168.am-ը հետևողականորեն անդրադառնում է 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերին, տվյալ դեպքում՝ Մատաղիսի հրամանատարի գործին, որի դատաքննությունը դռնփակ է ընթանում:
2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող՝ գնդապետ Սևակ Աբրահամյանի գործով հարցաքննվել էՀՀ Զինված ուժերի (ԶՈՒ) Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Սևակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը:
168.am-ը գրել էր, որ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել՝ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու: Բացի այս, նա իր կարգադրության մեջ նշել է, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ:
168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրությունների շարք է ներկայացրել այն մասին, որ 2020 թվականի պատերազմին ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել, մասնավորապես, պատերազմի սկսվելու պահին զինվորները կարևոր ուղղություններում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել։ Այսինքն, զորքը պաշտպանության անցած չի եղել: Ավելին, պատերազմի առաջին րոպեներին իր տեղում չի եղել այդ ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը:
Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործն առաջիկայում կքննի հակակոռուպցիոն դատարանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մանուչարյանի շահերի պաշտպան Արման Թամրազյանը։