Բաժիններ՝

«Ծանրամարտն արդար սպորտաձև է. բարձրացրեցիր՝ հաղթեցիր, չբարձրացրեցիր՝ չհաղթեցիր». Սիմոն Մարտիրոսյան

Երևանում 2023 թվականի ապրիլի 15-23-ն անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195+245 կգ): Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն իր կարիերայում 7-րդ անգամ նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ արժանանալով նաև առանձին վարժությունների ոսկե մեդալներին: Տալախաձեն Եվրոպայում առաջինն է ճանաչվել երկամարտի 474 կգ արդյունքով, իսկ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) իր կարիերայում երկրորդ անգամ դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Սիմոն Մարտիրոսյանը, օրինակ, կարող էր ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել, սակայն խանգարել են առողջական խնդիրները:

«Չնայած Սիմոն Մարտիրոսյանն այն մարզիկներից է, ով կարող է ցանկացած կիլոգրամ բարձրացնել, եթե վնասվածքներն իրեն այդքան «չխեղդեին»»,- նշել էր Փաշիկ Ալավերդյանը:

Ո՞վ է Սիմոն Մարտիրոսյանը, ինչո՞ւ և ինչպե՞ս ընտրեց ծանրամարտը, և, ի վերջո, ե՞րբ է հաղթելու Լաշա Տալախաձեին. այս հարցերի պատասխանները 168.am-ը փորձել է պարզել հենց մարզիկից:

Կարդացեք նաև

Սիմոն, սկզբում զբաղվել եք բռնցքամարտով, ապա նոր՝ ծանրամարտով. ինչո՞վ գրավեց այս սպորտաձևը, և ինչո՞ւ, այսպես ասած, տանել չեք կարողանում բռնցքամարտը:

Բռնցքամարտի մեր Հայկաշեն գյուղից Էջմիածին եղբորս հետ էի գնում: Այդ ժամանակ 11-12 տարեկան էի: Իրականում ոչ մի սպորտաձև էլ մյուսից առավել չէ, ուղղակի նայած, թե ով որն է նախընտրում: Ինձ համար առաջնայինը ծանրամարտն է ու այս մարզաձևի առավելությունն արդարությունն է: Այն արդար  սպորտաձև է, որովհետև ամեն ինչ ավելի շատ կախված է քեզանից, քան մրցավարից: Բարձրացրեցիր՝ հաղթեցիր, չբարձրացրեցիր՝ չհաղթեցիր:

– 12 տարեկանում 60 կգ-անոց ծանրաձող եք բարձրացրել. այդ ի՞նչ գերբնական ուժ է եղել: Մինչ այդ երբևէ նման ծանրություն բարձրացրած կայի՞ք:

– Դե, Աստծո տված շնորհ, գենետիկ ուժ:  Մինչ այդ ծանրամարտի դահլիճ երբեք չէի մտել:  Բայց դե, գյուղացի՝ կաթ, մածուն կերած երեխա էի (Ծիծաղում է.- Ա.Կ):

Յուրաքանչյուր մասնագետ իր կյանքում ունենում է հիասթափություններ: Ձեր դեպքում եղե՞լ է, եթե այո, ապա ի՞նչն է պահել:

– Լիքը: Ինձ պահել է համբերությունը:

Ամեն անգամ ոսկուց մեզ զրկում է վրացի մարզիկ Լաշա Տալախաձեն, սակայն մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կարծում է, որ միայն Դուք կարող եք հաղթել նրան, քանի որ կարող եք բարձրացնել ցանկացած կիլոգրամ: Այս անգամ նրան հաղթելուն ի՞նչը խանգարեց, ո՞րն է վրացի մարզիկի հաջողության գաղտնիքը՝ ըստ Ձեզ:

– Լաշա Տալախաձեն իր քաշային կարգում արդեն վաղուց է մասնակցում: Նույն ձև, ինչպես ես էի 109 կգ քաշային կարգում, ինքն էլ գերծանրում է, բայց դե, բոլորն էլ մարդիկ են, ու անհնար ոչինչ չկա: Լաշան տաղանդավոր տղա է, շատ լավ մարդ, ընկեր է, մնացածն էլ արդեն ժամանակի, քրտնաջան աշխատանքի խնդիր է: Մարդը աշխատել և հասել է այդ արդյունքին: Մնում է, որ մենք էլ լավ աշխատենք, հասնենք ու անցնենք: Վերջին երկու տարում վնասվածքներս ինձ շատ էին խանգարում, հետ ընկա կամ տեղում մնացի: Հիմա արդեն կամաց-կամաց բոլոր վնասվածքները բուժվում են:

Սեպտեմբերին Սաուդյան Արաբիայում ծանրամարտի աշխարհի առաջնությունն է, մասնակցելո՞ւ եք:

– Այո: Մինչ այդ, կախված մարզավիճակից, պարզ կլինի, թե քանի՞ կիլոգրամ պատրաստ կլինես բարձրացնել: Տակտիկական պայքարն արդեն մարզիչը կորոշի:

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում  Ձեր անունով ծանրամարտի մարզադպրոց է կառուցվում: Արդյո՞ք դա կնպաստի, որ երեխաները զբաղվեն սպորտով:

– Իմ՝ ամեն մրցմանը  մասնակցելուց հետո մոտավորապես 10 և ավելի երեխա սկսել է ծանրամարտի դպրոց հաճախել՝ այդ ամեն ինչը տեսնելով: Դա էլ է խթան հանդիսացել: Այն ժամանակ, երբ մեր դպրոցում անգամ ջեռուցում չկար, 20-30 երեխայից մենակ ես ու եղբայրս էինք գնում, ու դա՝ հանուն մեր նպատակի: Ցուրտ մարզադահլիճում, ուր ջուրը սառույց էր դառնում, մենք պարապել ենք:

– Հիմիկվա երեխաները, երևի, նման բան չեն անի:

– Այո, չեն անի: Չնայած այն ժամանակ էլ չէին անում, մենակ ես ու եղբայրս ենք գնացել:  Կարծում եմ՝ նոր մարզադպրոցն էլ իր հերթին կնպաստի, որ շատերը հաճախեն մարզադպրոց: Տեսնում եմ, որ շատ երեխաներ ունեն ներուժ:

Տեսանյութեր

Լրահոս