«Պատերազմի պարագայում ՀՀ-ն չի՛ կարող լինել ԼՂ անվտանգության երաշխավորը. այդ երաշխավորը Ռուսաստանն է». Նիկոլ Փաշինյան
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում հնարավոր էսկալացիային, այդ համատեքստում լրագրողի հարցին, թե՝ այդ դեպքում արդյոք Հայաստանն ապահովելո՞ւ է Արցախի անվտանգությունը, Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, Փաշինյանը պատասխանեց՝ հիշատակելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:
«Ինչո՞ւ ես ստորագրեցի այդ հայտարարությունը, շատ պարզ մի պատճառով, ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը չի՛ կարող ձեզ հայտնի հանգամանքների բերումով լինել Լեռնային Ղարաբաղի անվտանգության լիարժեք երաշխավորը: Հետևաբար՝ պետք էր ստեղծել մի համակարգ, որը երաշխավորեր Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
Համաձայն եռակողմ հայտարարության և այդ հայտարարությունից հետո Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայացրած որոշման, որը ՌԴ նախագահին թույլ է տալիս զորքեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս ամենով արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է: Ո՛չ թե, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, այլ, որ, ցավոք, Հայաստանը 44-օրյա պատերազմի պատճառով չի՛ կարող լիարժեք կատարել այդ գործառույթը:
Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղում կա Պաշտպանության բանակ, որն Ադրբեջանը փորձում է ներկայացնել Հայաստանի բանակ: Էլի ուզում եմ ասել, որ ՀՀ-ն բանակ չունի ԼՂ-ում:
Ադրբեջանը նաև փորձում է հիմնավորել, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պետք է լուծարվի, պետք է գոյություն չունենա… Եթե Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության և էթնիկ զտման վտանգ չլինի, առնվազն այդ մասշտաբով բանակ ունենալու կարիք չի ունենա: Դուք պատկերացնո՞ւմ եք, էս նեղ վիճակում միլիարդներ են ծախսում էդ բանակը պահելու համար:
Լեռնային Ղարաբաղում բանակի գոյությունը ցեղասպանության և էթնիկ զտումների նախապատրաստումների ամենամեծ ապացույցն է…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում