Հուլիսի 3-ին Բաքվում մեր երկու հայ զինծառայողների նախնական դատն է. Հասմիկ Սամվելյան

Մայիսի 26-ին երկու հայ զինծառայողների՝ Ադրբեջանի կողմից առևանգվելու փաստի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել էր ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին բեռնատար մեքենայով սնունդ ու ջուր մարտական հենակետեր փոխադրելու ժամանակ։ Դեպքի մասին պաշտոնապես առաջինը հայտնել էր ադրբեջանական կողմը՝ նրանց ներկայացնելով՝ որպես «դիվերսանտներ»։

ՄԻԵԴ-ից պատասխան ստանալուց հետո, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հունիսի 16-ին Եվրոպական դատարանին կրկին ներկայացրել էր Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջ: Սակայն երեկ գրասենյակը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հայաստանի այդ պահանջը։

«Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը։ Ուստի Ադրբեջանը պարտավորվում է ապահովել, ի թիվս այլոց, Հովագիմյանի և Ղազարյանի իրավունքների պաշտպանությունը»,- https://rilm.am/events/mied-y-merzhel-e-hayastani%d5%9d-adrbejani-dem-erku-hay-zintsarayoghneri-veraberyal-nor-zhamanakavor-mijankyal-mijoc-kirarelu-pahanjy/?fbclid=IwAR0eR9hHehH0Je-KBgDIt6bMwrN62KWYayucgCa8lkl5UmayOtZcwqWG7sc նշված էր գրասենյակի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

168.am-ը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակ Հասմիկ Սամվելյանից հետաքրքրվեց՝ ՄԻԵԴ-ի կողմից այս մերժումից հետո գրասենյակն այլ քայլեր ձեռնարկելո՞ւ է։

«Այս փուլում գրասենյակն անելիքներ չունի, եթե արձանագրենք խախտումներ, արդեն կդիմենք, հատկապես, որ հուլիսի 3-ին Բաքվում նախատեսվում է մեր երկու հայ զինծառայողների նախնական դատը»,- եզրափակեց Հասմիկ Սամվելյանը։

Հիշեցնենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փետրվարին հրավիրված ասուլիսի ընթացքում ասել էր, որ տվյալ պահի դրությամբ ՄԻԵԴ-ում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» 4 գործ կա։ Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդող 2 ամիսների ընթացքում կատարված դեպքերին, երկրորդը՝ գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդը՝ ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ-ի ներկայության մասին է և դրանով իսկ՝ մարդու իրավունքների խախտման, իսկ չորրորդը ներառում է 2022-ի մարտին Փառուխում տեղի ունեցած դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարություններին, Եղիշե Կիրակոսյանն ասել էր, որ դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ Նոր ապացույց ի հայտ գալու դեպքում կդիմեն դատարան:

Տեսանյութեր

Լրահոս