«Պաշտոնական Երևանը բանակցում էր Արցախի ինքնորոշման իրավունքն Ադրբեջանի կողմից անվերապահորեն ճանաչելու շուրջ». Արցախի նախկին ԱԳ նախարար

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը պարտվել պատերազմում, և այդ պարտությունը կանխելու համար ինչ է փորձել անել ինքն ու իր գլխավորած իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը ելույթի ավարտին պատրաստակամություն հայտնեց հրապարակավ պատասխանել նաև նիստին ներկա պատգամավորների բոլոր հարցերին, իհարկե, դրանց հրապարակայնությունը թողնելով թույլատրելիության սահմաններում: Ի վերջո, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հարցուպատասխանին կանդրադառնան մեկ այլ օր՝ հունիսի 27-ին։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Արցախի բանակցային գործընթացին և մեջբերելով Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1997 թվականին գրված հոդվածից մի հատված, փոխանցեց, որ բանակցային գործընթացին ծանոթ էին հաշված մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ժիրար Լիպարիտյանը։

Ըստ Փաշինյանի՝ 1998-ից հետո, երբ Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից, նրանք արդեն ծանոթչէին ողջ գործընթացին:Բացի այդ, Փաշինյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի Նախագահ դառնալու պահին Ղարաբաղը բանակցություններին լիարժեք կողմ էր, ապացուցվում էր նաև այն փաստով, որ ԼՂ հակամարտության կարգավորման, այսպես կոչված, «Ընդհանուր պետություն» փաթեթը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները 1998 թվականի նոյեմբերին ներկայացրել են ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Լեռնային Ղարաբաղին: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ էր արդեն 5 ամիս, բայց սա վերջին փաթեթն էր, որ համանախագահողների կողմից ներկայացվեց նաև ԼՂ-ին: Դրանից հետո այլևս ԼՂ-ին փաթեթ չի ներկայացվել, և Լեռնային Ղարաբաղը փաստացի նույնիսկ տեղեկացված չի եղել, թե ինչի շուրջ են ընթանում ունենում բանակցությունները»:

168.amը Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, 1999-ից ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Արցախի նախկին նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանին այս հայտարարության վերաբերյալ մի քանի հարց ուղղեց։

Կարդացեք նաև

-Պարոն Մելիքյան, երեկ ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ղարաբաղյան բանակցային գործընթացին, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել՝ ծանոթ են եղել քիչ թվով մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ժիրար Լիպարիտյանը։ Երբ դուք ստանձնեցիք Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը, արդյո՞ք Արցախի իրավասու պաշտոնյաները չեն ծանոթացել բանակցային գործընթացին։

-Երբ 2004 թվականի դեկտեմբերին ես ստանձնեցի Արցախի արտգործնախարարի պաշտոնը, բանակցային գործընթացն արդեն տևական ժամանակ էր՝ ինչ ընդհատված էր ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Ուղիներ էին փնտրվում բանակցությունները նոր մեկնակետից սկսելու համար: Անձամբ ես գտնում էի, որ բանակցային օրակարգի մաս պետք է կազմի հայ փախստականների հիմնախնդիրը, և այդ մասին ուղիղ ասել եմ 2005թ. հունվարին Արցախ այցելած ՄԽ համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի հերկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Արցախի ԱԳՆ-ն էլ այդ մոտեցումը կյանքի կոչելու ուղղությամբ կոնկրետ քայլեր նախաձեռնեց: Ցավոք, դրանք կիսատ թողնվեցին իմ՝ այլ պաշտոնի անցնելու հետևանքով: 2007 նոյեմբերին, հասկանալով, որ բանակցային գործընթացը վերսկսվելու է «Մադրիդյան սկզբունքների» հիման վրա, ինչին սկզբունքորեն դեմ էի, ես հրաժարական տվեցի Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդականի պաշտոնից և փորձեցի իմ և թիմակիցներիս մոտեցումներն ու սկզբունքները հրապարակային քաղաքականություն մուտք գործելու միջոցով հանրայնացնել:

-Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բոլոր իշխանություններն էլ բանակցել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար, արդյո՞ք ինքնորոշման իրավունքի մասին չէին ընթանում նախկինում բանակցությունները։

-Ես բոլոր իշխանությունների անունից խոսելու իրավունք ինձ չեմ վերապահի՝ թող յուրաքանչյուրն իր արածի տերն ու պատասխանատուն լինի: Իմ, որպես Արցախի ԱԳ նախարար, պաշտոնավարման շրջանի հիմնական նպատակն Արցախի անկախության միջազգային ճանաչումն ապահովելն էր:

-Ի վերջո, մինչև 2018 թվականն ինչի՞ շուրջ էր բանակցում հայկական կողմն Ադրբեջանի հետ։

– Պաշտոնական Երևանը բանակցում էր Արցախի տարածքի երկու երրորդը հանձնելու դիմաց վերջինիս ինքնորոշման իրավունքն Ադրբեջանի կողմից անվերապահորեն ճանաչելու շուրջ: Ես այդ մոտեցումն արդյունավետ չեմ համարել ի սկզբանե:

Տեսանյութեր

Լրահոս