Անշարժ գույքի շուկայում արձանագրվել է վերջին 4 տարիների վատագույն ցուցանիշը

Հայաստանի անշարժ գույքի շուկան հայտնվել է խորը դեպրեսիայի մեջ. արձանագրվել է առք ու վաճառքի գործարքների վերջին 4 տարիների վատագույն ցուցանիշը։ Անշարժ գույքի առք ու վաճառքը փետրվարին կրճատվել է՝ ինչպես անցած, այնպես էլ՝ նախորդ երկու տարիների համեմատ։

Գրեթե 1000-ով ավելի քիչ անշարժ գույք է վաճառվել, քան վաճառվել էր 2020թ. նույն ամսին։

Գործարքները 2020թ. նկատմամբ կրճատվել են ավելի քան 20 տոկոսով։

Վաճառված գույքի 8-9 տոկոսանոց նվազում է գրանցվել նաև նախորդ երկու տարիների համեմատ։

Կարդացեք նաև

Բայց սա միայն փետրվարին չի վերաբերում։

Անշարժ գույքի վաճառքի կրճատումն ավելի վաղ է սկսվել։ Հունվարին ևս գործարքները, այդ թվում՝ բնակարանային գործարքները, նվազել էին։

Այս միտումը նկատվեց դեռևս անցած տարվանից։ Տարվա երկրորդ կեսին ավելի քան 17 տոկոսով քիչ անշարժ գույք վաճառվեց, քան վաճառվել էր նախորդ տարի։

Վաճառքի գործարքների կրճատումը խոսում է շուկայի պասիվացման մասին։ Դա սկսվեց այն բանից հետո, երբ բարձրացան անշարժ գույքի վարձակալության գները։ Վերջին շրջանում դրանք ոչ պակաս կտրուկ նվազել են, բայց կրկին ակտիվություն չկա։ Շուկան անորոշության ու սպասումների մեջ է։ Առաջարկը կրճատվել է՝ հանգեցնելով գների չհիմնավորված բարձրացման։

Գների բարձրացումը գալիս է առաջնային շուկայից, որը տարածվում է նաև երկրորդային շուկայի վրա։

Կտրուկ թանկացել են նորակառուցները, որտեղ չհիմնավորված բարձր պահանջարկ է ձևավորվել։ Բոլորը շտապում են հիփոթեքով բնակարան ձեռք բերել՝ առանց մտածելու հետագա հետևանքների մասին։

Արտաքին գործոններով պայմանավորված՝ վերջին մեկ տարում որոշ ոլորտներում զբաղված քաղաքացիների մոտ բարձր եկամուտներ են ձևավորվել։ Դա նկատելի է հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային, ապահովագրական և այլ ոլորտներում։ Եկամուտների այդ աճը շատերին մղել է հիփոթեքով բնակարան ձեռք բերել։ Նաև նրանց, ովքեր ոչ շատ բարձր եկամուտներ են ստանում։ Հիփոթեքով բնակարան գնելու համատարած մոլուցք է սկսվել։ Գնում են, առանց մտածելու, որ վաղը կարող են կորցնել իրենց եկամուտները և հայտնվել փաստի առաջ։ Իսկ այդպիսի հավանականությունը չափազանց բարձր է։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ բարձր եկամուտների ձևավորման հիմքերը շատ խախուտ են, հիմնավորված չեն տնտեսական զարգացումներով և կապված են առաջին հերթին՝ դրսից թելադրված գործոնների հետ։ Այդ գործոնները, ինչպես անսպասելի հայտնվեցին, նույնպես անսպասելի կարող են անհետանալ։ Այդ ժամանակ շատերը կկորցնեն իրենց եկամուտները՝ կանգնելով վարկային պարտավորությունները կատարելու խնդրի առաջ։

Տնային տնտեսություններին, թեկուզ և այն, որ նրանց մի մասն այսօր բարձր եկամուտներ են ստանում, համատարած վարկերի տակ դնելը լավ բան չի խոստանում՝ ինչպես բանկային համակարգին, այնպես էլ՝ անշարժ գույքի շուկային։

Չստացվի այնպես, որ տնտեսությունը հանկարծ հայտնվի ճգնաժամի մեջ։ Իսկ դրա համար ոչ մի երաշխիք չկա։ Սովորաբար այդպես էլ լինում է՝ տնտեսության վերելքներին հաջորդում են վայրէջքները, որոնց արձագանքում են առաջին հերթին՝ անշարժ գույքի շուկան ու ֆինանսական համակարգերը։ Հաճախ նման երևույթներն այդ շուկաներում վերածվում են ճգնաժամերի ու ավարտվում փլուզումներով։

