«Փաշինյանն ասում է՝ ինքը չի հանձնել Արցախը, բայց հանձնած է… երեկ մենք ապրում էինք նույն այդ Ղարաբաղում ու բոլորն էլ տեսել են, որ հանձնված չէր». Հայրապետով
«Իմ կարծիքով՝ Արցախում ժողովուրդն այսօր ճնշված է բայց ոչ թե, որ ադրբեջանցիները ևս մեկ ճանապարհ են փակել և անցակետ են ուզում տեղադրել, այլ, որ այս ամենը անգործության հետևանքով է լինում, որ որևէ մեկը չի կարողանում այս խնդրին լուծում տալ, այսինքն՝ ադրբեջանցիներն ինչ ուզում, ոնց ուզում, անում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ասկերանի շրջանի Ջրաղացներ համայնքի նախկին ղեկավար Արսեն Հայրապետովը:
Ջրաղացներ համայնքը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո է անցել թշնամու վերահսկողության տակ։
Արսեն Հայրապետովի խոսքով՝ Արցախում բոլորն էլ հասկանում են, որ թշնամու նպատակն առանց հայերի Արցախն է, ինչին հասնելու համար թշնամին գործի է դնում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ճնշումներ.
«Ուզում են հուսալքություն առաջացնեն մեր ժողովրդի մեջ, ամեն ինչ անում են, որ Արցախը հայաթափվի: Եթե նրանց նպատակն այնպես անելն է, որ մենք հուսահատվենք, ապա մենք էլ պետք է դրան հակառակ մի քայլ անենք, որ ժողովուրդը չհուսահատվի:
Վերջին տարիներին համոզվեցինք, որ ոչ մի պետություն չի կարող մեզ հույս տալ, բացի մեզանից՝ Արցախից և Հայաստանից, իսկ դա պետք է լինի ռացիոնալ քայլերով, այն քայլերով, որ վերջին 3-4 տարում մենք չտեսանք: Չեմ ուզում քաղաքականացնել իմ խոսքը, բայց մի՞թե ղեկավարը չունի այնպիսի քայլերի պլան, որ այս ժողովուրդը հուսահատությամբ չտառապի, իրենք կարող են մխանիզմներ մտածել, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները»:
Անդրադառնալով նախօրեին թշնամու կողմից Հայաստան-Արցախ սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելուն և այնտեղ անցակետ տեղադրելուն, Արսեն Հայրապետովն ասաց.
«Զուգադիպություն չէր, որ հենց ապրիլի 24-ի նախօրեին հերթական ճանապարհը փակվեց, թշնամին սիմվոլիկ ամսաթվեր է ընտրում և այդ օրերին նոր գործողություններ իրականացնում: Պատկերացնում եք՝ մեր պետության դեմ սիմվոլիկ օր են ընտրում և այդ օրվա վրա ծրագրում են այդ պլանը, ապա կատարում, համոզված լինելով, որ դա կատարվելու է, քանի որ իրենք չունեն որևէ հակադրվող ուժ:
Պետք է դրան հակադրել, եթե ժողովուրդը տեսնի, որ մենք դրան հակադրում ենք, իմունիտետ ձեռք կբերենք և հաջորդ՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ փուլում ավելի մեծ իմունիտետ կունենանք, գուցե նաև խաղի կանոնները փոխվեն…»:
Դիտարկմանը, որ Արցախի բազմաթիվ քաղաքացիներ մեզ հետ զրույցներում դժգոհում են ՀՀ իշխանություններից, ասում, որ հենց նրանց վարած սխալ քաղաքականության հետևանքով է Արցախն այս վիճակին հասցվել, Արսեն Հայրապետովն ասաց.
«Ես այս մասով չեմ կարող բան ասել, քանի որ բանակցություններին չեմ եղել, իրազեկված չեմ, իրազեկված եմ այնքանով, որքանով լրատվամիջոցներն են ներկայացնում: Բայց այսօր մեր՝ Արցախի հարցի լիազորված պետությունը Հայաստանն է, և այն ամենը, ինչ կատարվում է Արցախի հետ, թե՛ լավ, թե՛ վատ, պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է»:
Նիկոլ Փաշինյանն ընդամենը 2 ամիս առաջ հայտարարեց, որ պատերազմի պարագայում Հայաստանի Հանրապետությունը չի՛ կարող լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և, որ այդ երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է:
Ավելին, օրեր առաջ էլ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը դեռ 2007-ին է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս:
Ուստի Արսեն Հայրապետովին հարցրեցինք, թե սա չի՞ նշանակում, որ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում.
«Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Արցախի իշխանությունները ճիշտ չեն հասկանում իրեն, ինքն ինչ ասում է, դրա հակառակն են հասկանում:
Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, մենք պետք է իր առաջին հայտարարածին չհավատանք, հավատանք երկրորդին, և հակառակը: Ես վարչապետի ասածը չեմ կարողանում հիմնավորել, թե դրանցից ո՞րն է ճիշտը: Մի բան ասում է, հետո իր ասածը փոխում, ուրիշ ձև է ներկայացնում, այսինքն՝ ասողը չի սխալվել, այլ ընկալողն է սխալ ընկալում: Ես չեմ պատկերացնում՝ նման ձև ո՞նց կարելի է… Իմ կարծիքով՝ ղեկավարների մոտ հստակ ունեն խոսելաձևի հստակ ձևաչափ, որ հայտարարությունը երկիմաստ չլինի, եթե ղեկավարը միշտ պետք է խոսի, որ իրեն ճիշտ չեն հասկացել, որ իր ասածներն այլ իմաստ ունեն, էդ ձևով չեմ ասել, էն ձևով եմ ասել…»:
Շարքային քաղաքացիներն ինչպե՞ս են արձագանքում Փաշինյանի վերջին հայտարարություններին, նրանք ինչպե՞ս են հասկացել Փաշինյանի խոսքերը.
