Դատավոր Դանիել Դանիելյանի ընտրությունը՝ դառնալ Կարեն Անդրեասյանի ձեռքի գործի՞ք, թե՞ կանգնել դատական համակարգի կողքին
Հուլիսի 19-ին Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դատավոր անդամի: Թափուր տեղն առաջացել էր այն բանից հետո, երբ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը, կալանքի տակ պահելով բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին, պաշտոնի բարձրացում ստացավ՝ նշանակվելով Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Թե ինչ է նշանակում դատավոր անդամի ընտրությունը՝ իր բոլոր հետևանքներով, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը շատ լավ է պատկերացնում՝ աչքի առաջ ունենալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի ընտրությունը, երբ փակ գաղտնի քվեարկության արդյունքում վերջինս պարզապես ջախջախեց Նիկոլ Փաշինյան-Կարեն Անդրեասյան տանդեմի սրտի ԲԴԽ դատավորացու Ռուբիկ Մխիթարյանին:
Կարեն Անդրեասյանը միգուցե իր ընկեր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ համատեղ քննարկումների արդյունքում գտել է հարցի լուծումը՝ չծանուցել Երևանի քրեական դատարանի դատավորներին, այլ ԲԴԽ դատավոր անդամի ընտրության համար ծանուցել միայն Հայաստանի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին:
Սրանով Կարեն Անդրեասյանն ի սկզբանե ընդունում է իր պարտությունը, որովհետև գիտակցում է, որ եթե Երևանից դատավոր առաջադրվի, ինքը որևէ շանս չի ունենալու այդ ընտրության ժամանակ:
Իսկ Երևանից կարող էին ընտրվել և՛ Դավիթ Հարությունյանը, և՛ Դավիթ Բալայանը՝ ԲԴԽ նախագահին դնելով անելանելի վիճակում, ԲԴԽ որոշումների կոնսենսուսային տրամաբանությունն էլ՝ վտանգի տակ:
Դավիթ Հարությունյանի լիազորությունները փակ դռների հետևում, խայտառակ հնարավոր ու անհնարին բոլոր խախտումները կատարելով, դադարեցնելուց հետո, ըստ Կարեն Անդրեասյանի՝ խնդիրը հեշտացել է, որովհետև ինքն այդպես է որոշել՝ Երևանի դատավորները չեն ծանուցվելու: Թեև Դատական դեպարտամենտը նման որոշումը բացատրում է հավասարության սկզբունքի պահպանմամբ՝ նշելով, որ ԲԴԽ-ում պետք է ապահովել մարզերից դատավորի ներկայացվածությունը, սակայն բոլորն են հասկանում, որ Կարեն Անդրեասյանի հույսն այն է, որ մարզերի դատավորները, ըստ իր պատկերացումների, առավել հեշտ կառավարելի են, և Արշակ Վարդանյանը կշարունակի մնալ միակը ԲԴԽ-ում, ով չի ենթարկվի իր կամքին:
ԲԴԽ նախագահը, սակայն, մի բան հաշվի չի առել, որ օրենքի պահանջն ու իր կամքը միշտ չէ, որ նույն բանն են նշանակում, և որևէ օրենքում գրված չէ, որ Կարեն Անդրեասյանն է որոշելու՝ ում ծանուցի, ում՝ ոչ:
Եվ հենց սա նկատի ունենալով՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի՝ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և որպես հետևանք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Այլ կերպ ասած՝ Դավիթ Բալայանը հայցի ապահովման միջոց է ըստ էության պահանջում, որպեսզի Դատական դեպարտամենտի ղեկավարի որոշումը կասեցվի, և Երևանի քրեական դատարանի դատավորները հուլիսի 19-ին հնարավորություն ունենան մասնակցել դատավոր անդամի ընտրությանը:
Դավիթ Բալայանի հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին, և հիմա հենց նա պետք է որոշի՝ ինքը Կարեն Անդրեասյանի կամակատա՞րն է, թե՞ հանդես է գալիս դատական համակարգի ընդհանրական շահերից:
Դանիել Դանիելյանը նախորդ տարվա ապրիլին ինքն էր դարձել Արդարադատության նախարարության կողմից սանձազերծված անարդարության զոհը, անցնում էր կարգապահական վարույթով, և պետք է որ լավ իմանա՝ ինչ է նշանակում պատվեր կատարելը:
Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ այն պատճառաբանությամբ, որ նշված գործով վճիռը դատական նիստում բարձրաձայն ընթերցվել (հրապարակվել) է ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի, այլ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից, մինչդեռ դատական ակտի եզրափակիչ մասն ընթերցվել է հրապարակային դատական նիստում, ընդ որում՝ դատավոր Դանիել Դանիելյանի կողմից չընթերցելը պայմանավորված է եղել նրա՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով դատական նիստին տեսակապի միջոցով մասնակցելով:
Դանիել Դանիելյանը կարգապահական պատասխանատվության ամեն դեպքում չենթարկվեց. ԲԴԽ-ն՝ Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ, մերժեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությունը: Հիմա նույն Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է ու սահմանափակում է Դանիել Դանիելյանի գործընկերների իրավունքները, և Դանիել Դանիելյանը մտածելու բան ունի:
Չի բացառվում, որ Կարեն Անդրեասյանի՝ օպերատիվ համարներով դատավորներին հրահանգներ փոխանցող խորհրդականն այցելած լինի Դանիել Դանիելյանին, չի բացառվում նաև, որ այցը նշանակություն ունեցած չլինի: Սա արդեն դատավոր Դանիելյանի ընտրությունն է:
Դանիել Դանիելյանի կողմից հայցի ապահովման միջոցի չբավարարումը կնշանակի մեկ քար ավել դնել խորտակվող դատական համակարգի գերեզմանաքարի վրա, և ինքը դա պետք է որ լավ գիտակցի: Թերևս, հեշտ է ապրել կոմֆորտ զոնայում ու սպասել, որ ուրիշները քո փոխարեն պետք է պայքարեն, բայց դու արդար ու անկախ դատավորի համբավ ունենաս:
Առավել հեշտ է ապրել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորՍերգեյ Մարաբյանի «փառքով», ստեղծես անուն ու հետո վճռական պահին գլուխդ մտցնես ավազների մեջ, թե իբր սահմանադրականության խնդիր եմ տեսել, բայց գեներալ Խաչատուրովը պետք է մնա կալանքի տակ, երբ վստահաբար շատ լավ ես պատկերացնում՝ ինչու է կալանավորված Գրիգորի Խաչատուրովը:
Հեշտ չէ գլուխը բարձր պահելը գիշատիչների մեջ, բայց պատվաբեր է: Ու միշտ պետք է հիշել՝ այսօրվա վաղն էլ կա: