Կա՛ն թիրախավորված դատավորներ.եթե արդարադատությունը թիմով է կայացվում, այդտեղ արդարադատություն չկա. Սուրեն Անտոնյան

«Կոնկրետ կան թիրախավորված դատավորներ, որոնց նկատմամբ առիթ ու պատրվակ են գտնում կարգապահական պատասխանատվության առերևույթ հիմքեր ստեղծելու և համապատասխան լուծում տալու համար: Նման բան այս համակարգում երբևիցե չի եղել: Ես Արդարադատության խորհրդի անդամ էլ եմ եղել: Պասիվ դատավոր չեմ եղել, որ չհետաքրքրվեմ այս համակարգում տեղի ունեցող դեպքերից, բայց նման բան երբևիցե չի եղել, որ թիրախավորվեն դատավորներ ու բոլոր հնարավոր ջանքերը գործադրվեն իրենց նպատակին հասնելու համար»,-168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանը:

Անդրադառնալով իր լիազորությունները դադարեցնելուն, նախկին դատավորն ասաց՝ իր վերաբերյալ վարույթի նիստում Կարեն Անդրեասյանը հանդես էր գալիս որպես դատավոր և ավելի զուսպ պետք է լիներ և ոչ թե քաղաքական հայտարարություններ աներ, հետո ներողություն խնդրեր, ասեր՝ դա դատավորին չի վերաբերում:

«Եթե դատավորին չէր վերաբերում, ինչի՞ եք դատավորի վերաբերյալ նիստում նման հայտարարություններ անում: Եվ, երկրորդը, իմ ներկայացուցիչը հարց էր ուղղել արդարադատության նախարարի ներկայացուցչին, և Կարեն Անդրեասյանը սկսեց օգնել նրան, որպեսզի այդ տղան իրավիճակից դուրս գա: Փաստաբանիս տված հարցը նրան դրել էր վատ դրության մեջ. հարցը վերաբերում էր դատավորի մեղքին»,-ասաց Սուրեն Անտոնյանը՝ հիշեցնելով, որ ինքն այդ որոշումը կայացնելիս եղել է կազմի մեջ, ու նույնիսկ զեկուցողն ինքը չի եղել. դա եղել է կոլեգիալ որոշում:

Վերջինս նշեց՝ իր վերաբերյալ որոշումից հետո Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական է ճանաչել այն նորմը, որով իրեն կարողացել են կարգապահական պատասխանատվության ենթարկել:

Կարդացեք նաև

«Նիստում նոնսենսն այն էր, որ փորձելով օգնել արդարադատության նախարարի ներկայացուցչին՝ դատավոր հանդիսացող Կարեն Անդրեասյանը սկսեց քաղաքական հայտարարություններ անել, հետո ինքն իրեն հերքել, բայց ամեն դեպքում այդ շարժի մեջ ներկայացուցչին ուղղված հարցը կորավ»,-ասաց Սուրեն Անտոնյանը:

Նախկին դատավորը նկատեց՝ իր խախտված իրավունքների վերականգնման հարցով դիմում ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), որովհետև իր լիազորությունների դադարեցումը կապ չունի իր մասնագիտական գործունեության հետ, և դրա հետ կապված՝ բոլորվին այլ շարժառիթներ կան:

«Գործում էր ծրագիր, և հատուկ էին ընտրել այնպիսի գործ, որտեղ մնացած դատավորները կամ տեղափոխված, կամ թոշակի գնացած լինեին, և ըստ էության թիրախավորել էին ինձ»,-ասաց Սուրեն Անտոնյանը:

Հարցին՝ ո՞ւմ համար էին իր տեղն ազատում Վճռաբեկում, նախկին դատավորն ասաց՝ ժամանակը ցույց կտա՝ ով է գալիս:

«Եթե ՄԻԵԴ-ից եկած վճիռների արդյունքում կարգապահական վարույթներ հարուցեն, օրինակ, քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ, ցնցումների մեջ կընկնի ողջ դատական համակարգը: Դա այս իշխանությանը, ես տեսնում եմ, որ հետաքրքիր չէ, բայց դա իրենց առնչվելու է»,-ասաց նախկին դատավորը:

Խոսելով դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթին ու դրա՝ դռնփակ անցկացնելուն, Սուրեն Անտոնյանն ասաց՝ իր համար իրավաբանորեն անհասկանալի է՝ ինչո՞ւ է նիստը դռնփակ անցկացվում:

«Երևի ամաչել են: Ես հույս ունեմ, որ ամաչել են նրանից, ինչ անում են»,-ասաց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավորը:

Նա ասաց՝ այս վարույթի արդյունքներով՝ իրավաբանություն չի ակնկալում, վստահ է՝ վարույթի ավարտն առնչություն չի ունենալու ո՛չ իրավաբանության, ո՛չ իրավական մտքի հետ, քանի որ նիստը վարվում է Կարեն Անդրեասյանի ճաշակով:

«Երբ կոլեգիալ մարմինը գործ է քննում, դա տարբերվում է թիմով որոշում ընդունելուց: Կոնսենսուս կարող է լինել թիմում: Եթե արդարադատությունը թիմով է կայացվում, այդտեղ արդարադատություն չկա: Եվ 100%-ով ճիշտ է Դավիթ Հարությունյանը, որ այդ կոնսենսուսի տակ տեսնում է բացասական բաներ: Այլ բան է քննարկումը, այլ բան է քվեարկությունը: Դատավորը չի կարող կոնսենսուսով քվեարկել: Դա քաղաքական կատեգորիա է:

Կարեն Անդրեասյանը քաղաքական երևույթ է և չի դադարել քաղաքական երևույթ լինել: Ինքը քողարկվում է դատավորի անվան տակ ու շարունակում է մնալ քաղաքական դեմք»,-ասաց Սուրեն Անտոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս