«Երբ հարցազրույցն ամբողջական լինի, կուսումնասիրենք՝ աշխատանքների մասին կտեղեկացնենք». Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակ
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո գերեվարած Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին պահելով պատանդառության մեջ, նրանց ստիպում է հարցազրույցներ տալ։ Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում էր այդ հարցազրույցից փոքր հատված՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, որոշ իրավապաշտպաններ արդեն ահազանգել են, որ Ադրբեջանը հայ գերիներին զրկել է պաշտպանության որևէ հնարավորությունից և դրան զուգահեռ՝ նրանց ստիպում է հարցազրույցներ տալ։
168.am-ը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հետաքրքրվեց՝ որևէ քայլ պատրաստվո՞ւմ են իրականացնել՝ կապված այս հարցազրույցի և հայ պատանդների ոտնահարված իրավունքների առնչությամբ։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հակիրճ պատասխանեց.
«Մենք անոնսը տեսել ենք, հետևում ենք։ Երբ հարցազրույցն ամբողջական լինի, այն կուսումնասիրենք, դրանից հետո մեր իրականացվելիք աշխատանքների մասին, բնականաբար, կտեղեկացնենք»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։