
«Եթե Ադրբեջանը գյուղերը ոչնչացնելով՝ վրեժ է լուծում արցախցիներից, ուրեմն հերթով բոլոր բնակավայրերը պետք է ոչնչացնի». Լիսագորի ղեկավար

Ադրբեջանն օկուպացված Արցախում հիմնովին ոչնչացրել է հերթական գյուղը։ Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը՝ բոլոր տներով ու պատմական հուշարձաններով, Ադրբեջանը հավասարեցրել է հողին։ Լիսագորում Ադրբեջանը կառուցել է ինչ-որ շինություններ, հավանաբար դրանք ռազմական կառույցներ են։
Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանի խոսքով՝ Լիսագորն իր տարածքով ու դիրքով շատ հարմարավետ է, կարելի է ասել՝ Արցախի ամենաբարձր դիրք ունեցող գյուղերից է։
«Բնական է, եթե գյուղն իր դիրքով լավն է, տեղանքը բարենպաստ է, նախընտրել են հենց այնտեղ իրենց ծրագրերն իրականացնեն, հատկապես, եթե այդ ծրագրերը ռազմական բնույթ են կրում։
Արցախյան բոլոր պատերազմներին, նաև 2022 թվականի շրջափակման ժամանակ, ինչպես Լիսագորի, այնպես էլ՝ Արցախի մյուս բնակավայրերի բնակիչները հերոսական պայքար են մղել։ Եթե Ադրբեջանը մեր գյուղերը ոչնչացնելով՝ վրեժ է լուծում արցախցիներից իրենց պայքարի համար, ուրեմն հերթով բոլոր բնակավայրերը պետք է ոչնչացնի։
Լիսագորում եկեղեցի չկար, բայց մեր համայնքում կար, բնակիչներն այնտեղ էին այցելում, արարողություններին մասնակցում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Նասիբյանը։
Նա նշեց, որ չկան գյուղեր, համայնքներ, որտեղի բնակիչներն իրենց պայքարով զիջեն Լիսագորի բնակիչների պայքարին, 30 տարուց ավելի՝ արցախցիները փորձել են ատամներով պահել իրենց հողը։
«Իմ գյուղի բնակիչներն էլ շատ արցախահայերի նման իրենց բաժին պայքարը տվել են։ Հիմա էլ ամեն մեկը մի վայրում է ապրում, բոլորից մեկ առ մեկ տեղյակ եմ։ Մեր աշխատողների հետ կապը պահում եմ, նրանք միշտ հեռախոսազանգը պահում են բնակիչների հետ»,- հավելեց Գագիկ Նասիբյանը։
Նա ցավով ասաց, որ Արցախ վերադառնալու հույսը կորցրել է։
«Որքան էլ ցավալի է, ինքս Արցախ վերադարձի հույսը չունեմ՝ տեսնելով այն ամենը, ինչ եղավ։ Բայց մենք միշտ պետք է խոսենք Արցախի մասին, և մինչև մեր ազգը մեկը մյուսին չսիրի, չհարգի, որևէ բանի չի հասնելու։ Արցախ վերադառնալու համար միասնականություն է պետք, հարգանք, որն այս պահին չկա»,- ընդգծեց Գագիկ Նասիբյանը։
Նշենք, որ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ Ադրբեջանը Լիսագորը դարձրել էր ռազմական հենակետ, որտեղից հարձակվում էր հարակից գյուղերի վրա։ Գյուղն ադրբեջանական օկուպացիայից ազատագրվեց 1992 թվականի մայիսին։ Գյուղի վերաբնակեցումը սկսվել է 1994 թվականից, որից հետո Լիսագորում մեկը մյուսի հետևից բացվեցին գյուղապետարանի շենքը, մշակույթի տունը, բուժկետը, միջնակարգ դպրոցը, ինչպես նաև «Շուշիի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաճյուղը։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի ու նրա խաղաղ բնակիչների նկատմամբ, հաշված օրերի ընթացքում ցեղասպանության վտանգի ներքո արցախահայերը բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից, որից հետո Ադրբեջանը սկսեց Արցախի հայկականությունը ջնջելու քաղաքականություն։ Այս պահին Արցախում ադրբեջանական վանդալիզմի հետևանքով ոչնչացվում են եկեղեցիներ, հուշարձաններ, պատմական շենք-շինություններ, նույնիսկ գերեզմանոցներ։