Մեր նախագահները, նույնիսկ պաշտոնաթող կարգավիճակում, քաղաքական ծանրաքաշներ են. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին ասուլիսում հնչեցվածը նորություն չի համարում բովանդակության առումով:
«Նիկոլ Փաշինյանը լրագրող է, խմբագիր է և նույն կոնտենտը կարող է տարբեր ժանրերում ներկայացնել, ինչը և անում է: Իր խնդիրն է՝ ինչքան հնարավոր է՝ իր աջակիցներին և առհասարակ հանրությանն ընտելացնել այն իրողությանը, որ Արցախը տված է: Այսինքն՝ դա փորձում է դարձնել սովորական խոսույթ»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց քաղտեխնոլոգը:
Փաշինյանի գործադրած տեխնոլոգիան, ըստ մեր զրուցակցի, առավել տեսանելի է համեմատության մեջ. օրինակ, նախորդ տարվա սեպտեմբերին, երբ առաջին անգամ էր խոսվել հնարավոր փաստաթղթի ստորագրման մասին, քաղաքացիների ռեակցիան այլ էր, կար բնական ցասում:
Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն այժմ չունի նոր մեսիջներ, և նրա միակ խնդիրն այսօր, հանրության ընտելացումից զատ, իր համար ալիբի մտածելն է:
«Նա արդեն բանավոր ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, այժմ պետք է կարողանա ներքին լսարանի և շահագրգիռ լսարանների համար հիմնավորել, թե ինչո՞ւ է գնում այդ քայլին, ինչի՞ դիմաց:
Դրա համար բարձրացնում է Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների հարցը՝ միջազգային մեխանիզմների համատեքստում: Մինչդեռ շատ լավ հասկանում է, որ ինչ մեխանիզմ էլ լինի թղթի վրա, ով էլ դրա տակ ստորագրած լինի՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ, Իրան, Թուրքիա, միևնույնն է՝ շատ կարճ ժամանակում Արցախում սկսվելու է էթնիկ զտում, տարհանում, ցեղասպանություն:
Նիկոլ Փաշինյանն ուղղակի ուզում է ունենալ այն ալիբին, որ երբ հետագայում դա տեղի ունենա, ասի՝ ես պատասխանատու եմ, բայց ես մեղավո՞ր եմ (իր ժանրի մեջ), տեսեք՝ ովքեր էին գարանտները, ովքեր էին ստորագրել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հիշեցմամբ, թե իրականում ինչ արժեք են ունեցել միջազգային գարանտները, օրինակ, Կոսովոյում:
Ասուլիսում քաղտեխնոլոգի համար միակ նորությունը հակահայկական, հակաղարաբաղյան ատելության չափաբաժինն է եղել:
«Դա բացառիկ էր. մինչ այդ՝ Արցախի նկատմամբ նա այդ աստիճան ատելություն չէր արտահայտում,- նկատեց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն իրենց վարքագծով Հայաստան պետությունն Արցախի Հանրապետության նկատմամբ դիրքավորում են՝ որպես ոչ բարեկամ երկրի,- Այսօր ՀՀ դիքորոշումն Արցախի Հանրապետության նկատմամբ ոչ բարեկամ երկրի դիրքորոշում է, և այն արտահայտությունները, որ արվում են երկրի ղեկավարի կողմից, դրա մասին են վկայում: Նա, լավագույն դեպքում, Արցախում կատարվողը համարում է հումանիտար ճգնաժամ, իսկ իրականում՝ սա քաղաքական ճգնաժամ է, որի դրսևորումներից է միայն հումանիտար ճգնաժամը:
Այս պարագայում մեծ դերակատարում ունի Արցախը, որովհետև այն միակ գործոնն է մնում ՀՀ բացակայության և նույնիսկ՝ թշնամի պետությունների հետ համահունչ դիրքորոշում ունենալու պայմաններում: Այսօր, երբ Արցախում ցույց են տալիս, որ դեմ են տեղի ունեցող գործընթացներին, այդկերպ դառնում են գործոն, և աշխարհաքաղաքական, ռեգիոնալ խաղացողներ կան, որոնք կարող են իրենց շահը համադրել Արցախի դիրքորոշման հետ»:
Առկա գործընթացների վրա Սերժ Սարգսյանի նամակ-ուղերձի հնարավոր ազդեցության մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ վերլուծաբանն արձանագրեց, որ մեր նախագահները, նույնիսկ պաշտոնաթող կարգավիճակում, քաղաքական ծանրաքաշներ են, որոնք հսկայական ինֆորմացիայի, կապերի են տիրապետում և տարբեր շրջանակներում մեծ հեղինակություն ունեն:
«Եվ կարծում եմ՝ նախագահների ցանկացած խոսք՝ լինի ներքին կամ՝ արտաքին քաղաքական ասպեկտներին վերաբերող, առավելևս՝ դիմում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, հսկայական նշանակություն ունի և աննկատ չի անցնի:
Ավելին՝ ըստ իս, նախագահներն այնպիսի փորձ ունեն և այնպես են գնահատում իրենց խոսքի արժեքը, որ ցանկացած ելույթ, դիմում՝ աշխարհի որոշում ընդունողներին, նախապատրաստվում է վաղօրոք: Վերջինի առումով ևս, ենթադրում եմ, որ շուտով կնկատենք որոշակի ազդեցություն՝ առկա օրակարգերի վրա»,- նշեց նա:
Իսկ առհասարակ, ըստ նրա, ՀՀ իշխանությունները բավականին մտահոգված են այլընտրանքային՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումից տարբերվող գործընթացներով:
«Օրինակ, Արմեն Աշոտյանի՝ այսօր բանտում մնալը պայմանավորված է Աշոտյանի՝ արտաքին քաղաքական ազդեցության գործոնով, իր հնարավորություններով. այսինքն՝ փորձում են ընդդիմությանը սահմանափակել նաև արտաքին ճակատում, որովհետև իշխանությունների համար ամենասարսափելին նաև արտաքին այլընտրանքային քաղաքական վեկտորի գործոնն է, որն ազդեցություն ունի դրսում»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:
Ընդդիմության՝ տարբեր դրվագները, նախաձեռնությունները մեկ ուղով, մեկ գործընթացով տանելու հեռանկարներին անդրադառնալով էլ՝ քաղաքագետը նկատեց, որ այժմ այն դեպքն է, երբ այդ շարժումները կհաջողեն, եթե «հանուն» պայքարը դառնա «ընդդեմ»՝ ընդդեմ իշխող ուժի, ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: