«Թալիշում հայերի տներն ադրբեջանցիները քանդում են ու կառուցում նոր տներ ադրբեջանցիների համար». Փաշինյան
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրն Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Սրան նախորդեց ԼՂ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել:
Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և դրանց փոխարեն՝ կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ:
Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլևս իրականություն է: Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն՝ կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ՝ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված: Այս գործողություններն ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է՝
«Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»:
Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով, և ոչ թե՝ նրանց տները քանդելու վանդալային ակտով:
Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց՝ լինելով նշված հայտարարության հասցեատերերից մեկը, այդ պահանջն արդարացի է համարում, և, որ «ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում