Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագիծ է ներկայացրել կառավարությանը, որով առաջարկվում է Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով և 3-րդ կետով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 2023 թվականի ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին»,- նշված է որոշման մեջ:
Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր և 2023 թվականի Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 22-ի № 1094-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2023 թվականի ամառային զորակոչը։ Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը նախապատրաստվում է մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը և 2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի։