Երկու հայ գերիների վերաբերյալ մեր պատասխանն ուղարկել ենք ՄԻԵԴ, պահանջը նույնն է. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակ
Մայիսի 26-ին երկու հայ զինծառայողների՝ Ադրբեջանի կողմից առևանգվելու փաստի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել էր ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։
ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել և Ադրբեջանին պարտավորեցրել մինչև հունիսի 6-ը ներառյալ տեղեկություններ տրամադրել 2 հայ զինծառայողների մասին։
Հունիսի 7-ին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացրել էր , որ ՄԻԵԴ-ից ստացել են Ադրբեջանի կողմից եվրոպական դատարանին ներկայացրած 2 հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկություն` ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման մասին փաստաթղթեր։
Հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել էր, որ 2 հայ զինծառայողների առևանգման վերաբերյալ Ադրբեջանի տրամադրած տեղեկությունը ՄԻԵԴ-ին ուսումնասիրության փուլում է։
«Այդ տեղեկության մասին ներկայացվել է զինծառայողների հարազատներին։ Այս պահին ուսումնասիրում ենք Ադրբեջանի ներկայացրած տեղեկատվությունը, ուսումնասիրելուց հետո մինչև հունիսի 16-ը Եվրոպական դատարանին կներկայացնենք մեր մեկնաբանությունները՝ կապված այդ տեղեկատվության հետ»,- ասել էր Ե. Կիրակոսյանը։
168.am-ը Միջազգային իրավական հարցերով հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հայկական կողմը ՄԻԵԴ-ին արդեն ներկայացրել է իր մեկնաբանությունները, և ի՞նչ սպասելիքներ ունեն։
«Ժամկետի մեջ մենք մեր պատասխանն ուղարկել ենք ՄԻԵԴ։ Մեր պահանջը նույնն է, որ միջպետական գանգատի շրջանակներում հայցն ապահովեն։
Պատասխան դեռևս չունենք, ՄԻԵԴ-ը պետք է դեռևս ուսումնասիրի, պատասխանի դեպքում այն անպայման կտարածենք»,- նշեց Հասմիկ Սամվելյանը։
Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փետրվարին հրավիրված ասուլիսի ընթացքում ասել էր, որ այդ պահի դրությամբ ՄԻԵԴ-ում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» 4 գործ կա։ Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդող 2 ամիսների ընթացքում կատարված դեպքերին, երկրորդը՝ գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդը՝ ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի ներկայության մասին է և դրանով իսկ՝ մարդու իրավունքների խախտման, իսկ չորրորդը ներառում է 2022-ի մարտին Փառուխում տեղի ունեցած դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարություններին, Եղիշե Կիրակոսյանն ասել էր, որ դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ Նոր ապացույց ի հայտ գալու դեպքում կդիմեն դատարան: