«ՍՈՒ»-երը գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի, իսկ «ՕՍԱ»-ի հրթիռ, սարքավորումներ այսօր չեն արտադրում». Մովսես Հակոբյան

2016-ին սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլան է կազմվել, կնքվել են պայմանագրեր, որի շրջանակում գնված ապառազինությամբ զինվել է բանակը:

Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության և ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով, ի դեպ, 2016-ին կարճ ժամանակով եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ:

«Ձեռք է բերվել «Սմերչ» կայաններ, «Տոռ»-եր, «Իգլա Ս» և «Վերբա»-ներ: Դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում կռվել են, խոցում իրականացրել: Պայմանագրերը կնքվել են 2016-ին, դրանց հիմնական մասը ձեռք է բերվել 2017 թվականին, իսկ «Տոռ»-երի մի մասը՝ ղեկավարման համակարգը, ձեռք է բերվել 2018-ին: Ձեռք է բերվել մեծ քանակի նռնականետեր, «Կորդեր», խնդիր է դրվել մեծ քանակի հրետանային հրթիռներ ձեռք բերելու: Նշեմ, որ 2017-ին եղել է 2018-2022 թվականի զարգացման պլան, թե ինչ պետք է ձեռք բերել։ Ըստ դրա՝ պետք է ձեռք բերվեր ևս 2 դիվիզիոն «Տոռ», որից մեկը՝ 2018-ին, որի 10 տոկոս կանխավճարը մուծված է եղել, մյուսը՝ 2019-ին: Այդ պլանը վերացական չի եղել, գրված է եղել, թե գումարը որտեղից պետք է վերցնել: Դա կար, ցանկությունների պլան չի եղել: Պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ»՝ իր մարտալրակազմով, պետք է կատարելագործվեր մեր «Իսկանդերի» համակարգը, պետք է ձեռք բերվեր «Կոռնետներ» և մեծ քանակի զինամթերք: 2018-ի գործող պլանը փոխել են, և ձեռք են բերել «ՍՈՒ 30ՍՄ», ԶՕՈւ 23-22, և հետագայում՝ «ՕՍԱ»-ներ։

Դրանցից քանի՞սն են կրակել այս պատերազմի ժամանակ։ Ոչ մեկը: Ձեռք են բերել, որովհետև չեն պատկերացրել՝ պատերազմն ինչ է: Սա էլ չեն կարող հերքել, որովհետև ես վարչապետին իր կաբինետում նստած անձամբ ասել եմ՝ հանցագործություն եք կատարելու, սրա համար պատասխան եք տալու: Ես իմացել եմ, որ արդեն պայմանագիրը կնքված է եղել: Վարչապետը պատասխանեց՝ արդեն արել ենք: Ես աշխարհի որ երկիր էլ գնացել եմ, հյուրանոցի ֆոյեում ինձ սպասում էին «ՍՈՒ 30» և «ՕՍԱ» վաճառողները, այնտեղ մեզ սպասում էին, որ դրանք մեզ վաճառեն: Զենքի վաճառքն այդպես է: Անընդհատ պրպտում են, որ քեզ բան  վաճառեն: Ես հետո իմացա, թե իմ մարշրուտն ով է տալիս, որ այդ մարդիկ հայտնվեն այդտեղ և փորձեն ինձ համոզել, որ դա ձեռք բերենք: 2016-ից ինձ համոզել են, որ «Սու-30» ձեռք բերենք, ես դա մերժել եմ: Հիմնավորել եմ երկրի նախագահին, թե ինչու դա մեզ պետք չի»,- մանրամասնեց նա:

Մովսես Հակոբյանը շեշտեց՝ այսօրվա իշխանությունը չի կարող հերքել, որ ինքը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերքն իրենց չեն վաճառելու:

«Այսինքն, այն, որ գովազդում են, որ դա հակաօդային օդ-օդ հրթիռներ կարող է կրակել մինչև 130 կմ, ՌԴ կառավարության որոշմամբ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրի վաճառել: Դրա համար «ՍՈՒ»-երը գտնվում են մեր երկրում առանց զինամթերքի: «ՕՍԱ»-ների դեպքում ես նույնպես ասել եմ, որ դրանք նպատակահարմար չեն, պետք է ձեռք բերվի նոր սպառազինություն, որովհետև նոր սերնդի պատերազմ է լինելու:

Ասել եմ՝ լավ, «Տոռ»-ի գումարները ծախսել եք, «Սու-30» եք առել, էս տարվա գումարները դրեք՝ «Տոռ» առեք: Թե բա՝ «Տոռ»-ի պայմանագիրը երկար է տևում, սա արագ կարողանում ենք բերել: Ես պնդել եմ, որ դա սխալ է՝ իմանալով, որ այսօր «ՕՍԱ»-ի հրթիռ, սարքավորումներ չեն արտադրում, եթե փչանա՝ չես կարող սարքել: Այնպես չէ, որ իրենք այդ մասին տեղյակ չեն եղել, բայց արագ-արագ ինչ-որ բան ձեռք բերեն, ասեն, որ օդը փակել են: Բայց փակե՞լ են: Ինձ կասե՞ք, թե քանի ԱԹՍ է խոցվել և ինչից: Խոցվել է հրաձգային զենքից, «Իգլա Ս»-ից, «Տոռ»-ից»,- նշեց ՀՀ ԶՈՒ և ՊԲ նախկին պաշտոնյան:

Տեսանյութեր

Լրահոս