«Հիմա, որ Թուրքիայից ապրանքը մտնի Հայաստան, ո՞վ է տուժողը, թուրք արտահանողնե՞րը, թե՞ հայ արտադրողները». Հրաչ Բերբերյան
Օրերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա, ասել էր, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։
«Թուրքիայի հետ սահմանը ներմուծման առումով վաղուց արդեն բաց է։ Թուրքական արտադրողները Հայաստանում իրենց ապրանքն իրացնելու որևէ խնդիր չունեն, և դա անում են վաղուց։ Այլ բան է, որ հայկական ընկերությունները թուրքական շուկայի հասանելիություն դեռևս չունեն, և մենք վստահ ենք, որ սահմանի բացումն ավելի շատ հնարավորություն է, քան վտանգ»,- նշել էր Էկոնոմիկայի նախարարը։
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացման ազդեցությանը՝ ՀՀ գյուղատնտեսության վրա, նախ հարց բարձրացրեց՝ արդյո՞ք հաշվի են առել նաև բացասական ազդեցությունը։
«Վահան Քերոբյանն ով է, որ մի հատ էլ գյուղատնտեսությունից հասկանա։ Լավ կլինի Վահան Քերոբյանը նախ նայի Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի կլիմայական պայմանները, Թուրքիայում ձմռանն առանց ջեռուցման են բանջարեղեն աճեցնում, մեզ մոտ՝ ջեռուցմամբ, և այսպես շատ բաներ։ Հիմա, որ Թուրքիայից ապրանքը մտնի Հայաստան, ո՞վ է տուժողը, թուրք արտահանողնե՞րը, թե՞ հայ արտադրողները։ Իհարկե, շատ ու շատ հանգամանքներ հաշվի առնելով՝ սահմանի բացումը կոնկրետ գյուղատնտեսության առումով հօգուտ Թուրքիայի է։ Եվս մեկ անգամ կրկնեմ, որ սահմանի բացման դեպքում Թուրքիան գրավելու է ամբողջ հայկական շուկան»,- նշեց Հրաչ Բերբերյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ լավ կլիներ՝ Էկոնոմիկայի նախարարը պարզեր, թե ինչու է վերջին մեկ ամսվա ընթացքում դիզվառելիքը 30 տոկոսով թանկացել։
«Պետությունը չի մտածում՝ այս ո՞վ է թանկացնում, ցանքսը հենց մարդիկ ավարտեն, նորից դիզվառելիքը կէժանացնեն։ Այս հարցերի շուրջ թող իրենք մտածեն, գյուղատնտեսությունից հասկացող այդ մարդը լավ կլիներ սրա մասին խոսեր»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ պետք չէ սահմանը բոլորի համար փակել, բայց բացելուց էլ այնպես պետք է բացեն, որ ՀՀ քաղաքացին չտուժի և հարկային վարչարարությունն այնպես կարգավորեն, որ Հայաստանը շահի։
«Հիմա, որ ասում են՝ ամեն ինչ կարգավորված է, բացենք սահմանը՝ դեմագոգիա է, այս պայմաններում բացեն՝ թուրքն է հարստանալու։
Իրենք որևէ անգամ չեն խորհրդակցել փորձագետների հետ, թեպետ չէինք էլ սպասում, որովհետև այս կառավարությունում բոլոր որոշումներն ընդունվում են միանձնյա։ Այնպես որ, ինչի՞ մասին է խոսքը՝ այդ մարդիկ գրավել են գյուղնախարարության ֆունկցիաներն ու ոչնչացնում են ոլորտը»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։