«Շարքային քաղաքացիները հասկանում են այն նույն ձևով, ինչպես որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է: Ճիշտ է՝ ինքը փակագծերը չի բացում, բայց հստակ ասում է՝ ես չեմ հանձնել Ղարաբաղը, այսինքն՝ այս պահին նրա գնահատականն այն է, որ Ղարաբաղն արդեն հանձնվել է, ինքը չի հանձնել, բայց հանձնած է: Եթե ինքը տեսնում է, որ Ղարաբաղը երեկ հանձնել են, երեկ մենք ապրում էինք նույն այդ Ղարաբաղում ու նման բան չենք տեսել, այսինքն՝ բոլորն էլ տեսել են, որ հանձնված չէր:
Այն ժամանակ ավելի լավ էր, քան հիմա, այն ժամանակ ադրբեջանցին մեզանից հարյուրավոր կիլոմետրերով հեռու է եղել: Որ համեմատականներ ենք տանում, ավելի շատ տպավորություն ունենք, որ այսօր է հանձնվել, քան առաջներում:
Ես հիմա ոչ թե Փաշինյանի ասածն եմ վերլուծում, այլ Փաշինյան անձի կամ որևէ մի մարդու, որն իր նման է արտահայտվում այսօր, իսկ իր նման շատերն են արտահայտվում, որ Արցախը հանձնվել է՝ 2007-2008 թվերին, նման բան ասողները երևի Արցախում չեն էլ ապրել կամ ապրում, ես էի ապրում Արցախում, և այդ տարիներին հանձնված չէր Արցախը: Այդ տարիներին մենք սկսեցինք գյուղատնտեսությունից, առողջապահությունից, մանկապարտեզներից և այլն, բոլորիս ազատ շարժն ապահովված էր Արցախի ցանկացած տարածքում, անգամ սահմանամերձ տարածքներում ավելի ապահով էին մարդիկ իրենց հողատարածքները մշակում, քանի որ այն ժամանակ ադրբեջացին գիտեր, որ ցանկացած սադրանքի դեպքում հակահարված էր ստանալու: Այնպես որ, ներկան համեմատելն անցյալի հետ ճիշտ չի լինի, եթե մենք խոսում ենք, որ երեկ են հանձնել, ապա նորից եմ ասում՝ երեկ ես ապրում էի այստեղ, և նման բան ասողները չեն ապրել այստեղ… Իսկ հիմա, որ նայում ենք, վտանգված ենք»:
Այսօր հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է, և բազմաթիվ քաղաքական-հասարակական գործիչներ ահազանգում են, որ նույն վտանգն այսօր կախված է Արցախի գլխին, որ ամեն պահի Ադրբեջանը կարող է ցեղասպանության ենթարկել 4 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին: Եթե զուգահեռներ անցկացնենք 108 տարի առաջ կատարվածի և այսօր տեղի ունեցողի միջև, ի՞նչ եզրահանգման կարող ենք հանգել, որտե՞ղ ենք սխալվել և արդյոք կրկնո՞ւմ ենք նույն սխալները. հարցրեցինք Արսեն Հայրապետովին.
«Երբ պատմությունը կարդում ենք, տեսնում ենք, որ նույն իրավիճակն է: Հիմա 21-րդ դարին համահունչ ցեղասպանություն է գնում, եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ փուլ առ փուլ այդ ծրագիրն են իրականացնում, Արցախի շուրջ օղակը սեղմված է, նույն ձև էլ անցնում են Հայաստանին: Եթե մենք հակահարվածներ չտանք, վերջակետը կլինի ցեղասպանությունը:
Ոչ մի տարբերություն չկա 108 տարի առաջ կատարվածի և այսօր Արցախի շուրջ կատարվողի միջև, ուղղակի հիմա 21-րդ դարին համահունչ են անում»:
Արսեն Հայրապետովի խոսքով՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը համախմբումն է.
«Թող ֆանտաստիկ չհնչի, բայց, եթե մենք պետք է մեր երեխաներին, թոռներին հայկական Արցախ և հզոր Հայաստան փոխանցենք, ապա այսօրվանից մենք՝ ես, դուք, բոլորս, պետք է սկսենք պետության երաշխավորի՝ բանակի ուղղությամբ աշխատանքներ տանել, երևացող աշխատանքներ: Ազգը պետք է դառնա բանակ, առաջին հերթին՝ պաշտպանվելու, երկրորդ հերթին՝ ազատագրելու: Այսօր ես դա չեմ տեսնում, եթե անգամ անում են, տեսանելի չէ: Տղամարդիկ, կանայք, երեխաներ, մենք պետք է հասկանանք, որ սա հայրենական պատերազմ է, լոկալ պատերազմ չէ, սա Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայերի պատերազմն է: Իմ կարծիքով՝ համախմբումը պետք է լինի ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ, հայրենիք ունենալու գաղափարի, դա է որոշելու մեր լինել-չլինելու հարցը»: