Անտեսված զանգ Պուտինին․ ինչո՞ւ ռուսական կողմն արհամարհեց Փաշինյանի զանգը

Օրերս Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի նախաձեռնած ռազմական հեղաշրջման ֆոնին ՌԴ ղեկավարությունն ակտիվ հեռախոսազանգերի մեջ էր գործընկեր երկրների ղեկավարների հետ։

168․am-ը ևս տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անմիջապես իր հատուկ ուղերձից հետո անձամբ նախաձեռնել էր հեռախոսազրույցներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, ինչպես նաև Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիևի հետ։

Հաղորդագրության համաձայն, ՌԴ նախագահն իր զրուցակիցներին հաղորդել էր երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Արդեն երեկոյան հայտնի դարձավ, թե հեղաշրջման փորձը կանխելու հարցում ինչպիսի դերակատարություն էր ստանձնել այդ զանգից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն, ով անձամբ ողջ օրվա ընթացքում բանակցել էր Պրիգոժինի հետ՝ նրան համոզելով ետ կանգնել վագներականների շարասյան ընթացքից դեպի Մոսկվա, որը կարող էր երկրում ճակատագրական զարգացումների ու ցնցումների պատճառ դառնալ։
Կեսօրին ռուսական պաշտոնական Կրեմլինը հաղորդել էր նաև, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում Թուրքիայի նախագահն իր անվերապահ աջակցությունն էր հայտնել այս հարցում ՌԴ ղեկավարության քայլերին։

168․am-ը նույն օրն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՌԴ նախագահ Պուտինը զանգահարել է իր ԱՊՀ գործընկերներին, բացի Փաշինյանից։ Եվ միայն Լուկաշենկո-Պրիգոժին բանակցությունների արդյունքների հրապարակայնացումից հետո ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է կայացել։ «Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ»,-ասված էր հաղորդագրությունում՝ հավելմամբ, որ ՌԴ նախագահը Փաշինյանին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:

Կարդացեք նաև

Ամենայն հավանականությամբ, հեռախոսազրույցն այդ ժամին՝ բանակցությունների արդյունքներից հետո, կայացել էր Փաշինյանի նախաձեռնությամբ։ Սակայն ուշագրավն ու աննախադեպն այն է, որ ՌԴ նախագահը, փաստորեն, դրամատիկ օրվա ընթացքում ոչ միայն չէր ցանկացել զրուցել Փաշինյանի հետ, ինչպես այլ ղեկավարների, այլև պաշտոնական Kremlin.ru-ն այդպես էլ որևէ հաղորդագրություն չտարածեց երեկոյան կայացած այս հեռախոսազրույցի վերաբերյալ՝ լիովին անտեսելով Փաշինյանի զանգը Մոսկվա։

Հարկ է միայն նշել, որ այս հեռախոսազրույցի մասին ՀՀ կառավարության հաղորդագրությունը լրագրողների հետ զրույցում հաստատել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն վերջինս նույնկերպ հաստատել էր նաև Պուտինի զրույցները Լուկաշենկոյի և այլ ղեկավարների հետ։ Սա, թերևս, բացառիկ դեպք է, երբ ռուսական կողմը հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն, որևէ տեքստ չի տեղադրում՝ դրանով իսկ հստակ վերաբերմունք ցուցադրելով գործընկեր երկրի ղեկավարի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս