Փաստեր, որոնք անտեսել է կամ չի ցանկացել տեսնել Արծրուն Հովհաննիսյանը

Մարտի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել:

«Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք և ռազմական տեխնիկա՝ պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը ուղղակի չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով չեն օգտագործվել: Իսկ այդ զենքերը ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Խոսում են, որ զինամթերք չի եղել, զենք չի եղել, բա եթե հետևում եք ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, տեսնո՞ւմ եք, որ ռուսական կողմը, դեռ ուկրաինականի մասին չեմ ասում, օգտագործում է բոլոր այն զենքերը, որ մենք ունեինք: Զենքը նաև օգտագործող է պետք:

Եթե դու չես օգտագործելու, եթե նույնիսկ ատոմային ռումբ էլ ունենայինք, ուրեմն՝ չենք օգտագործելու, չէ՞: Բացի դրանից՝ զինամթերքի և ոչ միայն զինամթերքի, այլ նաև անձնակազմի առումով մենք 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործել ենք 50 տոկոսի չափով, բա այն 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել: Դա արդեն մյուս հարցազրույցների ժամանակ»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Կարդացեք նաև

Մեկ ամիս հետո՝ ապրիլի 6-ին, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ աշխատած Արծրուն Հովհաննիսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում արձագանքել է ՀՀ երրորդ նախագահի այս հայտարարությանը՝ արտահայտելով իր անհամաձայնությունը:

«Կատեգորիկ համաձայն չեմ, որովհետև փաստերն այլ բանի մասին են խոսում: ՀՀ-ն արդիական զենքով սկսել է հետաքրքրվել 2012 թվականից հետո, ընդ որում՝ ռուսական չափորոշիչներով արդիական, որն արևմտյանին զիջում էր, բայց համեմատության մեջ նորմալ զենքերի մասին ենք խոսում: Իսկ առաջին պայմանագրերը կնքվել են 2014-2015 թվականներին, և առաջին օրինակները եկել են 2015-2016 թվականներին: Այսինքն, նույնիսկ այդ պրոցեսը շատ դանդաղ է գնացել և ոչ ադեկվատ: Համեմատության համար ասեմ, որ 2007-ին Ադրբեջանը կնքել է հսկայական պայմանագրեր՝ Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան, Իսրայել, հետո նաև Թուրքիայի հետ, և սա բացառապես արդիական զենքերի, ոչ մի հին զենք չի առել: Իսկ Հայաստանը սկսել է հետաքրքրվել 2012-ին, ինչքան ժամանակ է անցել, 2 տարի հետո՝ 2014-ին, նոր միայն պայմանագրեր, կարող է պլյուս-մինուս մի վեց ամիս սխալվեմ, բայց ոչ ավելի, քանի որ տիրապետում եմ այդ ամեն ինչին:

2015-2016 թվականներին մեզ մոտ սկսում են դանդաղ գալ նոր զենքեր, որոնք գալիս են 2 կամ մաքսիմում 5 հատով: Ասենք, 4-6 հատ «Սմերչ», լավ զենք է «Սմերչը», իհարկե: Կամ պայմանագիր է կնքվում 4-6 հատ «Տոռ-Մ2ԿՄ»-ի, նույնը՝ հետագայում Սու-30ՍՄ-ի դեպքում: Ես հասկանում եմ, որ այստեղ կար նաև տնտեսական խնդիր, Հայաաստանն ի վիճակի չէր: Մյուս կողմից՝ կարևոր է, որ զենքը կոմպլեկտ գա, ի՞նչ է նշանակում 6 հատ «Սմերչ»:

