Ճակատագրով փոխկապակցվածները՝ Կարեն Անդրեասյան & Գագիկ Հարությունյան
Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է լիազորությունները դադարեցված Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի տեղում առաջարկել Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի խորհրդական Գագիկ Հարությունյանի թեկնածությունը։
«2023 թվականի հուլիսի 10-ին դռնփակ նիստում քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Հանրապետության նախագահին առաջարկել Գագիկ Արայի Հարությունյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար»,- գրված էր ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Գագիկ Հարությունյանը ընդգրկվել էր քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների ցուցակում:
Զարմանալիորեն փոխկապակցված են Գագիկ Հարությունյանի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կենսագրությունները:
Գագիկ Հարությունյանը Կարեն Անդրեասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակ աշխատել է նախարարությունում։ Վերջինս, որպես նախարարի ներկայացուցիչ, մասնակցում էր ԲԴԽ-ում կարգապահական գործերի քննությանը։
Հարությունյանն աշխատել է նաև որպես Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար, ապա Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուց հետո 32-ամյա Գագիկ Հարությունյանը նշանակվել է նրա խորհրդական։
Ուշագրավ է, որ դեռևս 2021թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված «Ի՞նչ է կատարվում արդարադատության նախարարությունում» վերնագրով տեսանյութի մեջ նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական, այժմ՝ դատավոր Գագիկ Հարությունյանն ասում է. «Անկախ և անաչառ դատական համակարգ ունենալու համար հայտնաբերվող խախտումներով հարուցվող կարգապահական վարույթների միջոցով առողջացնելու և զտելու ենք դատական համակարգը»:
Ի դեպ, տեսանյութը գրեթե երկու տարի անց առավել հետաքրքիր է այն առումով, որ այստեղ ոսկե սարեր խոստացող պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը ոչ միայն արդարադատության նախարարության համակարգում չէ, այլև առհասարակ ստվերում է՝ նույն Գագիկ Հարությունյան, ԴԱՀԿ պետ Սերգեյ Մեղրյան, նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյան, նրա ընկերուհի, քրեական գործով մեղադրյալ, միաժամանակ ՄԻՊ գլխավոր քարտուղար Անի Մխիթարյան, Արտաշես Մխիթարյան, նախարար, փոխնախարարներ:
Հիշենք նաև, որ Գագիկ Հարությունյանն էր արագացված տեմպերով դատավոր դառնալու «գովազդային» տեսանյութի գործող անձը. հավանաբար հենց այդպես էլ դարձել է դատավոր:
Նա էր այդ տեսանյութի մեջ պատմում, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատավորների թեկնածուների որակավորման ստուգումն իրակացվելու է նոր կարգով, հպարտանում էր, որ 6-8 ամիս Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնելու փոխարեն՝ հավակնորդը տալու է մեկ քննություն:
Հենց այդպես արագացված կարգով դատավոր դարձած անձանցով էլ ներկայումս լցնում են դատական համակարգը: