«Բերձորի «Փառքի հուշահամալիրը» մեզ համար սրբատեղի էր, Ադրբեջանի բարբարոսությունների վերաբերյալ միջազգային հարթակներում պետք է շատ բարձրաձայնվի». Նարեկ Ալեքսանյան

Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն օրերս հրապարակել էր Բերձորում Ադրբեջանի իրականացրած հերթական վանդալիզմը փաստող կադրեր։

Ադրբեջանը հողին է հավասարեցրել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։

Բերձորի Փառքի հուշահամալիրը նվիրված էր նաև Արցախյան գոյամարտում հերոսաբար զոհված հայորդիներին:

Կարդացեք նաև

Հուշահամալիրի երեք պատերի վրա հերոսների անուններն էին փորագրված: Փառքի հուշահամալիրի մեջ ներառված էր երեք խաչքար: Մեկը նվիրված էր «Հատուկ գնդին», մյուսը՝ Շուշիի ազատագրման համար նահատակված հայորդիներին, իսկ երրորդը՝ Վազգեն Սարգսյանին:

168.am հետ զրույցում Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ, ցավոք, առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հուշարձանները։

«Փառքի հուշահամալիրի պատերի վրա դաջված էին այն մարդկանց անունները, որոնք իրենց կյանքը զոհաբերել էին Քաշաթաղն ազատագրելու ժամանակ։ Հուշահամալիրի ոչնչացումը, բնականաբար, շատ ցավալի է։ Երբ նմանատիպ հուշարձանները ոչնչացվում են, աշխարհը լուռ է։

Մեր բոլոր միջոցառումների ժամանակ բարձրացել ենք հուշահամալիր, ծաղիկներ ենք խոնարհել զոհվածների հիշատակին, տեղում կազմակերպվել են միջոցառումներ։ Մեզ համար այն եղել է սրբատեղի, վայր, որտեղ մշտապես հարգանքի տուրք է մատուցվել զոհված տղաներին»,- նշեց Նարեկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայկական հուշարձանները ոչնչացնում է, որպեսզի իսպառ վերացնի հայկական հետքը։

«Կարծում եմ՝ Ադրբեջանի այս բարբարոսությունների վերաբերյալ միջազգային հարթակներում պետք է շատ բարձրաձայնվի, խոսվի։ Հուշարձանների պաշտպանության գերատեսչությունն իր միջազգային գործընկերներին պետք է այս ամենի վերաբերյալ տրամադրի լուսանկարներ, տեսանյութեր, չէ՞ որ այդ ամենով վերացվում է հայկական հետքը»,- հավելեց Նարեկ Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է Քաշաթաղում առկա հուշարձանների թվին, Նարեկ Ալեքսանյանը փոխանցեց, որ հաշվառումը կատարել է Արցախի մշակույթի նախարարությունը։

«Նախորդ տարվա օգոստոսին, երբ Քաշաթաղը հանձնվեց, որոշ խաչքարեր հանվեցին ու տեղափոխվեցին Ստեփանակերտ, քանի որ արդեն ունեինք Հադրութի ու Շուշիի օրինակը, որտեղ Ադրբեջանի ձեռամբ ոչնչացվում էին հայկական խաչքարերը։

Կրկնում եմ՝ մենք ունեինք Շուշիի ու Հադրութի օրինակները, դրա համար տեղափոխեցին որոշ խաչքարեր, ինչն ուներ դրական ու բացասական կողմ։ Տեղափոխելով խաչքարը, նույնն էր, որ այդ տարածքը կորցնելու է իր հայկականությունը, մյուս կողմից էլ՝ տեղափոխվելով՝ այդ խաչքարը փրկվում էր ոչնչացումից։ Մենք Բերձորում ունենք եկեղեցի, իմ ունեցած վերջին տեղեկություններով՝ դեռևս կանգուն է, դեռ չեն ապամոնտաժել, սակայն չկա որևէ երաշխիք, որ այն չեն ապամոնտաժելու»,- եզրափակեց Նարեկ Ալեքսանյանը։

Տեսանյութեր

Լրահոս