Հայկական բեռնատարների մուտքն արգելելու որոշումը ՌԴ-ի՞նն է. նախարարությունում դեռ ճշտումներ չեն արել

«Բեռնատարների վարորդները, ֆերմերներն ահազանգում են, որ օրերով չեն կարողանում արտահանել գյուղմթերքը Ռուսաստանի Դաշնություն,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և մանրամասնել,-Վրաստանում տեղեկացնում են, որ հայկական բեռնատարների մուտքն արգելելու որոշում կայացրել է ռուսական կողմը։ Հայկական բեռնատարներն արդեն օրեր շարունակ կանգ են առել Վրաստանում՝սպասելով որևէ պարզաբանման։ Այս ամենի արդյունքում, լրջագույն վնասներ կարող են կրել ջերմոցային տնտեսությունները։ Իսկ առաջիկա ամիսներին, երբ մեկնարկի ծիրանի և այլ մրգերի սեզոնը, կարող է ամբողջովին վտանգվել գյուղատնտեսության այս ճյուղը»։

Պատգամավորը տեղեկացրել էր՝ խնդրի կապակցությամբ հարցումներ է ուղղել Էկոնոմիկայի նախարարություն ու ՊԵԿ:

168.am-ը ևս փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն պարզվեց՝ նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն աշխատանքային օրվա ավարտին մոտ դեռևս չուներ հստակեցումներ համապատասխան ստորաբաժանումներից:

«Փորձում ենք տեղեկատվություն ստանալ ստորաբաժանումներից»,- վստահեցրեց աշխատակիցը՝ խոստանալով ճշտումներից հետո կապ հաստատել մեզ հետ:

Կարդացեք նաև

Իսկ արդեն 17:59-ից սկսած՝ այդ հեռախոսահամարին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան:

168.am-ը փորձում է նաև կապ հաստատել Վրաստանում կանգնած հայկական բեռնատարների վարորդների հետ:

Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը նշել էր՝ եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակվել են:

Հիշեցնենք՝ այս ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

Վրաստանը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։

Տեսանյութեր

Լրահոս