100 հազարավոր բնակչությանը ստիպեցին հեռանալ ամբողջ Եվրոպայի աչքի առաջ. Միջազգայնագետ

Միջազգայնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով, Արցախի ապաշրջափակման հարցն անլուծելի է, քանի դեռ Հայաստանում իշխանության է գործող քաղաքական ռեժիմը:

«Գործող քաղաքական ռեժիմը չի ծառայում հայության շահերին, հայությանը բաժանել է հայաստանցի-ղարաբաղցի սկզբունքով, և կեղծ իբր ՀՀ շահերն է պաշտպանում՝ դրանից դուրս թողնելով արցախահայությանը: Սակայն գիտենք, որ իրականում ՀՀ հայության շահերն էլ առանձնապես իրենց հետաքրքիր չեն. նա ընդամենը ցանկանում է ճանապարհ ծառայել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի համար՝ հանձինս միջանցքների տրամադրման, ճանապարհների բացման և այլն»,- մանրամասնեց միջազգայնագետը:

Ստեփանակերտ-Ադրբեջան ուղիղ երկխոսության մասին հորդորները նա համարում է սխալ քաղաքական կուրս՝ նկատելով, որ Արցախն արդեն հայտարարել է իր ինքնիշխանության մասին:

«Ուղիղ երկխոսություն՝ նշանակում է ընդունել Բաքվի գերակայությունը Ստեփանակերտի նկատմամբ, ինչը պարտության տանող ճանապարհներից է: Հետևաբար՝ ցանկացած մարդ, որ խոսում է այդ մասին, ընդամենը դավաճաններ են, որոնք վաճառել են Հայաստանի և հայության շահերը»,- շեշտեց Արմեն Մանվելյանը:

Կարդացեք նաև

Հայ-ադրբեջանական շփումների արևմտյան հարթակներին հաջորդող արևմտյան օրակարգերի ու արևմտյան երաշխիքների մասին խոսույթը միջազգայնագետն իրատեսական չի համարում, իսկ որպես հիմնավորում՝ հիշեցնում է սերբերի ցեղասպանությունը Եվրոպայի աչքի առջև:

«Արևմուտքը երաշխիքներ չի կարող տալ: Դա կեղծիք և սուտ է. մենք դրա բազմաթիվ դասերն ունենք: Արևմուտքը նույն կերպ խոստանում էր պաշտպանել սերբ բնակչության կյանքն ու անվտանգությունը, բայց խորվաթական տանկերը մտան ու մի քանի օրվա մեջ սերբերին մաքրեցին, և 100 հազարավոր բնակչությանը ստիպեցին հեռանալ ամբողջ Եվրոպայի աչքի առաջ՝ այն դեպքում, երբ այնտեղ կանգնած էին եվրոպացի խաղաղապահները, որոնք ձևի համար գոնե օդ չկրակեցին:

Այստեղ չկան եվրոպական զորամիավորումներ. միակ արևմտյան զորամիավորումը, որ կա, Գյումրիից ոչ շատ հեռու գտնվող Կարսի թուրքական բանակն է»,- նշեց նա:

Ի պատասխան հարցադրում-հստակեցմանը՝ բավարար կարո՞ղ ենք համարել ռուսական երաշխիքները, եթե փաստացի ՌԴ-ն չի կարողացել ապահովել Արցախը կապող միակ ճանապարհի անխոչընդոտ անցանելիությունը, Արմեն Մանվելյանն արձանագրեց. «Քանի որ ՌԴ-ն խրված է ուկրաինական պատերազմում, չեմ կարծում՝ կարողանա երաշխավոր լինել: Ցավոք սրտի, ռուսական կողմի այս թուլության պատճառներից մեկը Երևանում գործող քաղաքական ռեժիմի հակառուսական քաղաքականությունն է:

Այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ ՌԴ դիրքերն այսօր Արցախում թույլ են, և իրենք թեև որոշակի ստատուս-քվո պահում են, բայց պարզ է, որ դա բավարար չէ և չի կարող ամբողջական երաշխիք լինել արցախահայության համար:

Բայց այս պահին սա միակ ուժն է, որը կա, որը կարող է ինչ-որ խնդիրներ լուծել»:

Արցախը, 183 օր է՝ շրջափակման մեջ է: Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել՝ դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը, ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել:

Տեսանյութեր

Լրահոս