Գուցե շատերին կարող է թվալ, թե նման խնդիրներ չկան։ Բայց դրանք ցանկացած պահի կարող են առաջանալ։ Հատկապես տարածաշրջանային այսպիսի լարվածության, ամբողջ աշխարհում տեղի ունեցող տնտեսական պատերազմների ու ռազմական բախումների պայմաններում։

Հայաստանի անշարժ գույքի շուկան այս պահին ոչ միանշանակ է արձագանքում այդ երևույթներին։ Արտաքին գործոնների արդյունքում նույնիսկ որոշ դրական սպասումներ են ձևավորվել, որոնք էլ հանգեցրել են անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների կրճատման։

Դա առաջին հերթին՝ արտահայտվում է բնակարանային շուկայում, որովհետև առք ու վաճառքի գործարքները տեղի են ունենում հիմնականում այստեղ։ Թեև նվազել է նաև մյուս անշարժ գույքերի, այդ թվում՝ արտադրական ու հասարակական նշանակության օբյեկտների վաճառքը։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա փետրվարին անշարժ գույքի շուկայում 19,3 տոկոսով ավելի քիչ բնակարան և գրեթե 13 տոկոսով ավելի քիչ առանձնատուն է վաճառվել, քան վաճառվել էր անցած տարի։ Հունվարին բնակարանների վաճառքի քանակները կրճատվել էին՝ շուրջ 21, իսկ անհատական տներինը՝ 13 տոկոսով։ Այս անկումը տեղի է ունեցել՝ ինչպես մարզերում, այնպես էլ՝ մայրաքաղաքում։

Երևանում նույնիսկ ավելի ակտիվ է կրճատումը։ Հունվարին մայրաքաղաքում բնակարանների վաճառքը նվազել էր ավելի քան 16 տոկոսով։ Արդեն փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ, կրճատումն անցնում է 22 տոկոսից։

Առանձնատների վաճառքը ևս Երևանում պակասել է. հունվարին՝ 31,4 տոկոսով, փետրվարին՝ 26,5 տոկոսով։

Տարեսկզբի երկու ամիսներին մայրաքաղաքում վաճառվել է ընդհանուր առմամբ ընդամենը 1175 բնակարան և 192 անհատական բնակելի տուն։ Անցած տարվա նույն ամիսներին վաճառվել էր 1466 բնակարան և 269 անհատական բնակելի տուն։ Մի դեպքում՝ վաճառքի քանակները երկու ամսում կրճատվել են գրեթե 20, մյուս դեպքում՝ ավելի քան 28 տոկոսով։

Բնակարանային և ընդհանրապես անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող այս պասիվացումն ուղեկցվում է գների շարունակվող բարձրացմամբ։ Մայրաքաղաքի առանձին հատվածներում գները, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալներով, նախորդ տարվանից երբեմն 19-20 տոկոսով ավելի բարձր են։

Կան, իհարկե, նաև հատվածներ, որտեղ գնաճը ցածր է՝ ընդհուպ 3-4 տոկոս։

Որոշ տեղերում նույնիսկ գների նվազում է գրանցել, այն էլ՝ մեկ տարվա կտրվածքով։ Բայց այդպիսի հատվածներն անշարժ գույքի շուկայում քիչ են։ Ավելի տարածված են թանկացումները։ Կան հատվածներ, մասնավորապես՝ կենտրոնում, որտեղ մեկ տարվա ընթացքում բնակարանների քառակուսու գինը բարձրացել է 300-350 դոլարով։ Այլ հատվածներում համեմատաբար ավելի քիչ՝ հիմնականում 50-150 դոլարի սահմաններում։

Ակնհայտ է, որ չնայած արձանագրվող պասիվությանը, անշարժ գույքի շուկայում գնաճը խորանում է, որտեղ բավական մեծ է անորոշությունների ու ձևավորված սպասումների ազդեցությունը։ Բազմաթիվ են այն արտաքին ու ներքին գործոնները, որոնցով պայմանավորված՝ շատերը հետաձգել են իրենց մտադրությունները։ Պատճառներից մեկն էլ Ռուսաստանում ստեղծված իրավիճակն է, որի ազդեցությունն անշարժ գույքի շուկայի այսօրվա զարգացումների վրա շատ ուղղակի է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս