ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ ՏՎԵԼ Է ԱԼԵՎԻՆ. ՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ադրբեջանը գտել է նոր ձևաչափ՝ ինչպես ընդլայնի իր տարածքը Հայաստանի Հանրապետության հաշվին։ Այն, ինչ ներկայացվում է՝ իբրև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց, իրականում ոչ թե սահմանազատում ու սահմանագծում է, այլ առանց կրակոցների Հայաստանի տարածքների նոր զավթման գործընթաց։ Այսպիսի տեսակետ հայտնեց 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ խոսելով Վրաստան-Հայաստան գազատարի ուղղությունը փոխելու որոշման հնարավոր պատճառների մասին։

Քաղաքագետն առաջ է քաշում այն վարկածը, որ հայկական կողմի խնդրանքով Վրաստան-Հայաստան գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը տեղափոխելը ևս կարող է կապված լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի ու նոր զիջումների հետ։

«Այսօր տեղի է ունենում հետևյալը՝ բոլոր այն ուղղությունները, որտեղ Հայաստանն առաջ է եկել, Ադրբեջանը պահանջում է ստանալ, իսկ այն ուղղությունները, որտեղ Ադրբեջանն է առաջ գնացել, ադրբեջանական կողմն, իհարկե, չի պատրաստվում տալ, այսինքն՝ այս գործընթացը սահմանազատում ու սահմանագծում չէ, այլ իրականում տարածքային նոր զավթումների գործընթաց է Ադրբեջանի կողմից՝ պարզապես առանց կրակոցների, Հայաստանի կառավարության համաձայնությամբ և այն պայմանով, որ չլինի պատերազմ, քանի որ Ռուբինյանն ու իր նմաններն անընդհատ խոսում են, որ «խաղաղությունը պետք է շոյել, փայփայել, իսկ պահելու համար պետք է անընդհատ զիջել», իրենք խաղաղությունը պահելու ուրիշ ձև չգիտեն, հիմա Ադրբեջանը նոր պահանջներ է առաջադրում, և տեսնում ենք, որ դրանց շրջանակում այս պահի դրությամբ Փաշինյանը պետք է զիջի նաև ինչ-որ ուրիշ հատվածներ։ Կոնկրետ այս դրվագի հետ կապված՝ կպարզվի, բայց ընդհանուր առմամբ կարող ենք մեկնաբանել, որ Ադրբեջանը տարբեր ձևերով դիտարկում է՝ ինչպես զավթի նոր տարածքներ Հայաստանից»,- մեկնաբանեց Հրանտ Միքայելյանը։

Քաղաքագետը հիշեցրեց Տավուշում Վերին Ոսկեպարը և մի քանի այլ գյուղեր հանձնելու ադրբեջանական պահանջը և Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հանձնումը 2021թ. սեպտեմբերին՝ նշելով, որ ըստ էության՝ դա սահմանագծում էր՝ առանց սահմանազատման.

Կարդացեք նաև

«Ադրբեջանցիները, օրինակ, կարող են մի օր այդտեղ մտնել և ստեղծել արդեն ուղիղ կապ, և Ադրբեջանը կարող է զորք մտցնել ու կիսել Տավուշը. կա հյուսիսային հատված, կա հարավային հատված, իսկ Կիրանցով առաջխաղացումը և Վերին Ոսկեպարը եթե իրենց վերահսկողության տակ վերցնեն, արդեն ամբողջությամբ կիսում են Տավուշի տարածքը։ Այսպիսով, սա ընդամենը մեկ օրինակ է՝ ինչպես է Ադրբեջանը տարբեր ռազմավարական սահմանային հատվածներում առաջխաղացումներ ունենում, որոնք ոչ միայն Ադրբեջանի դիրքերն են բարելավում, այլև մեր վիճակն են վատթարացնում։ Հիշեցնեմ ևս մի բան՝ սահմանագծում՝ առանց սահմանազատման, որը տեղի է ունեցել Գորիս-Կապան ճանապարհի հանձնման ժամանակ, երբ Ադրբեջանը զավթեց ու փակեց ճանապարհը՝ հիմնական ճանապարհը, որը կապում էր Հայաստանն Իրանի հետ և Հայաստանի հարավը՝ ՀՀ մյուս տարածքների հետ։ Սա նույն ձևաչափն է՝ Ադրբեջանը ձգտում է վատթարացնել Հայաստանի վիճակը, և ՀՀ կառավարությունը խաղում է՝ իբր խաղաղություն ձեռք բերելով»։

Քաղաքագետի խոսքով՝ «Երբ ունեցածդ տալիս ես թշնամուն, որ թշնամին օգտագործի դա քո դեմ, դա խաղաղություն չէ, դա պատերազմի ուրիշ տեսակն է… Իսկ հետո կարելի է, իհարկե, սպառնալ պատերազմով, որովհետև բոլոր բանալիները և բոլոր հնարավորությունները տրվել են Ադրբեջանին պատերազմի համար»,- հավելեց Հրանտ Միքայելյանը։

Քաղաքագետն ընդգծում է՝ իրեն 1918-20թթ. «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն» կոչված էքստրեմիստական միավորման իրավահաջորդը համարող Ադրբեջանական Հանրապետությունը փաստացի տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքի նկատմամբ և չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Այս համատեքստում Հրանտ Միքայելյանն անդրադարձավ նաև որպես սահմանազատման հիմք ընդունված ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1975 թվականի քարտեզին՝ նշելով, որ ամեն կերպ փորձում են մոլորեցնել հանրությանը «կադաստրի թղթի» ու «միջազգայնորեն ճանաչված սահմանների» մասին հայտարարություններով, մինչդեռ միջազգային մակարդակում «իրավական ուժ» հասկացություն իրականում գոյություն չունի։

«Իհարկե, կան միջազգային հիմնական  10 սկզբունքները, որոնք անդադար խախտվում են, և առաջին խախտողների թվում Թուրքիան ու Ադրբեջանն են, և նրանց ոչ մի բան չի լինում, օրինակ՝ Թուրքիան զավթել է Սիրիայի հյուսիսում բազմաթիվ տարածքներ և հետ չի վերադարձնում, զավթել է նաև Հյուսիսային Կիպրոսը, և ո՞ւր են միջազգայնորեն ճանաչված սահմանները, կամ ո՞վ է պարտադրում, որ Թուրքիան դուրս գա այդ տարածքներից։

Այսպիսով, իրավական ուժը գոյություն ունի միայն այն պարագայում, երբ կողմերը համաձայնության են եկել, միջազգային հանրությունը ճանաչել է, կան ուժային մեխանիզմներ, որոնք ապահովում են համաձայնության կատարումը։ Եթե բոլոր այս մեխանիզմներն առկա են, այդ թվում՝ ուժային հավասարակշռությունը, որն ապահովում է սահմանների պահպանությունը, այդ պարագայում՝ այո, բայց եթե մենք տեսնում ենք, որ մի կողմն անընդհատ պարտադրում է, ապա պարզ է, որ ոչ մի խաղաղություն գոյություն չունի, և ոչ մի տարածքային սահմանազատում տեղի չի ունենում։

Ի դեպ, ինչո՞ւ 1989 թվականի քարտեզը չի ընդունվում որպես հիմք, որի սահմանազատմամբ, օրինակ, Սոթքի հանքն ամբողջությամբ անցել է Խորհրդային Հայաստանի սահմաններից ներս, բայց Ադրբեջանը վերցնում է 1975 թվականի խորհրդային քարտեզը, որն իր համար ամենաբարենպաստն է։ Շատ լավ։ Ընդունեցինք։ Բայց նույնիսկ դա Ադրբեջանը չի ընդունում որպես փաստ, որովհետև Ադրբեջանը 2020 թվականից հետո առաջ է գնացել մոտ 220-250 կմ, ընդ որում՝ զավթել են մեր գերիշխող բարձունքները։ Այս պահի դրությամբ ադրբեջանցիները տեղակայված են 3200 մետր բարձրության վրա, մեր ուժերը՝ 2600 մետր բարձրության վրա, և շատ ավելի քիչ են պաշտպանված մեր ուժերը, որոնք օբյեկտիվորեն խոցելի վիճակում են, և այս ամենը տեղի է ունենում, ոչ թե՝ որովհետև Ադրբեջանը խաղաղություն է հաստատում, այլ ընդհակառակը՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի կամ գոնե պատրաստվում է, որ Հայաստանին անընդհատ պարտադրի իր ուզած լուծումները»,- պարզաբանում է քաղաքագետը։

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանին ձեռնտու է, որ Ալիևը Հայաստանին սպառնա պատերազմով։

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Հրանտ Միքայելյանը հավելեց, որ Իրանի դեմ պատերազմը շատ էական ազդեցություն է ունենալու նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031