«Նիկոլ Փաշինյան, ի՞նչ ես տանելու հետդ, ինչպե՞ս ես մնալու պատմության մեջ, երկիրը տանում ես կործանման՝ իշխանությունդ երկարաձգեցիր, հետո՞». Տաթևիկ Հայրապետյան
«Արցախում իրավիճակն իրոք ծանր է. Ադրբեջանը գնալով օղակը սեղմում է: Սա այն հարցն է, որով Ադրբեջանը փորձում է վերջնական մեխը խփել Արցախի վրա: եթե հետևեք ադրբեջանական մեդիադաշտին, հստակ ասում են՝ իրենց նպատակը որն է, ասում են՝ մենք ուզում ենք, որ մարդիկ սովից փողոց դուրս գան և պահանջեն ինտեգրում Ադրբեջանի հետ: Այդ օղակն այդ նպատակով է սեղմվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը:
«Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով իրավիճակը փակուղի է մտցրել: Այսօր Արցախի հետ կապված ցանկացած հայտարարություն Ադրբեջանն ընկալում է՝ միջամտություն իր ներքին գործերին, որովհետև Նիկոլ Փաշինյանն առավոտից երեկո այդ քարոզն է տանում: Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ դրա դիմաց Հայաստանն ի՞նչ է ստացել: Այսօր Հայաստանի բոլոր փորձագետները, նույնիսկ՝ ՊՆ-ն, արձանագրում են, որ Ադրբեջանը գնում է նոր էսկալացիայի: Այսինքն՝ 120 հազար հայ մարդու վտանգի ենթարկելու դիմաց ի՞նչ է ստացել Հայաստանը՝ նոր էսկալացիայի վտանգ՝ իր սահմանների երկայնքով»,- ասաց նա:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Ադրբեջանը գնում նոր էսկալացիայի, եթե Նիկոլ Փաշինյանն անդադար գնում է զիջումների:
Ի պատասխան՝ նա նշեց, որ Ադրբեջանը շատ լավ տեսնում է՝ ցանկացած ագրեսիայից հետո կարողանում է նոր պահանջներ դնել Նիկոլ Փաշինյանի առաջ, դրա համար շարունակում է ագրեսիվ գործողությունները.
«Ալիևի ռեժիմը բռնապետական է, նա մարդկային կյանքերի մասին բնավ հոգ չի տանում, ուստի մի քանի հարյուր կամ հազար զոհն իր համար ոչինչ չի փոխում: Դա իր վարչակարգի կարևոր հենասյուներից է, դրա համար շարունակաբար այդ օղակը սեղմում է և՛ Հայաստանի, և՛ Արցախի շուրջ, որովհետև իր դիմաց կանգնած պետության քաղաքական ղեկավարությունը չի կարողանում իրավիճակի հետ առերեսվել: Եկեք պարզ նայենք՝ ինչքան կեղծ իրականություններ ենք քննարկել 2020թ. հետո՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն դիսկուրս: Չկա այդ դիսկուրսը, ոչ մի նորմալ մարդ չի կարող պատերազմ ուզել, հիմա հարց՝ եթե Ադրբեջանը գալիս է, դիրքը փորում է, զենքը տեղադրում է և պահում քեզ վրա, դու ասում ես՝ ես խաղաղություն եմ ուզում, Ադրբեջանը կրակում է, և դու խաղաղություն չես ստանում, դու ընդամենը զոհվում ես: Դու նույնիսկ զենք չես ձեռք բերում, որ պաշտպանես քո տունը: Երբ դու քո քաղաքացուն ասում ես՝ դա անկլավ է և պետք է զիջվի Ադրբեջանին, դու իրեն ասում ես, որ ինքը դրա համար պետք չի, որ պայքարի: Դու սպանում ես քո ժողովրդի մեջ պայքարելու իմաստը: Դու գալիս-կանգնում ես ԱԺ ամբիոնում, ասում ես՝ էսքան զոհ չտայինք՝ էլի նույն վիճակը կլիներ: Էլ ո՞ր մի ծնողը պետք է ուզի իր երեխային ուղարկել պետության պաշտպանության: Դա համարվում է սուրբ գործ, բազմաթիվ զինվորականներ իրենց կյանքն են դրել այս երկրի պաշտպանության համար, ու դու գալիս՝ քո բառերով արժեզրկում ես պայքարի ցանկացած իմաստ: Եվ դա՝ այն պայմաններում, երբ քո դիմաց կանգնածը պատերազմի է պատրաստվում: Այսօր Ադրբեջանը Թուրքիայի հետ արդեն այս տարվա մեջ 7-րդ զորավարժությունն է անցկացնում: Տարեկան 70-100 զորավարժություն է մեր հակառակորդն անցկացնում, դրա դիմաց դու ի՞նչ ես քո ժողովրդին առաջարկում, կեղծ օրակա՞րգ: Դու խաղաղություն չես ապահովում, դու միայն պատերազմ ես բերում այս ժողովրդին»:
Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց 2022թ. սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ից արած այն հայտարարությունը, թե Ալիևն ընդհուպ մինչև Երևանն է ուզում, իսկ ինքը 2 տարի զենք չի կարողացել գնել, և դիմեց Փաշինյանին. «Դրանից հետո դու պետք է դիմումդ գրեիր՝ գնայիր, որովհետև էն միֆդ կոտրվեց, չէ՞, որ չեն հասկանում: Շատ լավ ամեն ինչից հասկանում են, տեղյակ են, բայց իրենք ձևավորում են կեղծ իրականություն, որովհետև այդ իրականության հարցում իրենք չեն կարողանում ոչինչ անել, իրենք չունեն ո՛չ հնարավորություն, ո՛չ ցանկություն, ո՛չ ունակություն՝ այս երկիրը տանել այդ իրականությանը համարժեք ուղով, իրենք միայն կարողանում են երկիրը գլորել ավելի մեծ խնդիրների մեջ: Լավ, ասենք՝ մինչև կյանքի վերջ Նիկոլ Փաշինյանը երկարաձգեց իշխանությունը, հետո՞, պետությունից ի՞նչ է մնում, ի՞նչ է հետը տանելու: Ուզում եմ հասկանալ՝ տրամաբանությունը ո՞րն է: Քո երկիրը տանում ես կործանման՝ իշխանությունդ երկարաձգեցիր, հետո՞: Աստված տա՝ մեր պատմությունը շարունակվի, որովհետև ինչպես Վազգեն Սարգսյանն է ասում՝ մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպետք է ավարտվի, ես վստահ եմ, որ չի ավարտվելու այս պատմությունը՝ Նիկոլ Փաշինյանի ոտնահետքերով, բայց ինչպե՞ս ես դու մնալու պատմության մեջ, մտածե՞լ ես դրա մասին: Այն հսկայական ներուժը, որ կար 2018թ., դու մսխեցիր, դու եկար իշխանության՝ ամեն ինչ ձախողեցիր, դու խախտեցիր բոլոր տեսակի խոստումներդ, մի խոստում չի եղել, որ տվել ես ու պահել ես: Հետո ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ անի: Անսկզբունք մարդը գլորվելու է անդունդը և իր հետևից տանելու է բոլորին: Մարդ պետք է գոնե երկու-երեք գլխավոր սկզբունքի հետևի: Ոչ մի պետության պատմության քաղաքականության մեջ չկան շատ ազնիվ մարդիկ, բայց եթե անգամ անազնիվ են, անազնիվ են հանուն պետական շահի, ոչ թե՝ իշխանությունը պահպանելու համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում