Անդրանիկ Քոչարյանը շարունակում է գաղտնազերծել Օնիկ Գասպարյանի ցուցմունքները, գեներալն էլ՝ լռել. Որքանով է Ջալալ Հարությունյանի գործով ռազմագիտական փորձաքննությունն Օնիկ Գասպարյանի դեմ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, լինելով զինվորական, միշտ պահպանել է գաղտնիության սկզբունքը և չի խախտել դա, երբ անգամ ժամանակ առ ժամանակ իրեն մեղադրական սլաքներ էին ուղղվում իշխանության ներկայացուցիչների կողմից. Շուշի, «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան, ռազմական այլ դրվագներ, անգամ հուլիսյան մարտերի հետ կապված են ակնարկներ եղել: Այս ամենին մենք առանձին-առանձին ևս մեկ անգամ անդրադառնալու ենք առաջիկայում:

Տվյալ դեպքում խնդիրն այն է, որ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ըստ պահի թելադրանքի, գաղտնազերծում է 2 անգամ հանձնաժողովի նիստին մասնակցած Օնիկ Գասպարյանի ասածները, որոնց գեներալ Գասպարյանը շարունակում է չարձագանքել, թեպետ արդեն ժամանակն է՝ առնվազն իր կողմից ներկայացված տվյալների կամ ցուցմունքների գաղտնազերծման պայմաններում:

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին Օնիկ Գասպարյանը դիմել էր ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին, հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր.

«Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից սթ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները, որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։

Կարդացեք նաև

Այս ամենն իրական սպառնալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետևանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքն անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։

Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում»։

Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունները չեն համաձայնում ռազմական տարբեր դրվագներին վերաբերող փաստերի հրապարակայնացմանը, երբ դա իրենց ձեռնտու չէ, և՝ հակառակը: Մյուս կողմից, գործ ունենք իշխանությունների կողմից տարբեր փաստերի, պատերազմի օրերին ռազմական ղեկավարության հետ խոսակցությունների ոչ ամբողջական հրապարակայնացման հետ, առնվազն չգիտենք դրանց նախապատմությունը:

Ըստ էության, տեղի է ունենում նույնը, ինչ ԱԽ-Օնիկ Գասպարյան հեռակա բանավեճի ժամանակ՝ կապված պատերազմը 4-րդ օրը կանգնեցնելու հետ:

168.am-ը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է այս մասին, և ինչպես հոդվածներից մեկում նկատել էինք՝ արդյո՞ք Օնիկ Գասպարյանն Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողով գնալուց առաջ Սերժ Սարգսյանի օրինակով պահանջել է իր հարցաքննությունների ձայնագրությունը:

Հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ  նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է Շուշիի անկման մասին, այնուհետև իր կողմից պահանջ է դրվել Շուշին հետ վերցնել, որից հետո եղել են հակագործողություններ:

Եվ ինչպես այս հայտարարությունից հետո գրել էր 168.am-ը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքում Շուշիի պաշտպանությանը վերաբերող դրվագը, ըստ ՀՀ քննչական հաղորդագրության, ավարտվում է նոյեմբերի 7-ով, երբ Փաշինյանը հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել է Շուշիի անկման մասին, բայց ինքը հրահանգել է հետ վերցնել քաղաքը, իրականացնել հակագործողություններ, հարց է առաջանում՝ արդյո՞ք Գլխավոր շտաբը հավանություն տվել է Փաշինյանի այդ քաղաքական որոշմանը, եթե՝ այո, ապա ի՞նչ հաշվարկների հիման վրա, ունեցե՞լ ենք բավարար ռեսուրսներ դրա համար, որ նման խնդիր է դրվել, ըստ էության, ՊԲ հրամանատարության առջև, եթե անհրաժեշտ ռեսուրս, կարողություններ և մարդուժ ունեցել ենք, ապա ի՞նչ պատճառով է ձախողվել հակագրոհը, ո՞ւմ պատճառով:

Այսօր էլ Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնությամբ կամ որոշմամբ, գաղտնազերծումներ է արել հակահարվածի հայտնի օպերացիայի մասին, ըստ էության, Ջալալ Հարությունյանի գործով հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը ևս դնելով Օնիկ Գասպարյանի վրա:

Նախ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ Օնիկ Գասպարյանն իրենց ասել էր, որ հակահարձակումների նախապատրաստման փուլում ԳՇ պետը խոսելով հակահարձակման հեղինակ Սամվել Բաբայանի հետ՝ Ջալալ Հարությունյանին հանձնարարել է ուսումնասիրել տեղանքը:

«Եթե չեմ սխալվում, Օնիկ Գասպարյանն ասեց, Ջալալը գնաց նայեց և ասեց՝ «աչքս ուտում է», այսինքն, նայվող օպերացիա կարող է ծնվել, որը ռազմական ղեկավարության կողմից դիտվում էր, որ դա իրավիճակ կարող էր փոխել ճակատային այդ հատվածում: Երբ ստացվել է ՊԲ հրամանատարի դրական պատասխանը, նախաձեռնել է հակահարձակում»,- ասել է Քոչարյանը:

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տեղյակ է հանգամանքներին, և հոկտեմբերի 5-6-ին եղել է Ստեփանակերտում, ՊԲ հրամկետում, արդեն 9-րդ ՊՇ-ի ճեղքումը տեղի էր ունեցել:

«Ինձ համար կարևոր է եղել ԳՇ պետի կարծիքը: Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, և այն փաստը, որ իրենք կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շատ երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունն ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում, խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Եվ ես այնտեղից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, պարոն Բաբայանին եմ խնդրել, որ ներկայացնի իր գաղափարը: Օնիկ Գասպարյանն ասել է, որ տրամաբանություն կա մեջը, ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան, ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ես ասել եմ՝ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով օպերացիայի իրագործումը պետք է որոշեին ռազմական պաշտոնյաները։

«Ես արդեն Երևանում էի, ու Օնիկ Գասպարյանն ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիրն այդպես է դրել՝ «տես՝ աչքդ ուտո՞ւմ է, թե՞ ոչ», որից հետո Հարությունյանը ասել է՝ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- եզրափակել է Փաշինյանը՝ ըստ էության, հիմք ընդունելով Սամվել Բաբայանի՝ այս առնչությամբ բոլոր ասածները:

Նշենք, որ հունիսի 12-ին 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում է կայացվել:

«Վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է ՋՀ․-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։

Այսինքն, գործի կասեցումը տեղի է ունեցել նախքան Փաշինյանի Քննիչ հանձնաժողով գնալը:

168.am-ն այս առնչությամբ ևս վերլուծություն էր ներկայացրել։ 

Մենք հիշեցրել էինք նաև Ջալալ Հարությունյանի փաստաբանի՝ լրագրողների հետ հանդիպմանն արած պնդումը, որ հակահարվածի որոշման հավանությունը Ջալալ Հարությունյանը ստացել է Նիկոլ Փաշինյանից՝ գերագույն գլխավոր հրամանատարից:

«Կարծում եմ՝ այդ իրավիճակում հավանություն չտալը՝ թե ԳՇ-ի, թե՛ գերագույն հրամանատարի կողմից, կլիներ սխալ, որովհետև այն պահին, երբ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալները՝ որոշումը կայացնելու։ Եթե այս որոշմամբ հակահարվածը ներքևի օղակներում կարողանային բարձր մակարդակով իրականացնել, մենք կարող էինք ունենալ այլ պատկեր՝ ամբողջ պատերազմի համար»,- ասել էր Ջալալ Հարությունյանի փաստաբանը և հավելել.

«Հակահարձակման օպերացիան, որը կատարվել է հոկտեմբերի 7-ին, եղել է մի գործողություն, որը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել դեռևս տարիներ առաջ։ Մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր՝ ամենաբարձր մակարդակով, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։ Այսինքն, այս քայլը համապատասխան փաստաթղթերից բխած քայլ է եղել: Երբ այդ ծրագիրը կազմվել է, նույն ժամանակահատվածում եղել են տվյալներ հակառակորդի ուժային առավելության մասին 1։2,4-ի հարաբերակցությամբ: Այսինքն՝ մեր պետությունն այս ոլորտում ունեցել է քաղաքականություն, որ հակառակորդի՝ 2,4-ի առավելության պայմաններում հարավային հատվածում ներթափանցելու դեպքում պետք է կատարվի հակահարված և թշնամու թիկունքի սնուցումը, աջակցությունը կտրվի։ Այսինքն, Ջալալ Հարությունյանը սա իրենից չի հնարել, և տվյալները եղել են այն, ինչ այդ ծրագրերը կազմելիս»:

Ավելին, անցած տարի հրավիրած ասուլիսի ժամանակ ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանը խոսելով կոնկրետ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ հակահարված կազմակերպելուց, նշել էր, որ այդ ուղղության հետ կապված եղել են հետախուզական տվյալներ, որ ունենք առավելություն, և մեր ռեզերվային ուժերը, որոնք կարող են ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան հակառակորդի ուժերը, որոնք այդ տարածքում տեղակայված են։

«Պատահական չէ, որ այդ հակահարձակումն ունեցել է բավականին լավ արդյունքներ»,- ընդգծել էր փաստաբանը:

Թե ինչի է հիմա անհրաժեշտ եղել ռազմագիտական փորձաքննություն անցկացնել, կարող ենք ենթադրել՝ ռազմագիտական փորձաքննությունը Ջալալ Հարությունյանի՞ն, Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ երկուսին միասին է փրկում: Մյուս կողմից, պարզ է դառնում, որ այս հարցում Օնիկ Գասպարյանը կարող է չփրկվել և մնալ նաև այս հարցում գլխավոր պատասխանատուն:

Ի դեպ,Նիկոլ Փաշինյան-Սամվել Բաբայանը տանդեմը 44-օրյա պատերազմի համատեքստում շատ լավ համագործակցում է, ըստ այդմ՝ Սամվել Բաբայանը Փաշինյանին պատերազմական դրվագների հետ կապված հարցեր չունի, Փաշինյանն էլ արժանահավատ է համարում ՊԲ նախկին հրամանատարի ասածները, այդ թվում՝ հակահարվածի օպերացիայի հետ կապված:

Նշենք, որ պատերազմից հետո 2021 թվականի ապրիլին Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ «Քյանդ-Հորադիզ» օպերացիայի գաղափարն ինքն է առաջարկել, և որը, թերևս, որոշակի առնչություն ունի Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի առաջին դրվագի հետ:

«Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի,- Մ.Պ) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևն արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ-ն փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում՝ ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձևը»,- մանրամասնել էր Սամվել Բաբայանը:

Բայց որքան էլ ինչ-ինչ հանգամանքներից և շահերից ելնելով՝ Փաշինյանը փորձի փրկել Ջալալ Հարությունյանին կամ Սամվել Բաբայանին, կամ ինքն իրեն, նաև՝ կոնկրետ դեպքում, պետք է պատասխանի՝ ինչի հիման վրա էր խմբագրել հակահարվածի օպերացիային վերաբերող իր գրառումը:

Ի դեպ, Փաշինյանն այսօր Քննիչ հանձնաժողովում ԳՇ 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարության մեջ արտաքին գործոնի վարկածը չի բացառել: Միաժամանակ, նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչ-որ պրոցեսներ են եղել, որոնք խաթարել են իր վստահությունը, չի բացառում, որ երկուստեք է եղել։ Թե ինչի հիման վրա է իր վստահությունը Զինված ուժերի կամ նրա ղեկավարության նկատմամբ խաթարվել, Փաշինյանը գիտի, բայց դժվարացել է ասել, թե ինչ գործողության արդյունքում է իր նկատմամբ վստահության խաթարում առաջացել:

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 168.am-ի խնդրանքով խոսել էր այս թեմայի մասին:

– Արդյո՞ք Դուք էլ եք կարծում, որ սխալվել եք, և ո՞ր պահից:

– Շատ ուշ երևի…

– Այսինքն, պատերազմի ժամանակ Դուք էլ եք վստահել…

– Այո, այո:

– Հակասություններ չե՞ն եղել:

– Որպես այդպիսին՝ հակասություններ՝ ոչ, բայց եղել են հարցեր, որոնց լուծումներն իրենք պետք է տային և չեն տվել:

– Ինչո՞ւ եմ այս մասին հարցնում, որովհետև 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ, որտեղ պահանջում էիք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մասնավորապես նշվում էր՝ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Այդ սահմանները հատվել են պատերազմի ընթացքո՞ւմ, թե՞ դրանից հետո, ինչո՞ւ էիք այդքան երկար համբերում:

– Պատերազմի ընթացքում երևի սկսվել են, հետո արդեն ավելի խորացել են դրանք:

Գուցե պետք է ավելի կոնկրետ լինել և Փաշինյանին հստակ ասել՝ այդ ո՞ր գործողությունն է խաթարել նրա նկատմամբ բանակի ղեկավարության վստահությունը: Այո, պետք է:

Տեսանյութեր

Լրահոս