«Մարդիկ հանգիստ են, խուճապ չկա. գյուղատնտեսական աշխատանքներն են կատարում». Սոթքի ղեկավարը՝ ադրբեջանական կրակոցների մասին
Այսօր Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
«Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,-նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ։
168.am-ի հետ զրույցում Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանն ասաց, որ ՊՆ-ի տարարած հաղորդագրությանն ավելացնելու այլ բան չունի։
«Միայն կարող եմ ասել, որ այս պահին իրավիճակը մեզ մոտ հանգիստ է։ Անձամբ ես այդ կրակոցների ձայները գյուղում չեմ լսել, քանի որ դրանք ուղղված են եղել հայկական դիրքերին։ Մարդիկ հանգիստ են, խուճապ չկա, իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են կատարում»,- փոխանցեց Սևակ Խաչատրյանը։
Նշենք, որ վերջին մի քանի օրերին ադրբեջանական զինված ուժերն ավելի են ակտիվացրել իրենց սադրանքները։
Ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրկին կրակ էր բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Ապրիլի 15-ի առավոտյան կրակոցները վերսկսել էին, ինչի հետևանքով որոշում էր կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին: Տեղեկությունը հայտնել էր «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր, իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: