Պուտինը զանգահարել է գործընկեր ղեկավարներին․ Փաշինյանը ցանկում չկա
ՌԴ-ում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի նախաձեռնած զինված հեղաշրջման փորձից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առավոտյան հանդես եկավ հատուկ ուղերձով, ապա նախաձեռնեց հեռախոսազանգեր դեպի գործընկեր երկրներ։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ նա զանգահարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ տեղեկացնելով վերջինիս Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին։
Ապա ռուսական Kremlin.ru-ն հաղորդագրություն տարածեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Հաղորդագրության համաձայն, ռուսական պետության ղեկավարն իր զրուցակիցներին տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ այս ցանկում ներառված չէ Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ ՌԴ ղեկավարը հարկ չի համարել զանգահարել ռազմավարական դաշնակից համարվող երկիր, ում հետ անդամակցում է եվրասիական մի շարք կառույցների։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, երկրում և հատկապես Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, հետաձգվել ու չեղարկվել են բոլոր հանրային միջոցառումները, փողոցներում զրահամեքենաների ինտենսիվ տեղաշարժ է, որոշ մարզերում հաղորդվում է փոխհրաձգության մասին: Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ` ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Այսօր ժամեր առաջ Պուտինը հատուկ ուղերձով դիմեց ժողովրդին՝ ձեռնարկված քայլերն անվանելով խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։ «Մենք բախվել ենք դավաճանության հետ, չափազանցված հավակնությունները հանգեցրեցին դավաճանություն Ռուսաստանին»,- ասաց Պուտինը՝ խոստանալով անխուսափելի պատիժ։