Եթե դու առնում ես զենք, դա ունի ՕԳԳ-ի մինիմալ քանակ, օրինակ, մի դիվիզիոն, դրանից պակասի դեպքում ինքը դառնում է անիմաստ բան: Իսկ որ այդ զենքերը չեն կիրառվել, դրա հետ համաձայն չեմ, դրանց մեծ մասը՝ բացառությամբ 1-2-ի, որոնք չէին հասցվել մարսվել, կամ դրանց կիրառման համար կային այլ մակարդակի արգելքներ, գաղտնիքները չբացենք, սա էլ առանձին դեռ կքննվի, մնացածը կիրառվել են: Ճիշտ հասկացեք՝ 4-6 հատ «Տոռ-Մ2ԿՄ»-ը, «Սմերչը» չէին կարող իրավիճակ փոխել: Երբ դու տարիներ շարունակ նվեր ես ստանում կամ ձեռք բերում մետաղաջարդոն, ընդ որում, սա իմ բառերը չեն, պատերազմից հետո «Փոթորիկ Կովկասում» գիրք է հրապարակվել՝ Պուխովի հեղինակած, ես հատուկ եմ սա շեշտում, որ հետո մեղադրանքներ չլինեն ինձ, «մետաղաջարդոնների բանակ» ենթավերնագիր է դրվել գրքում: Եթե հակառակորդդ 2007-ից բացարձակապես նոր սերնդի, արդիական և էֆեկտիվ իսրայելական, ռուսական զենքեր է գնում, քեզ մոտ 4-6 հատիկով նորարական զենքերը բան չեն փոխելու»,- հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ի դեպ, ՀՀ ՊՆ նախկին խոսնակը, որը պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչն էր, վերը նշված հարցազրույցում հիշեցրել է, որ այս ամենի մասին խոսել է դեռ 44-օրյայի օրերին:

Այո, պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ըստ տարիների՝ սպառազինության գնումների թվային, այսպես ասած, վիճակագրություն էր ներկայացրել, որտեղ նաև նշել էր, որ «2018-2019թթ․ ավելի շատ ենք զինվել, քան երբևէ ընդհանրապես»:

Այս գրառմանն անմիջապես արձագանքել էր ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

«Արծրուն, նախ բոլորովին հարմար ժամանակ չես ընտրել նման թեմայով հրապարակային քննարկումներ ծավալելու համար։ Երկրորդը՝ խորհուրդ եմ տալիս ուշադիր վերընթերցել ՀՀ ԶՈւ զարգացման և արդիականացման նախորդ ժամանակաշրջանների բոլոր ծրագրերը, որոնք, իհարկե, հուսով եմ չես հրապարակի։ Եվ վերջապես, հիմա մեր բոլորի ուշադրությունը միայն անխուսափելի հաղթանակն է, որից հետո կարծում եմ առիթներ կլինեն հետադարձ վերլուծություններ անելու համար»,- շեշտել էր Զաքարյանը:

Բայց Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի օրերին իր պնդումները կրկնել էր նաև Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում:

«Ամենահայտնի թեման՝ ՏՈՌ ՍՈՒ-30-ները, ու լիքը ուրիշ բաներ, որ հիմա չենք էլ ասում, ՀՕՊ սպառազինության համար չֆիքսված, չգնահատված Իգլա-Ս-երը, Վերբաները, դրանք բոլորը կատարվել են ապրիլյանից հետո և ավելի շատ կոնկրետ՝ 2018-19 թվականներին: 2016-ից հետո հարցեր են բարձրացել, որ պետք է ուժեղ զինվել, սկսել ենք զինվել, 2018-2019թթ․ ավելի շատ ենք զինվել, քան երբևէ, ընդհանրապես»,- մասնավորապես, ասել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Այդ ժամանակ 168am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել էր, թե Արծրուն Հովհաննիսյանի վերոնշյալ հայտարարությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը: Գրասենյակից մեզ պատասխանել էին. 

«Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրության ավարտից հետո այս թեմային և նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանորեն և փաստարկված կանդրադառնանք»:

Արծրուն Հովհաննիսյանի վերջին հարցազրույցին ՀՀԿ-ն կամ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գուցե դարձյալ արձագանքեն, սակայն մենք հիշեցնենք մի քանի փաստեր:

Փաստ առաջին. «Տոռ-Մ2ԿՄ» համակարգերի մասին

2021 թվականի փետրվարին ՀՀ 3-րդ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով Ապրիլյան պատերազմից հետո մշակված բանակի արդիականացման 7-ամյա ծրագրի մասին, որը Նիկոլ Փաշինյանը փոփոխության էր ենթարկել հետո, մասնավորապես, ասել էր. 

«Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, միգուցե հայ պաշտոնյայի բնավորությունից, որ ես եկել եմ՝ ինչ-որ բան պետք է փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում, փոխեցին այդ ամբողջ պլանը: Ես անկեղծ պետք է խոստովանեմ, որ ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, բայց ասում եմ՝ հաստատապես փոխվեց «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանը, որը նախատեսված էր 3 խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն 1 խմբաքանակ, այն էլ՝ մեր ստորագրած պայմանագրով»:

Սերժ Սարգսյանից առաջ, պատերազմի ավարտից օրեր հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր.

«2017-ին եղել է 2018-2022 թվականի զարգացման պլան, թե ինչ պետք է ձեռք բերել։ Ըստ դրա՝ պետք է ձեռք բերվեր ևս 2 դիվիզիոն «Տոռ», որից մեկը՝ 2018-ին, որի 10 տոկոս կանխավճարը մուծված է եղել, մյուսը՝ 2019-ին: Այդ պլանը վերացական չի եղել, գրված է եղել, թե գումարը որտեղից պետք է վերցնել: Դա կար, ցանկությունների պլան չի եղել: Պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ»՝ իր մարտալրակազմով, պետք է կատարելագործվեր մեր «Իսկանդերի» համակարգը, պետք է ձեռք բերվեր «Կոռնետներ» և մեծ քանակի զինամթերք: 2018-ի գործող պլանը փոխել են, և ձեռք են բերել «ՍՈՒ 30ՍՄ», ԶՕՈւ 23-22, և հետագայում՝ «ՕՍԱ»-ներ: Դրանցից քանի՞սն են կրակել այս պատերազմի ժամանակ։ Ոչ մեկը: Ձեռք են բերել, որովհետև չեն պատկերացրել՝ պատերազմն ինչ է: Սա էլ չեն կարող հերքել, որովհետև ես վարչապետին իր կաբինետում նստած անձամբ ասել եմ՝ հանցագործություն եք կատարելու, սրա համար պատասխան եք տալու: Ես իմացել եմ, որ արդեն պայմանագիրը կնքված է եղել: Վարչապետը պատասխանեց՝ արդեն արել ենք»:

Ի դեպ, 2021 թվականի փետրվարին 168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն ասել էր.

««Տոռ-Մ2ԿՄ համալիրների խմբաքանակն ինչպես կա, այնպես էլ մնացել է: Իսկ թե երբ պայմանագիր կկնքեն, չեմ կարող ասել: Մենք դեռ առաջին խմբաքանակը մինչև վերջ չենք ստացել: Խմբաքանակը պետք է ստանանք, զորքը յուրացնի, որից հետո նոր մյուս խմբաքանակները ձեռք բերվեն»:

Այսինքն, այն, որ Տոռ-Մ2ԿՄ համալիրների պակաս խմբաքանակ կամ քանակ ենք ստացել, հարցեր պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին:

Հավելենք, որ Արծրուն Հովհաննիսյանի հիշատակած «Փոթորիկ Կովկասում» գրքում նշվում է, որ Հայաստանի ունեցած ՀՕՊ համակարգերից միայն «Տոռ-Մ2ԿՄ»-ն է եղել համեմատաբար պիտանի ժամանակակից անօդաչուների դեմ պայքարում, և, որ այս թիվը բավարար չի եղել 280կմ-անոց սահմանագիծը փակելու հարմար, որը գնալով մեծանում էր և արդեն հոկտեմբերի վերջին դարձել էր 470 կմ:

Ի դեպ, 2019 թվականի տարեվերջին «Տոռ-Մ2ԿՄ» համակարգերի Հայաստանին մատակարարումը Նիկոլ Փաշինյանը համարել էր, ըստ էության, իր իշխանության ձեռքբերումը:

«Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության «Տոռ-Մ2ԿՄ»համակարգերով:

2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը:

Փաստ երկրորդ. «ՍՈՒ 30ՍՄ»-ների մասին

Արծրուն Հովհաննիսյանը Պետրոս Ղազարյանի հետ վերոնշյալ հարցազրույցում ասել է, թե Սու-30ՍՄ-ները բավարար քանակի չգնվեցին: Հուսով ենք՝ ռազմական փորձագետը հիշում է, որ դրանց ձեռքբերման գաղափարը Նիկոլ Փաշինյանի իշխանությանն է պատկանում, որը, ի դեպ, թերի իրականացվեց, և ոչ միայն՝ առանց հրթիռի գնման պատմության առումով:

2019 թվականի սկզբին «IDEX-2019» զենքի ցուցահանդեսի ժամանակ «ՌԻԱ Նովոստիին» այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Հայաստանը, ընդհանուր առմամբ, ցանկանում է ձեռք բերել 12 հատ ՍՈՒ-30ՍՄ, այսինքն, խոսքը մեկ էսկադրիլիայի մասին է:

Սակայն Հայաստանը ձեռք բերեց ընդամենը 4-ը, որոնք, ըստ էության, իրենց նպատակին չեն ծառայում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:

2022-ի սեպտեմբերին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարցին՝ ինչո՞ւ հիմա չեն կիրառվում մեր Սու-երը, արդյո՞ք կարիքը չկա, Փաշինյանը պատասխանել էր՝ ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, քանի որ արդյունավետության հարց կա։

«Մյուս կողմից, չեմ կարծում եմ, թե քաղաքական իշխանությունը պիտի զանգի և ասի՝ սրանով կամ նրանով կրակեք»,- հավելել էր նա՝ չբացառելով դեպքերը, երբ պետական միջոցներով ձեռք բերված սպառազինությունը կարող է կիրառելի չլինել:

Այստեղ հարկ է հիշել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ները միայն ՀՀ-ում արդիականացումից հետո պիտանի եղան կիրառման:

Փաստ երրորդ. Սերժ Սարգսյանի գնած «մետաղաջարդոնի» հետքերով, կամ՝ Արծրուն Հովհաննիսյանի շուստրիությունը

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Հովհաննիսյանը նախկին իշխանություններին անուղղակի մեղադրում է «մետաղաջարդոն» նվեր ստանալու կամ գնելու մեջ՝ շեշտելով, թե դա ինքը չի ասում, այլ ռուս ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը:

«Երբ դու տարիներ շարունակ նվեր ես ստանում կամ ձեռք բերում մետաղաջարդոն, ընդ որում, սա իմ բառերը չեն, պատերազմից հետո «Փոթորիկ Կովկասում» գիրք է հրապարակվել՝ Պուխովի հեղինակած, ես հատուկ եմ սա շեշտում, որ հետո մեղադրանքներ չլինեն ինձ, «մետաղաջարդոնների բանակ» ենթավերնագիր է դրվել գրքում»,- ասել է Հովհաննիսյանը, ինչպես արդեն վերևում նշել ենք:

Հետաքրքիր է՝ Արծրուն Հովհաննիսյանը տեղյակ չէ՞, որ այդ բառը՝ «մետաղաջարդոն», ավելի վաղ օգտագործել է Նիկոլ Փաշինյանը:

2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»:

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, ԱԱԾ կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից առաջ, իսկ մի քանի ամիս հետո՝ 2020թ. հուլիսին, ազատ էր արձակվել:

Ավելի ուշ այլ լրատվամիջոցներում տեղեկություններ շրջանառվեցին, թե խոսքը 2016-2017թթ. ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որի բացահայտումն արել է Ազգային անվտանգության ծառայությունը:

2022-ի հոկտեմբերին ԱԱԾ-ից 168.am-ին հայտնել էին, որ 42 մլն դոլարի զենքի գործն ԱԱԾ-ն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։

ՔԿ-ից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել էին.

«Հայտնում ենք, որ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի փետրվարի 15-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում»:

Զավեշտալին այն էր, որ և՛ ԱԱԾ-ն, և՛ Քննչական կոմիտեն հրապարակման ենթակա չէին համարել տեղեկատվության տրամադրում, թե արդյոք այս պահի դրությամբ կա՞ն մեղադրյալներ, գործում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ, թե՞ ոչ:

Հավելենք, որ 2020թ. մարտին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, որ 42 միլիոն դոլարի զենքի գործով մինչև այդ պահը Սերժ Սարգսյանին իրավապահները չեն դիմել:

Փաստ չորրորդ. պատերազմի ընթացքում հայկական ՀՕՊ-ը ոչնչացրել է սեփական թռչող սարքերը. Ռուսլան Պուխով

Արծրուն Հովհաննիսյանի հիշատակած «Փոթորիկ Կովկասում» գրքում նշվում է, որ հայկական ՀՕՊ-ը պատերազմի ընթացքում ոչնչացրել է սեփական թռչող սարքերը՝ 4 հատ Սու-25 և 1 Մի-8 ուղղաթիռ: Որքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում, գուցե Արծրուն Հովհաննիսյանն այս մասին խոսի:

 Փաստ հինգերորդ. ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. 2013 թվական

2013-ին ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները ընդհանրապես չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից:

Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար՝ իհարկե, խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար»։

Փաստերի այս շարքը կարելի է երկար շարունակել… 

Տեսանյութեր

Լրահոս