«Նորից կհայտնվենք կոտրած տաշտակի առջև». տնտեսագետ
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը վերջին շրջանում նկատվող գնանկումային դրսևորումները պայմանավորում է հիմնականում միջազգային գործոններով:
Ի թիվս այլ գործոնների՝ տնտեսագետը նշում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ու գյուղատնտեսական մթերքների սեզոնային առատությունն ու արտահանման դժվարությամբ պայմանավորված՝ ներքին շուկային բավարարման ծավալների մեծացումը:
«Այդուհանդերձ, խաբուսիկությամբ չպետք է տարվենք՝ սա արձանագրելով որպես տնտեսական հաջողություն, քանի որ այս միտումներն իրենց մեջ պարունակում են մեզանով չպայմանավորված բազմաթիվ գործոններ,- շեշտեց Վարդան Բոստանջյանը, ապա անդրադառնալով նաև ԵԱՏՄ հարթակում ՀՀ տնտեսական «տպավորիչ» ցուցանիշների մասին արձանագրումներին՝ նկատեց,- Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ մեծ ֆինանսական հոսքերի պայմաններում որոշակի ցուցանիշներ կտրուկ լավացան, բայց սա պարունակում է նաև մեծ ռիսկեր այն առումով, որ եթե հանկարծակի այդ ներհոսքը կասեցվի կամ փոքրանա, մենք նորից պետք է հայտնվենք կոտրած տաշտակի առջև, որովհետև մեր տնտեսության հիմնական ոլորտը՝ արդյունաբերությունը, չի աշխատում»:
Նկատենք՝ 2022 թվականին արդյունաբերության աճի տեմպն էականորեն զիջել է ընդհանուր տնտեսության աճի տեմպին, իսկ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին հանքարդյունաբերության ոլորտում շարունակվել են անկման միտումները:
Վիճակագրական կոմիտեն օրերս ներկայացրել է սպառողական գների փոփոխությունները. կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ 2023թ. հունվար-մայիսին սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մայիսը՝ 2022թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.3 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.8 տոկոս գնանկում:
Կոմիտեն մանրամասնել էր. «2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 2.1 տոկոս, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 4.1 տոկոս գնանկում:
2023թ. մայիսին ապրիլի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 13.09 տոկոս: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.17 տոկոսային կետով:
2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ, իսկ 2023թ. ապրիլի համեմատ՝ 0.9 տոկոս գնանկում: 2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 28.9 տոկոս և 21.3 տոկոս անկում»: