՝ «Խաղաղության պայմանագրի» մեջ ռուս խաղաղապահների մասին խոսք գնալու է, որովհետև եթե չգնա, դա կնշանակի, որ ռուս խաղաղապահները դուրս են գալու։
- Դելիմիտացիան և դեմարկացիան «Խաղաղության պայմանագրի» խնդիր չեն․ դրանք տեխնիկական խնդիրներ են։
- Սկսած Նիկոլի իշխանության գալուց մինչև այսօր, նրա արած բոլոր քաղաքական քայլերը՝ սկսած բանակը կազմալուծելուց, Հայաստանի դեմ ուղղված քայլեր են։
- Ժամանակին, երբ Նիկոլը բանտում էր, մեկից հեռախոս էր վերցրել, զանգել, հետո այդ մարդու վրա «դանոս էր» գրել, որ նա հեռախոս ունի։ «Դանոսը» հենց դա է։ Էդ մարդուն, ումից հեռախոս էր վերցրել, դատեցին։
- Օմարի լեռնանցքն իբր հանձնելու մասին գրած նյութից հետո Վազգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից պատասխան պահանջեց այդ ձևով (Վազգեն Սարգսյանն այդ այլանդակ ստի համար ծեծի էր ենթարկել Նիկոլ Փաշինյանին.- խմբ.)։ Հետո լրատվամիջոցի, Փաշինյանի կողմից այդ հրապարակման համար հերքում տպագրվեց։
- Անեթեթություն է մտածել, որ Բաքուն և Ստեփանակերտը կարող են երկխոսել։ Դա երկխոսություն չի լինելու, լինելու է պայմանների թելադրում Բաքվի կողմից, որը Ստեփանակերտն ուզի-չուզի, կատարելու է։
- Ի՞նչ է նշանակում՝ «Աղդամով ճանապարհի հարց չեմ քննարկել» Շառլ Միշելի հետ։ Քննարկեիր։ Դու էնտեղ նստած ես եղել, այդ մարդը՝ Շառլ Միշելը, նման բան է ասել։ Բա ասեիր՝ էս ի՞նչ ես խոսում, ա՛յ մարդ։
- Հասկանալու համար, որ եթե Ադրբեջանը թույլ չտա հումանիտար բեռների մուտքը Արցախ, ուրեմն դա էթնիկ զտման, ցեղասպանության նկրտում է, պետք էր 19 բեռնատա՞ր ուղարկել Կոռնիձոր։
- Ադրբեջանը Լաչինի միջանցքը չի բացելու, եթե նրան չճնշես։ Եվրոպացիները միգուցե Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ ունեն, բայց համարում են, որ դա ռուսների խնդիրն է։ Ես կարծում եմ՝ ռուսները պետք է բացեն միջանցքը։ Ռուսների հետ աշխատելու համար, սակայն, գնդակը Հայաստանի իշխանությունների դաշտում է։ Մինչև հիմա Հայաստանի իշխանությունների կողմից կոնկրետ քայլեր չենք տեսել։
- Իհարկե, և Ալիևի, և Փաշինյանի մոտ կա ռուսներին վարկաբեկելու նպատակ։
- Թե ինչ է լինելու, երբ ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, ոչ ոք չի պատկերացնում։ Ես չգիտեմ՝ դուրս կգա՞ն ռուսները, թե՞ ոչ։ Եթե Ռուսաստանում ստեղծվի իրավիճակ, որ ռուսական զորքերը ստիպված դուրս գան տարածաշրջանից, այս իրավիճակի պայմաններում դա աղետ է լինելու։
- Պետք է փորձել գտնել ալտերնատիվներ։ Դրա համար պետք է դիվանագիտություն։ Երբ ռուսները տեսնեն, որ իրենց լինելուն այլընտրանք կա, ավելի զգոն կլինեն։
- Ռուսները տարածաշրջան մտան ոչ թե խաղաղապահի, այլ խաղաղարարի կարգավիճակով։ Նրանք մտան խաղաղություն հաստատելու, ոչ թե հաստատված խաղաղությունը պահպանելու համար։
- Ես տեսնում եմ, որ Արևմուտքը փորձում է հնարավորինս մեղմ ձևակերպել Արցախի ինքնորոշման հարցը։
- Ռուս-թուրքական հարաբերությունների փոփոխությունը տարածաշրջանում ստեղծել է բավականին հեղհեղուկ քաղաքական իրավիճակ։ Եթե կարողանանք, պետք է փորձենք պղտոր ջրում ձուկ որսալ, եթե ոչ, պետք է խելոք նստենք ու սպասենք՝ ինչ է լինելու։
- Ռուսաստանը, իհարկե, չի փլվի, բայց ռուս-ուկրաինական պատերազմը նրան դրել է պատային, քաղաքական շատ ծանր իրավիճակում։ Ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ուկրաինայի հաղթանակի մասին հնարավոր չէ խոսել։
- Արևմուտքն ուզում է, որ Ռուսաստանը թուլանա, բայց չի ուզում, որ Ուկրաինան հաղթի։
- ԱՄՆ-ը հակաիմպերիալիստական իմպերիա է։ Նա չի ուզում, որ իրենից բացի՝ այլ իմպերիաներ լինեն։ Դրա համար ԱՄՆ-ը Թուրքիային չի դիտարկի որպես տարածաշրջանում Ռուսաստանին փոխարինող, եթե Ռուսաստանին, իհարկե, հաջողվի հանել ռեգիոնից։ Երկար ժամանակ Թուրքիային անվտանգային մանդատ էր տրված, բայց տեսան, թե դա ինչով ավարտվեց։ Արևմուտքը տեսնում է, որ հենց Թուրքիայի թևերն արձակում ես, նրա մոտ սկսում են արթնանալ պանթուրքիստական, պանթուրանական մղումները։
