«Ադրբեջանն Արցախի բնակավայրերի իսլամացման գործընթաց է սկսել 2 ձևով. Արցախում բռնկված հրդեհները միտումնավոր են». Լեռնիկ Հովհաննիսյան

Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունն ահազանգում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։

Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։

«Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով վնասվել են Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։ Կրակի տարածումը հասել է նաև Նախիջևանիկ և Սեյդիշեն համայնքներ, որոնց տարածքում գտնվող եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող այլ կառույցներ կանգնած են անմիջական վտանգի առաջ»,- հայտնել է Արցախի Մշակույթի նախարարությունը։

Կարդացեք նաև

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը պնդում է՝ չի հիշում, որ երբևէ, նույնիսկ փոքր տարիքում, Արցախում նմանատիպ մեծ մասշտաբի հրդեհ լինի։ Եղել են փոքր հրդեհներ, օրինակ, ցորենի, գարու արտերում, բայց՝ ոչ այս ծավալով։

«Նույնիսկ պատերազմի ժամանակ, որ արդեն ադրբեջանական կողմից ռմբակոծում էին անտառները, ինչը կարող էր նմանատիպ հրդեհների բռնկման պատճառ դառնալ, չեմ հիշում, որ Մարտունու տարածաշրջանից, Ամարասի հովտից մինչև Թալիշ այդ ամբողջ երկայնությամբ հրդեհներ լինեն։

Մենք գիտեինք միայն Նախիջևանիկի մասին, բայց այսօր արդեն կադրեր կան Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից, որտեղ տարածվում է կրակը։

Այստեղ ես միտումնավորություն եմ տեսնում, որովհետև Ադրբեջանը թե՛ 2020 թվականի Շուշիի և Հադրութի շրջանում, թե՛ Մատաղիս-Թալիշ հատվածում և 2023  թվականի սեպտեմբերի 19-ից հետո՝ ամողջ Արցախի տարածքում, ամեն ինչ անում է, որպեսզի ոչնչացնի հայկականության հետքը»,- 168.am հետ զրույցում նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը հրդեհներն օգտագործում է հայկական բնակավայրերի ոչնչացման համար, հետո էլ պատրվակ կբերի, թե ավերակներ են, հետևաբար՝ այդ ավերակները պետք է վերացնի։

Լեռնիկ Հովհաննիսյանը նաև ուշադրություն հրավիրեց հրդեհի գոտում աշխատող տեխնիկայի ու հրշեջների քանակի վրա՝ շեշտելով, որ այն ռեսուրսը, որն Ադրբեջանն օգտագործում է իբր այդ հրդեհները մարելու համար, բնականաբար, բավարար չէ նման ծավալով հրդեհը մարելու համար։

«Ինչ-որ տեղ մարել են, ինչ-որ տեղ նորից հրդեհ է բռնկվել, այսինքն՝ օջախների համատարած մարման աշխատանքներ փաստորեն չկան։ Որոշ տեղեր, երբ տեսել են, որ հրդեհը կարող է վնասել իրենց տնտեսական գործունեությանը, այդ վայրերում կարողացել են ինչ-որ ձևով մարել։ Տեղեկատվություն կա, որ նույնիսկ 3 հոգու են ձերբակալել Սուս գյուղի կողմից հրդեհման համար։

Կրկնում եմ՝ կատարած աշխատանքը և այն ռեսուրսները, որոնք օգտագործում են իբր թե հրդեհի մարման համար, բնականաբար, բավարար չեն, որպեսզի հրդեհն իրականում մարվի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև փոխանցեց՝ մինչև այս պահը որևէ տեղեկություն չունեն՝ հրդեհների հետևանքով ի՞նչ հուշարձաններ են ոչնչացվել կամ վնասվել։ Եթե հրդեհներն արդեն հասել են գյուղեր, ապա բնական է, որ գյուղական եկեղեցիներն ինչ-որ ձևով կարող են վնասվել։ Մեկ բան փաստ է՝ այս ամենով վտանգվում է Արցախի Հանրապետության մշակութային ժառանգությունը։

«Այդ հրդեհների պատճառով թե՛ բնական, թե՛ պատմական լանդշաֆտը կկրի փոփոխություններ։

Հիմա Ադրբեջանն ինչ ուզում, այն էլ անում է, ակնհայտ փաստ է, որ նրանք եկեղեցիներ, խաչքարեր, Ստեփանակերտի պատմական թաղամասերն են ոչնչացրել, նաև ամբողջական բնակավայրեր։

Ադրբեջանը նաև Արցախի բնակավայրերի իսլամացման գործընթաց է սկսել 2 ձևով՝ հայկական բնակավայրերում մզկիթներ կառուցելով՝ Քարին տակը, Մատաղիսը, Հադրութը դրա վկայությունն է։ «Գուգլով» մտեք Արցախի ցանկացած բնակավայր, օրինակ, Շոշ գյուղ, ամենասովորական տան վրա կտեսնենք կիսալուսնի նշան։ Այսինքն՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է Արցախի հայկականությունը ոչնչացնելու համար։ Այս հարցում կարծես թե Ադրբեջանին տրված է ամբողջական ազատություն»,- ընդգծեց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս