
«Չգիտեմ՝ ինչ մոլորակի, ինչ գիտությունից են օգտվում, բայց երբ Թուրքիայից էժան ապրանք մտնի Հայաստան, գյուղատնտեսությունը կաթվածահար է լինելու». Հարություն Մնացականյան

Այսօր խորհրդարանում Տարածքային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց, որ իրենց ընդդիմախոսներին, որոնք ասում են, թե հայ-թուրքական սահմանի բացումը սպառնալիք է ՀՀ գյուղատնտեսության համար, միջազգային հոդվածով են հակադարձում։
Ըստ Էկոնոմիկայի նախարարի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ասածներն այս թեմայով, և ոչ միայն, դրվել են կասկածի տակ, որոշել է դիմել գիտությանը և համաշխարհային գիտությանը։
«Liberti National face» միջազգային հանդեսում վերջերս հոդված ենք հրապարակել, որը «Սկոպուս» գիտական շտեմարանների ցանկում բարձր վարկանիշ ունի։ Այս գիտական հոդվածի «օպոնենտները» միջազգային պրոֆեսորներ են, գիտնականներ։
Այսինքն՝ եթե հակադարձում են, թող գնան մի այսպիսի հոդված, եթե կարող են՝ տպել այսպիսի ժուռնալում, ինձ հակադարձող մարդիկ»,- շեշտեց Գևորգ Պապոյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին էլ հակադարձեց՝ ասելով, թե երբ խոսում է գյուղատնտեսության ոլորտի խնդիրների մասին, գիտի, թե այսօր կարտոֆիլը քանի՞ դրամով է մթերվում։ Նա հորդորեց պատգամավորին գնալ Շիրակի մարզի Ազատ գյուղ, որտեղ 150 դրամով կարտոֆիլ են մթերում։
«Կասեք՝ ե՞րբ է Հայաստանում 150 դրամով կարտոֆիլ մթերվել»,- նշեց Գ. Պապոյանը։
Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանի մոտ Գևորգ Պապոյանի ասածները միայն ծիծաղ են առաջացնում։
«Ես չգիտեմ՝ ինչ մոլորակի, ինչ գիտությունից են օգտվում, բայց երբ դու չունես նորմալ գյուղատնտեսություն, քո գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը բավականին բարձր է և Թուրքիայից մտնելու է շատ էժան ապրանք՝ բնական է, որ քո գյուղատնտեսությունը կաթվածահար է լինելու։
Թող ուղարկի այդ հոդվածները, տեսնենք՝ այդ ինչ են գրել մեր գյուղատնտեսության, մեր լոլիկի մասին, հետաքրքիր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հարություն Մնացականյանը։
Գործարարը շեշտեց՝ ուրիշ բան չի ասում, միայն պետք է նայել վերջին 10 տարում գյուղատնտեսության թվերը։ Եթե նույնիսկ չնչին աճն ապահովել է այս ընթացքում, հարկ է նաև տեսնել, թե ինչի հաշվին է եղել աճը։
«Տեսեք, թե ինչքան փող է մսխվել այս ոլորտում, մենակ այդ ցուցանիշները նայեք։ Գյուղատնտեսության այդ չնչին աճի շնորհիվ ստեղծված արժեքը ծախսային մասի չնչին տոկոսն է կազմում։
Ինչ վերաբերում է կարտոֆիլի արժեքին, հիշեցնեմ՝ նախորդ տարի այն 70 դրամ էր, եթե Գևորգ Պապոյանը չի հիշում, ես կհիշեցնեմ, երբ գյուղացիները մեծածավալ, մեծաքանակ կարտոֆիլ չէին կարողանում իրացնել, ուղղակի թափեցին»,- շեշտեց նա։