Ժողովուրդ, սա նախավերջը չէ, սա վե՛րջն է, պետք է ոտքի կանգնել… Այո՛, ես էլ վեր կկենամ, պատրաստ եմ գնալ այդ անձնազոհությանը. Դավիթ Անանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանն է:
Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.
«Ով չի գիտակցում պահի օրհասականությունն ու չի զգում ազգային աղետի մոտալուտ շունչը, կա՛մ մեռած է, կա՛մ դավաճան է, կա՛մ էլ կենսաբանորեն զուտ գոյություն քարշ տվող մի առանձնյակ է:
Ով չի գիտակցում, որ ինքը կոնկրետ գործելու, ընդվզելու, ինչ-որ բան ձեռնարկելու կամ անելու պարտականություն ունի կամ առնվազն անհանգստացած չէ իր անգործությամբ, անհայրենիք արարած է:
Ժողովո՛ւրդ, համախմբվելու ու միասնականանալու ժամանա՛կն է, հետհաշվարկը օրերի է, եթե ոչ՝ ժամերի»:
Ֆեյսբուքյան այս գրառման հեղինակը 2018 թվականի մայիսից 2020 թվականի հունիսը Պետական եկամուտների կոմիտեի նախագահԴավիթ Անանյանն է:Գրառումը կատարել է այս տարվա մայիսի 23-ին: Ի՞նչ էր սա.
- Սա պոռթկում էր, որինպատակն ինչ-որ բանի ազդարարում չէր: Եթե կա անձ, որը կարծում է, թե օրհասական պահ չէ, ուրեմն իրականությունից կտրված մարդ է:
- Խելամիտ մարդը, որն ունի հայրենիքի, պետության նկատմամբ պատասխանատվություն, հիմա պետք է առնվազն լինի անհանգիստ, չի կարող անտարբեր լինել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, որոնց դիրիժորությունը գալիս է արտաքին ուժերից, սա չտեսնել ու չբարձրաձայնել՝ առնվազն ազնիվ չէ:
- 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին եվրոպական կառույցներում տետ-ա-տետ քննարկումներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Որպեսզի Փաշինյանը կարողանա հայտարարություն անել, պետք է տեղի ունենային որոշակի իրադարձություններ, օրինակ՝ Լաչինի միջանցքի փակվելը:
- Ալիևը պարզ ասում է՝ եթե համաձայնում եք, որ Ղարաբաղը պետք էլինի Ադրբեջանի կազմում, դա նշանակում է հնարավոր գործողությունների 3 սցենար՝ կամ հայաթափություն, կամ սպանդ, կամ ասիմիլյացիա: Իսկ ասիմիլյացիա ևս նշանակում է կոտորել ժողովրդին, որովհետև արցախցին չի հանձնվելու ու չի հարմարվելու:
- Եթե մարդիկ այս ամենը չեն նկատում, ուրեմն տգետ են, եթե նկատում են ու լռում են, նշանակում է՝անհաղորդ են:
- Ես որոշել եմ լինել շատ ավելի ակտիվ, ազնիվ ու շատ ավելի հանրային՝ ասել այն, ինչ մտածում եմ, ևեթե նիրհի մեջ գտնվող մեր հայրենակիցներից մեկը արթնանա՝ կնշանակի, որ ինչ-որ բան արել եմ:
- 2018-ից հետո նոր կառավարության մեջ մտնելով՝ սխալ կլինի ասել, թե հասկանում էինք՝ ուր են տանում, դա տեսանելի չէր։ 2 տարի զբաղեցրել եմ ՊԵԿ նախագահի պաշտոնը, որովհետև հանրային ընդվզումների արդյունքում փողոցից եկած մարդկանցով կարող էր ձևավորվել սկսնակների կառավարություն, իսկ այդ ժամանակ պաշտոններ զբաղեցրած մասնագետները, որոնք ունեին հմտություն, կարող էին օգտակար լինել երկրին, պետությանը:
- Մինչև իմ պաշտոնավարման վերջին օրը ես չեմ նկատել այն, ինչ տեղի է ունենում հիմա:
- Այսօր իշխանության ներսում բոլորն իրենց հարցերը կարգավորում են մեկ մարդու հետ, մասնագիտական կոլեգիալություն չկա:
- ՊԵԿ նախագահ աշխատելու ժամանակահատվածում ինձ որևէ մեկը չի կարողացել խանգարել։ Ինչ ծրագիր ունեցել եմ, ինչ մտածել եմ՝ կարողացել եմ անել և արել եմ այնքան, ինչքան կարողացել եմ։ Ես ռեյտինգային առումով եղել եմ պահանջված, ունեցել եմ որոշակի կշիռ, և իմ՝ աշխատանքից հեռանալու պատճառը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ, Փաշինյանը մեկ անձի հետ կապված՝ ինձ ասում էր՝ պետք է չաշխատի, ես պնդում էի, որ այդ մարդը պետք է աշխատի։
- Ես քաղաքական թիմի անդամ չեմ եղել, բայց եղել եմ թիմի քաղաքականությանըհարող պաշտոնյա, քանի որ զբաղեցրել եմ շատ կարևոր պաշտոն։
- Այս իշխանությունները հանրությանն անընդհատ ասել են, թե «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա, և, որ դա ընդամենն Ադրբեջանի ընկալումն է: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասում էր՝ լինելու է ճանապարհ, որը վերահսկելու է Հայաստանը, երկրի օրենսդրական կարգավորումներով: Եթե այդպես էր, ապա խնդիր չեմ տեսնում, ճանապարհի 100 տոկոսանոց վերահսկողությունը մերն էր լինելու, այդպիսի վստահություններ տալիս էին ռուս բարձրաստիճան պաշտոնյաները, բայց իրականությունն այլ է։ Ադրբեջանցիներն անընդհատ ասում են՝ Զանգեզուրի միջանցք, ՀՀ իշխանությունները հակառակն են պնդում։ Էրդողանի վերջին հայտարարությունը, որ միջանցքի շուրջ խնդիրը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ է կապված,նշանակում է, որ ոչ թե մեզ հետ են խաղում, այլ մեզ վրա են խաղում։ Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարում է, որ հայ-իրանական հազարամյակների սահմանը որևէ պարագայում չի կարող արգելափակվել կամ փոփոխության ենթարկվել, հայտնում է իր անհամաձայնությունը, որըշատ կարևոր հայտարարություն է, մենքչենք համագործակցում, ի՞նչն է պատճառը, Իրանի հետ չհամագործակցելը մտորումների տեղիք է տալիս։
- Արդյո՞ք գործող իշխանություններն ազնիվ են հանրության հետ և ներկայացնում են իրականությունը, ես լուրջ վերապահումներ ունեմ։
- Եթե մենք չենք գիտակցում, որ ադրբեջանաթուրքական տանդեմի՝ պատմական առումով թուրքերի, ցանկությունը մեկընդմիշտ հայի հարցը լուծելն է, ուրեմն չենք կարողացել պատմությունից դասեր քաղել:
- Երբ անընդհատ զիջում ես՝ քեզ ես կորցնում, այդ ժամանակ այս տարածաշրջանում հայ չի մնա: Եթե մարդիկ սա չեն գիտակցում, ուրեմն չեն հասկանում, տգետ են։ Իսկ եթեհասկանում են, ուրեմն չպետք է հանդուրժեն։ Այս իշխանությունների պարտվողական դիրքորոշումը, որն անընդհատ և դիտավորյալքարոզվում է՝ լավ տեղ չի տանում: Եվ ես այս իշխանություններին ասելիք չունեմ, իմ ասելիքը ժողովրդին է ուղղված՝ ժողովուրդ, սանախավերջը չէ, սա վերջն է։
- Եթե ասում ես՝ հայ-թուրքական սահմանը բացենք, դա նշանակում է՝ Հայաստանի թեթև արդյունաբերությունը միանգամից մեռնելու է, չի դիմանալու թուրքական էժան ապրանքի մրցակցությանը: Դու չես կարող ներքին սպառման ծավալների աճով տնտեսության թռիչքային աճ ապահովել։ Արտահանման ծավալները վերաարտահանման հաշվին մեծացնելով՝ տետեսությունը քանդվում է։
- Սահմանը բացելը լավ բան է, բայց ոչ հիմա, ճիշտ չէ այսօր սահման բացելը։ Հայաստանի շուկան ողողվելու է թուրքական ապրանքներով, և Հայաստանը սպառման առումով կախված է լինելու Թուրքիայից։ Վրաստանում էլ թուրքական շուկան մուտք գործեց, բայց Վրաստանի տնտեսությունը շատ ավելի մրցունակ է, և եթե այսօր նրանք են խնդիրներ տեսնում, մենք չենք էլ հասցնելու արձանագրել այդ խնդիրները:Թուրքական շուկան սրբելու է ամեն ինչ ու տանի։ Թուրքի հետ սահման պետք է բացել այն ժամանակ, երբ հզոր ես, ՀՆԱ-ն անգամներով է աճում, ունես հզոր ռազմարդյունաբերություն:
- Մեր մտածելակերպը վաշխառուական ենք սարքել, մեծահարուստները, օլիգարխները վաշխառուական մտածողություն ունեն, իրենք իրենց շատ լավ են զգում միայն առևտրի մեջ, հետևաբար՝ առևտրային, առևտրական են սարքում նաև երկրի տնտեսությունը, որն անթույլատրելի է: Նրանց համար շատ ավելի հեշտ է փող աշխատել՝ մոլ, խանութ բացելով, քան արտադրություն ստեղծել:Ինչո՞ւ, որովհետև արտադրությունում ռիսկերը շատ են, եկամուտների, ծախսերի հետ բերելու գործընթացը շատ ավելի երկար է:Արդյունքում՝ բացվում են մոլ՝ մոլի հետևից՝ փոքր մոլ, մեգամոլ, ավելի մեծ մոլ, առևտրի կենտրոններ… Փողը շատ է, Ռուսաստանի տուրիստների և միգրանտների հաշվին սպառումն այս պահին աճել է, հանրային ներքին սպառումն անգամներով շատացել է, շատ ավելի հեշտ է դարձել խանութ, սննդի օբյեկտ, ռեստորան բացելով, ծառայություն մատուցելով: Բայց խանութ-մոլերով, ռեստորաններով երկիրը չես կարող պահել, երկրի տնտեսությունչես կարող զարգացնել:
- Երբ որ մենք ասում ենք՝ երկրի տնտեսությունը ներքին սպառման հաշվին է զարգանում, դա նշանակում է, որ արտածին գործոնների հաշվին է տնտեսությունը հիմա աճում, և երբ որ արտածին գործոնները սպառվեն՝ ի՞նչ ես անելու, երկիրը կտրուկ անկում է ունենալու: Ռուսաստանի տուրիստներն ու միգրանտները մի օր գնալու են, չէ՞: Մենք չգիտենք՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը որքան կտևի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ինչքան կտևեն և ինչ ազդեցություն կունենան, ենթադրենք՝ միջին գնահատականներով՝ 3-5 տարի դեռ այստեղ ունենալու ենք ռուսական ռելոկանտ բիզնեսի և տրանսֆերտների ազդեցությունը, բայց դու՝ որպես իշխանություն, ի՞նչ ես արել, որ քո տնտեսությունը կառուցվածքային փոփոխությունների ենթարկես:
- Մենք պետք է ուշադրություն դարձնենք բանկերի փոխ աշխատելու որակին՝ այն, թե ինչի՞ց են նրանք փող աշխատում: Եթե բանկերը փող աշխատեին բիզնեսը վարկավորելու հաշվին, դրանցից եկող տոկոսային եկամուտներն իրենց եկամուտների գերակշիռ մասը կազմեին, մենք կարող էինք ասել, որ տնտեսությունում արդյունաբերական շարժ կա, ներդրումներ են արվում, բայց այսօրբանկերը փող են աշխատում՝ հիմնականում ֆինանսական ծառայություններ, հաշվարկադրամարկղային ծառայություններ մատուցելով արտերկրի՝ ՀՀ-ում գտնվող ռելոկանտներին, փոխանցումներից, այո, նաև վարկերից, բայց հիմնականում հիպոթեքային վարկերից, բանկերի աշխատած փողերի որակական հետազոտության արդյունքում դու կարող ես պատկերացում կազմել, թե քո տնտեսությունը որ ուղղությամբ է գնում։Մեր տնտեսությունը գնում է ողողված հաշվին, հանրային համախառն սպառման հաշվին տնտեսական աճ գեներացնելու ճանապարհով, որը խիստ ժամանակավոր է և վտանգավոր:
- Հայաստան եկած ռուսներն անորոշ ժամանակով են եկել: Դեպի Հայաստանև Հայաստանից դուրս գնացող տրանսֆերտները 2.5 մլրդ է, դա նշանակում է՝ Հայաստանում փող կա, բայց ժամանակավոր բում է դա՝ բում շինարարության և ծառայությունների, առևտրի ոլորտում:
- Այս իշխանությունը վերարտադրվելու օրակարգ ունի և դրա համար ժամանակավոր արագ երևացող ծրագրեր է իրականացնում, նրան ոչ պոպուլյար, երկարաժամկետծրագրային փոփոխություններ պետք չեն:
- Հարկաբյուջետային տրամաբանությամբ՝ ավելի ճիշտ է ՏՏ ոլորտն ավելի շատ հարկել, քան սուբսիդավորել կամ դոտացիա տալ:։
Անհրաժեշտ է զսպող քաղաքականություն վարել, իսկ բարձր հարկերից ստացած փողը վերցնել և ներդնել ուրիշ ոլորտներում, օրինակ՝ արդյունաբերությունում։
- Մշակող արդյունաբերությունն արտահանման հետ կապված ռիսկերի պատճառով անկում է ունեցել:
- Համախառն սպառումը պետք է շատ հարկել՝ արտահանելի հատվածին օգնելու համար, սակայն արվում է հակառակը։
- Տնտեսական աճի 12.6 տոկոսից 9.3 տոկոսը ծառայությունների ոլորտին է վերաբերում:Դա ժամանակավոր է:
- Սոթքի հանքը բավականին արդիական նշանակություն ունի մեր երկրի համար, և ադրբեջանաթուրքական տանդեմն ամեն ինչ անում է, որպեսզի հանքն առնվազն այս փուլում չաշխատի: Քանի դեռ Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ իրական հակադրվող իրենց ցանկություններին չկա, իրենք ըստ էության անում են այն ամենը, ինչը տրամաբանական է իրենց տեսանկյունից: Ընդ որում, իրենք ներքին վախեր ունեն այն առումով, որ եթե, օրինակ, Հայաստանում իշխանափոխություն լինի, իշխանության գան մարդիկ, ովքեր ունեն սկզբունքներ, շատ ավելի դժվար է լինելու իրենց համար, ու իրենք օգտվում են պահի ընձեռած հնարավորությունից:
- Քանի դեռ Հայաստանում հանրությունն իներտ է, իշխանությունն էլ՝ համագործակցող, ադրբեջանաթուրքական տանդեմը զորավարժությունները, շարժերը, Սոթքում միջադեպ կազմակերպելը, Երասխում կրակոցներով օտարերկրյա ներդրմամբ գործարանի որոշակի պրոցեսներ կանգնեցնելը իրագործելու է:
- Հակազդեցություն գոյություն չունի, և հանգիստ, նիրհի մեջ գնում ենք ինքնակործանման: Ցավոք սրտի, պատմության թափանիվը կրկնվում է:
- Ինչո՞ւ Երասխը… Կարծում եմ՝ երկու նպատակ կա. առաջինը՝ օտարերկրյա ներդրողներին մեկ անգամ ևս մտածմունքի մեջ գցելը՝ արդյո՞ք Հայաստանում ներդրում կատարելն անվտանգ է, թե՞ ոչ: Օտարերկրյա ներդրումների ծավալն անմիջականորեն կապված է երկրի անվտանգության հետ: Երկրորդ նպատակը, որ ավելի խորքային է, այն է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի համար Երասխը շատ կարևոր հանգուցային կետ է:
- Ի՞նչ է Հյուսիս-Հարավն իրենից ներկայացնում մեզ համար: Չինաստանի նախաձեռնած Մետաքսի ուղու մասին է խոսքը: 2011թ. սկսած՝ Չինաստանը տարածաշրջանային մեծ ներդրումային ծրագրեր է իրականացնում: Չինաստան-Իրան ճանապարհի մի ենթաճանապարհն էլ դիտարկվում է Հյուսիս-Հարավը Երասխի միջոցով, իսկ այն այդ կարևոր այլընտրանքի մի կտորն է: Այս ճանապարհի այլընտրանքն Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքով գնալն է: Հետևաբար՝ եթե Հյուսիս-Հարավի կառուցումը հարցականի տակ է դրվում, մեծ պրոյեկտներում Հայաստանի գործոնը շրջանցվելու է: Հեռահար նպատակը դա է:
- Հյուսիս-Հարավ ճանապարհը մենք էդպես էլ չկարողացանք կառուցել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Եվ շատ-շատ ուղղակի մարդիկ մեղավորություն ունեն դրա մեջ: Շատ կարևոր էր, որ մենք այդ ճանապարհն ունենայինք դեռևս 10 տարի առաջ: Սա խորքային խնդիր է:
- Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2021թ. դեկտեմբեր-2022թ. դեկտեմբեր կտրվածքով եղել է 60.3 %, որը կառավարելի, բայց վտանգավոր թիվ է: 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ ցուցանիշը 46.7% է: 13.6%-ով իջել է պետական պարտքը: Դա նշանակում է՝ բացարձակ թվով մոտ 1.5 միլիարդ դոլարով պետական պարտքն ավելացել է՝ հատելով 10 միլիարդի շեմը: Բայց դրամային արտահայտությամբ մեր պետական պարտքը նվազել է 242 միլիարդով: Թվում է՝ աբսուրդ է, բայց փոխարժեքի, այսինքն՝ դրամի արժևորման հաշվին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշն իջել է:
- ՏՏ ոլորտին ինչի՞ ես 10 միլիարդ տալիս, գնա՛, կապիտալ ծախս կատարի՛ր:
- Երբ ասում են՝ կապիտալ ծախսերն ավելացրել ենք, և պաշտպանական ոլորտին ավել ենք հատկացրել, դրա հիմնական մասը գնացել է շենք-շինություններին, ու մենք չգիտենք՝ դրանք պաշտպանական կառույցնե՞ր են, թե՞ շենքային պայմանների բարելավում: Կատարողականի հետ կապված բոլոր ցուցանիշները խոցելի են:
- Պետք է ոտքի կանգնել… Ո՞նց… Շատ հասարակ ձևով: Պետք է այսօր կարող ուժերը, մարդիկ, ովքեր կարող են ծանրություն վերցնել ու այն պահել, վեր կենան ու հանրությանն այլընտրանքային ճանապարհ առաջարկեն:
- Այո՛, ես էլ վեր կկենամ, պատրաստ եմ գնալ այդ անձնազոհությանը: Չգիտեմ՝ հնարավո՞ր է փոխել իրավիճակը, թե՞ ոչ, բայց պատրաստ եմ: Եթե վեր ենք կենում ու սկսում ենք պայքար, այդ պայքարը պետք է տեղ հասցնել: Դժվարը վեր կենալն է:
- Եթե դու հանրային վստահություն ունես, աշխատի՛ր, համագործակցի՛ր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, մի՛ եղիր կամակատար, բայց եղի՛ր բազմաբևեռ, բոլորի հետ եղի՛ր այնպես, ինչպես քո խելքը, էրուդիցիան ու փորձառությունը թելադրում են: Եթե դու կոլեգիալ որոշումներ կայացնելու ձգտում ունես, դու կհաջողես:
- Այս ամենի պատճառն այն է, որ մի մարդ կարող է որոշել, որ ինքը բոլոր բնագավառներում պրոֆեսիոնալ է, ու մի գիշերվա մեջ ստորագրի փաստաթուղթ՝ ոչ մեկի հետ չխորհրդակցելով:
Մանրամասները՝ տեսանյութում: