Վերջին հինգ տարիներն ապացուցեցին, որ Հայաստանի իրավապաշտպանների համար իրավապաշտպանությունն ընդամենը բիզնես ծրագիր էր. Ավետիք Իշխանյան

Amnesty International-ը հրապարակել է 2022/23 զեկույցը՝ Աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին:

Միջազգային կառույցը մասնավորապես արձանագրել է՝  «իրավապահները հակակառավարական ցույցերի ժամանակ չափից ավելի ուժ են կիրառել, խոսքի ազատությունը սահմանափակվել է, քանի որ հարյուրավոր մարդիկ ենթարկվել են քրեական հետապնդման, լրագրողների գործունեությունը խոչընդոտվել է ցույցերը լուսաբանելիս» և այլն:

Ի դեպ, այս զեկույցում տեղ է գտել նաև 2021 թվականի հունիսի 3-ի բողոքի ցույցի ժամանակ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների կիրառման փաստը:

Նմանատիպ արձանագրումներով զեկույց է հրապարակել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Կարդացեք նաև

Հայաստանում մարդու իրավունքների տարբեր խախտումների վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է, որ «ըստ արժանահավատ հաղորդումների՝ եղել են անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումներ, բանտային կոշտ պայմաններ, կամայական ձերբակալություն կամ կալանավորում, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ»:

Ուշադրության է արժանի հատկապես սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողների հանդեպ ոստիկանների կողմից ուժի կիրառման արձանագրումը:

«Սեպտեմբերի 21-ի առավոտյան հատուկ ոստիկանական ուժերը ուժ են կիրառել և բերման ենթարկել զոհված զինծառայողների 37 հարազատների՝ հիմնականում կանանց, որոնք հավաքվել էին զինվորական պանթեոնի մուտքի մոտ և սպասում էին վարչապետի ու այլ պաշտոնյաների ժամանմանը»,- նշվել է Պետդեպի զեկույցում:

Թեև Պետդեպարտամենտը չի դասակարգում երկրները սանդղակով, սակայն ԱՄՆ-ում գործող Freedom House-ն իր ազատության վարկանիշով Հայաստանը գնահատել է որպես «մասամբ ազատ»:

Ի դեպ, ժամանակին Freedom House-ը 100 փաստերի մեջ ներառող Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում թերահավատորեն արձագանքեց Հայաստանի մասին այդ կառույցի դիտարկումներին:

«Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, ո՞նց կարող է նման բան լինել»,- ասուլիսի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում նշել է, որ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին գաղտնալսելու համար:

168.amը վերջին զեկույցների առնչությամբ մի քանի հարցադրումներ է հղել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին.

Պարո՛ն Իշխանյան, այս տարի միջազգային մի քանի կառույցներ արձանագրեցին Հայաստանի տնտեսական ու ժողովրդավարական հետընթացը: «Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի առաջնորդը, սակայն, հաճախ պնդում է, որ միջազգային կառույցներն իրենց լավ չեն հասկանում: Որքանո՞վ են օբյեկտիվ միջազգային կառույցների գնահատականները:

– Նախ արձանագրենք, որ ԱՄՆ Պետդեպն արտահայտում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը, իսկ Amnesty International-ը անկախ, հեղինակավոր իրավապաշտպան կառույց է։ Մի առիթով արդեն ասել եմ, որ, իմ կարծիքով, ԱՄՆ-ը Հայաստանի հեղափոխական իշխանությանը «քարտ-բլանշ» էր տվել և այս շուրջ հինգ տարիների ընթացքում աչք էր փակում Հայաստանում տեղի ունեցող՝ աղաղակող մարդու իրավունքների խախտումների վրա։ Կարծում եմ, որ դա նաև քաղաքականություն էր, նկատի ունեմ վարչապետ կոչեցյալից ակնկալիքներն արևմտամետ քաղաքական ուղղությունը խրախուսելու համար։

Ինչևէ, իհարկե, ողջունելի է, որ վերջապես ԱՄՆ Պետդեպն արձանագրում է Հայաստանում մարդու իրավունքների խախտումները, թեկուզ, իմ կարծիքով՝ բավականին մեղմորեն։ Ավելի անաչառ է Amnesty International-ի զեկույցը, հատկապես խաղաղ հավաքների ազատության սահմանափակման, ոստիկանության կողմից բռությունների վերաբերյալ։ Այս համատեքստում, զարմանալի է, որ նույն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, այս բոլոր մարդու իրավունքների խախտումների հեղինակ, վարչապետ կոչեցյալին հրավիրում է «Ժողովրդավարական» երկրորդ համաժողովին մասնակցելու՝ որպես ժողովրդավարական երկրի ղեկավար։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը դեռևս Հայաստանի իշխանություններից քաղաքական ակնկալիքներ ունի։

Ոչ մի երկրի ղեկավար չի ընդունում իր իշխանության ոչ ժողովրդավար լինելը՝ հատկապես բռնապետական հակում ունեցողները, որոնք չեն հանդուրժում նույնիսկ մեղմ քննադատությունը։ Այդպիսին է Հայաստանի տոտալիտար մտածողություն ունեցող վարչապետ կոչեցյալը։

Այդ գնահատականները բավականին մեղմ են։ Ինձ զարմացնում է նաև նույն արևմտյան դեսպանների պարբերական հանդիպումները Հայաստանի «իրավապահ» մարմինների ղեկավարների՝ ՆԳՆ նախարարի, այսպես կոչված, Հակակոռուպցիոն կոմիտեի տնօրենի հետ, համագործակցության առաջարկներով. մի՞թե նրանք չեն տեսնում, հատկապես ոստիկանների վայրագությունները։

– Ինչո՞ւ են լռում նախկինում «շատախոս» շատ իրավապաշտպաններ. ինչո՞ւ են աչք փակում այն արձանագրումների վրա, որոնք նույնիսկ միջազգային կառույցներն են ներառում զեկույցներում:

– Այս վերջին հինգ տարիներն ապացուցեցին, որ Հայաստանի իրավապաշտպանների համար իրավապաշտպանությունն ընդամենը բիզնես ծրագիր էր, այլ ոչ՝ արժեքային համակարգ։ Պարզվեց, որ իրավապաշտպանությունը ոչ թե քո երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն է, այլ հակառուսական դիրքորոշումն ու քարոզչությունը։ Եվ քանի որ ստի և կեղծիքի հեղափոխության արդյունքում իշխանության եկան հակառուս, արևմտամետ գործիչները, իրապապաշտպան կոչվածներն այլևս «չնկատեցին» Հայաստանում մարդու իրավունքների խախտումներ։ Միջազգային կառույցների զեկույցները, կարծում եմ, ազդակ կհանդիսանան, որ իրավապաշտպանները «որոշեն» նույնպես քննադատել իրենց պաշտելի իշխանությանը։

Հիշեցնենք՝ Heritage Foundation-ի կողմից «Տնտեսական ազատության ինդեքս 2022»-ում Հայաստանն այս տարի դարձյալ հետընթաց է արձանագրել: Հայաստանը մեկ այլ տնտեսական ցուցանիշով ևս հետընթաց է արձանագրել. 2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում (տե՛ս այստեղ):

Տարեսկզբին էլ հրապարակվել էր «Transparency International» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2022 թվականի զեկույցը, համաձայն զեկույցի՝ Հայաստանի Հանրապետությունն այս վարկանիշում նահանջ է գրանցել:

Տեսանյութեր

Լրահոս