- Կոսովոյի մոդելն Արցախի պարագայում կիրառելի չէ, որովհետև Կոսովոն այլ քաղաքական կշիռ ունի, գտնվում է այլ տարածաշրջանում։ Արցախի հետ հնարավոր չէ համեմատել։
- Չպետք է հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումից, որովհետև դրանից հրաժարվելը հարված է ոչ այնքան Արցախի, որքան Հայաստանի դեմ։
- Ինչքան էլ Նիկոլն իր վրայից գցի Արցախի հարցը, Հայաստանը իրավիճակը հանգուցալուծելու համար քայլեր պետք է ձեռնարկի․ արցախցիներն անվտանգության այլ երաշխավոր չունեն։
- Ես չեմ պատկերացնում՝ ինչպես է Հայաստանն իր անվտանգությունը ապահովելու առանց Արցախի։ Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ չի սկսի, բայց կտոր-կտոր, գյուղ առ գյուղ կվերցնի Հայաստանի տարածքները։
- Չեմ կարծում, թե վերաբնակեցումների հարցերը կլուծվեն բանակցությունների միջոցով ու բարձրաձայն։ Հնարավոր չէ, որ ադրբեջանցիներն ու հայերը հիմա խաղաղ համակեցությամբ ապրեն։ Եթե որևէ մեկը մտածում է, որ դա հնարավոր է, թող բացի ադրբեջանական լրատվամիջոցներն ու տեսնի՝ ինչ ատելություն է սփռվում հայերի նկատմամբ։ Վերաբնակեցման անվան տակ ադրբեջանցիներն այլ հարց են ուզում լուծել։
- Ընդդիմությունը, ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ հիմա պետք է լուծի մեկ խնդիր՝ Նիկոլին իշխանությունից հեռացնի։ Ցավոք, ես տեսնում եմ, որ ընդդիմությունն ուզում է ինչ-որ քաղաքական ուժի իշխանության բերել։ Բայց դա պետք է հետո անել։ Դա շատ կարևոր է, բայց դրան պետք է անդրադառնալ Նիկոլին իշխանությունից հեռացնելուց հետո։
- Հայաստանում քաղաքացիական պատերազմի մասին խոսք լինել չի կարող։ Երկրում կարող է քաոս լինել, բայց հիմա Նիկոլ Փաշինյանն իր իշխանության համար ներքին ուժերից վտանգ չի տեսնում։
- Ես չեմ բացառում, որ կարող է կրկնվել Նիկոլի սցենարը, երբ անհասկանալի մեկին 2 շաբաթում բերեցին, դարձրեցին ազգի լիդեր։ Միևնույն ժամանակ ես տեսնում եմ, որ ժողովրդի կողմից մեծ դժգոհություն կա։ Առաջնորդության խնդիր ունենք՝ անհատի թե խմբի, էական չէ։ Պետք է լինի որևէ ուժ, որը կառաջնորդի ժողովրդի բողոքի ալիքը։
- Հասարակությունը պատրաստ է իշխանափոխության:
- Իշխանությունը քաղաքական քայլեր չի անում։ Նրա պատասխանը ժողովրդի դեմ կլինի ոստիկանական ուժեր հանելը, բայց արդյո՞ք դա բավարար կլինի Նիկոլի ու ՔՊ-ի իշխանությունը պահելու համար։
- Տիգրան Ավինյանը շատ հետաքրքիր գործիչ է։ Միշտ օպերատիվ կերպով նա հայտնվել է այն բնագավառներում, որտեղ մեծ փողեր կան։ Կարելի է ասել, որ նա ոչ այնքան քաղաքական գործիչ է, որքան Նիկոլ Փաշինյանի դրամապանակը։ Նիկոլ Փաշինյանը չի կարող թույլ տալ, որ ինչպես նախորդ քաղաքապետը (Հայկ Մարությանը), նա էլ դուրս գա իր վերահսկողության տակից։
- Մարդկանց պետք է բացատրել, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում Տիգրան Ավինյանին ձայն տալով՝ դու մանդատ ես տալիս Նիկոլ Փաշինյանին՝ Արցախը հանձնելու։
- Ավինյանն ուզում է տարանջատվել Նիկոլից, բայց նա թույլ չի տալիս, ասում է՝ դու պետք է ինձ հետ գաս, իմ չափ կեղտոտվես, որ իմ վրայից թռնելու հնարավորություն չունենաս:
- Կարծում եմ՝ ընդդիմությունը չպետք է մասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին։ Մասնակցությամբ դու լեգիտիմացնում ես դավաճանին։ Հիմա եթե մասնակցեն, լեգիտիմացնելու են Ավինյանին՝ դրանով իսկ լեգիտիմացնելով Նիկոլ Փաշինյանին։
- Աննա Հակոբյանը կարևոր դեր ունի այս իշխանության մեջ: Քիչ առաջ ասացի՝ ինչ մեծ դեր ունեցավ նրա բադրիջանն Արցախի հանդեպ թշնամանք բորբոքելու մեջ: Միասին խաղացած պարտիա էր Նիկոլ Փաշինյանի հետ:
- Աննան կոնկրետ գործիք է, որով խաղում է Նիկոլը: Նիկոլը շատ ու շատ հարցերի պատասխանատվությունը իր վրայից գցելու համար, նույն պատերազմի ժամանակ, Աննային էր գործուղում այսուայնտեղ:
- Հիմա որ Նիկոլ Փաշինյանը սափրվի, շատ անլուրջ կերևա, դրա համար չի սափրվում:
Մանրամասները՝ տեսանյութում: