
«Մտահոգիչ է «Եղբայրական» գերեզմանոցի ճակատագիրը. Ադրբեջանն ասել է՝ Արցախում ոչնչացման են ենթակա 1980-ականներից կառուցված պատմական հուշարձանները». Հովիկ Ավանեսով

Դեռևս հուլիսի վերջին Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունն ահազանգել էր, որ Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։
Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Գրեթե 2 շաբաթ տևած հրդեհների հետևանքով վնասվել էին նաև գյուղերն ամբողջությամբ, քանի որ կրակը հասել էր նաև տներին։
Դեռևս այդ ժամանակ փորձագետներն ահազանգում էին, որ Ադրբեջանը մտածված է հրդեհներ ստեղծել Արցախում, որպեսզի ոչնչացնի հայկական հետքն Արցախում։
Այդ հրդեհներից հետո այս պահին ի՞նչ իրավիճակ է Արցախի այն տարածքներում, որոնք հայտնվել էին կրակների ճիրաններում։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին փորձում են տարբեր աղբյուրներից տեղեկանալ, թե ո՞ր հուշարձաններն են մասամբ վնասվել, որո՞նք են ոչնչացվել, և առհասարակ հրդեհից հետո Արցախում որևէ հուշարձան կանգուն մնացե՞լ է, թե՞ ոչ։
«Մենք այս հարցը փորձում ենք պարզել արբանյակային լուսանկարների միջոցով, երբ ընդհանուր պատկերն ունենանք՝ կհրապարակենք։ Մինչև հրդեհը, ամբողջ Արցախի տարածքում հուշարձանների ընդհանուր վիճակը մտահոգիչ է՝ մեր պատմամշակութային ամբողջ ժառանգությունը գտնվում է հիմնովին ոչնչացման եզրին»,- նշեց Հովիկ Ավանեսովը։
Ըստ մեր զրուցակցի, թեպետ հրդեհը Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցին չի հասել, սակայն գերեզմանոցի ճակատագիրը շատ մտահոգիչ է, քանի որ տեղեկություններ չունեն, թե այնտեղ ինչ է կատարվել ու կատարվում՝ ամբողջ եղբայրական գերեզմանոցի տարածքը փակել են։
«Այս պահին մենք այնտեղից որևէ լուսանկար չունենք՝ նկատի ունեմ՝ ներսի հատվածից, մեծ մտահոգություններ ունենք, որ որոշ ժամանակից հետո «Եղբայրական» գերեզմանոցը դառնա Ադրբեջանի հերթական վանդալիզմի զոհը և այն ամբողջովին ոչնչացնի։ Հատկապես, երբ Ադրբեջանը չի թաքցնում, որ նպատակ ունի Արցախի ողջ տարածքում նման հուշահամալիրները ոչնչացնել։ Ադրբեջանն ասել է՝ Արցախում ոչնչացման է ենթակա 1980-ականներից մինչև 2023 թվականի սեպտեմբեր կառուցած պատմական հուշարձանները և առհասարակ այն ամենը, ինչ կառուցվել է այդ ընթացքում»,- շեշտեց Հովիկ Ավանեսյանը։
2020 թվականի սեպտեմբերից մինչև այժմ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված 800-ից ավելի վանդալիզմի դեպքեր են արդեն գրանցել, թե քանի դեպք էլ կա, որ ադրբեջանական կողմը թաքցնում է կամ հայտնի չէ՝ Հովիկ Ավանեսովը դժվարանում է ասել։ Միայն հայտնի է, որ Ադրբեջանը մեծ թափով վանդալիզմի է ենթարկում գյուղերի ու շրջկենտրոնների հայկական հուշարձանները, ամբողջական գյուղեր ու եկեղեցիներ է ոչնչացնում։
«Վերջին հրապարակած թղթերով Ասկերանի պատմական դեմքի ոչնչացումն է այս պահին ընթանում և այս ամենը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ու հովանավորությամբ»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։