Ադրբեջանն օկուպացված Արցախում հիմնովին ոչնչացրել է հերթական գյուղը։ Շուշիի շրջանի Լիսագոր գյուղը՝ բոլոր տներով ու պատմական հուշարձաններով, Ադրբեջանը հավասարեցրել է հողին։ Լիսագորում Ադրբեջանը կառուցել է ինչ-որ շինություններ, հավանաբար դրանք ռազմական կառույցներ են։
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, որը մեծամասամբ ուսումնասիրում է ՀՀ տարածքից դուրս գտնվող հուշարձանները, այս պահին մեծ խնդիր ունի՝ կապված Արցախում հուշարձանների հետ, որոնք ամեն օր ու ժամ պակասում են՝ ենթարկվելով ադրբեջանական վանդալիզմին։
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել պատմական հուշարձանները։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններից հետո, Ադրբեջանը սկսել է քանդել գրեթե բոլոր գերեզմանոցները, եկեղեցիները, հուշահամալիրները։ Ադրբեջանի թիրախում առաջին հերթին հայտնվել են Արցախի գոյամարտում նահատակվածների հիշտակին նվիրված հուշակոթողները։
Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանն Արցախում սկսել է ոչնչացնել մշակութային հնագույն հուշարձանները, ջանք չխնայելով վերացնելու Արցախում հայկական հետքը։
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է՝ որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։
Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն օրերս հրապարակել էր Բերձորում Ադրբեջանի իրականացրած հերթական վանդալիզմը փաստող կադրեր։