Նո՞ր, թե՞ հին խաղեր. Անդրանիկ Քոչարյանը Օնիկ Գասպարյանի հանդեպ սիրո՞ւց դրդված է գործում, թե՞ Արտակ Դավթյանի նկատմամբ ունեցած հակակրանքից

Մարտի 20-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը երկրորդ անգամ գնացել է Նիկոլ Փաշինյանի կարկառուն թիմակից Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ՀՀ ԱԺ Քննիչ հանձնաժողով, և մի քանի ժամ մասնակցել փակ հանդիպման: Այս նիստում քննարկված հարցերի շրջանակը, ըստ էության, հայտնի չէ: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանը թույլատրելիության սահմանում չի հայտնել շոշափված թեմաները, ինչպես դա արեց Օնիկ Գասպարյանի մասնակցությամբ առաջին հանդիպումից հետո:

Նշենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով առաջին անգամ ներկայացել էր մարտի 16-ին:

Մոտ 6 ժամ տևած փակ հանդիպումից հետո հանձնաժողովի նախագահ Ա. Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում, առանց փակագծեր բացելու, ասել էր, թե ինչ հարցեր են քննարկվել՝ պատերազմից առաջ բանակի վիճակ, սպառազինության, կադրային համալրում, աշխարհազորի լինել-չլինել, պատերազմական առանձին դրվագներ, այդ թվում՝ Շուշիի պաշտպանության հետ կապված:

Օնիկ Գասպարյանի հետ փակ հանդիպումից հետո Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցում նաև գովեստի խոսքեր էր ասել նրա հասցեին, թե ոչ մեկը Գասպարյանի չափ ավանդ չունի Զինված ուժերում, գիտելիքներով էլ չի կարող մրցել, այնուհետ ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր։

Կարդացեք նաև

168.am-ը ««Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու և սխալ թիրախներ ընտրելու մեղադրանքից մինչև դիֆերամբներ մեկ քայլ է» վերտառությամբ հոդվածում հիշեցրել էր Անդրանիկ Քոչարյանի մեղադրանքը նույն Օ. Գասպարյանի մասին, որ պատերազմի օրերին այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել:

Հիշեցնենք, Անդրանիկ Քոչարյանը նշել էր. «Քննիչ հանձնաժողովի ձեռքում է հաստատված «Իսկանդերի» կիրառման պլանը, որը չի համապատասխանում Օնիկ Գասպարյանի ասածին, հակառակ փաստերն ունենք»:

Արդյո՞ք այս հարցում Անդրանիկ Քոչարյանի և մյուս ՔՊ-ականների մոտ գնահատականների փոփոխություն է տեղի ունեցել գեներալ-գնդապետի հետ տեղի ունեցած 2 փակ նիստերի ընթացքում նրա վերլուծությունները լսելուց հետո, դեռևս հայտնի չէ: Վերոհիշատակված հոդվածում մենք անդրադարձել էինք նաև Քոչարյանի դիֆերամբների հնարավոր պատճառներին, տողատակերին, ինչո՞ւ չէ՝ հետին նպատակներին, նաև՝ Օնիկ Գասպարյանի՝ իշխանությունների հասցեին ժամանակին արված հայտարարություններին և գնահատականներին:

Այս համատեքստում ևս մի քանի հիշեցում անենք, այդ թվում, որ Անդրանիկ Քոչարյանն առաջին անգամ չէ գեներալ Օնիկ Գասպարյանին գովաբանել, բայց հետո նորից այլ գնահատականներ տվել, ինչպես ասում են՝ ըստ քաղաքական նպատակահարմարության և պահի թելադրանքի:

2020 թվականի նոյեմբերի 17-ին ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ հրաժարականների ինստիտուտը շատ կարևոր ինստիտուտ է ցանկացած բևեռացում լիցքաթափելու համար և պատասխանատվության որոշակի պաշար իրականացնելու համար: Այսինքն, ըստ նրա, պաշտոնյան ինքը պետք է գիտակցի իր կատարած աշխատանքի արժեքը, իր կատարած թերացումները: Եթե չի գիտակցում և թողնում է, որ իրեն հանեն, դրանով խնդիր է ստեղծվում պետության համար:

Իհարկե, այստեղ խոսքը նախևառաջ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասին էր, ում առաջին անգամ չէր Քոչարյանը հայտնի պատճառներով թիրախավորում:

««Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց». պաշտպանության նախարարի այս թեզից, փաստորեն, շատ լավ օգտվեց միայն թշնամին: 44-օրյա պատերազմից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում ձևավորված անվտանգային համակարգը քայքայվեց: 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հարցը:

Իսկ արդեն պատերազմից հետո, փոխանակ իրականության հետ առերեսվելու, դասեր քաղելու և բանակն ուժեղացնելու, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետևանքները, այն ժամանակվա զինված ուժերի կոռումպացված ղեկավարությունը պնդում էր, որ մենք հաղթել ենք: Արդեն այսօրվա լայնածավալ պատերազմի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից պատերազմը կանխատեսելու, պլանավորելու, ապահովելու ու ղեկավարելու լիարժեք անընդունակությունը, առաջնագծի անպաշտպանվածությունը, ՊՆ-ի աննպատակ, չհիմնավորված ու կասկածելի գնումները, ինչպիսիք են պատերազմի ժամանակ չօգտագործված «ՍՈՒ 30»-ները, պատերազմի համար անհրաժեշտ տարրական չգնումները, ինչպես, օրինակ, զրահաբաճկոններն ու սաղավարտները, ԶՈՒ նոր կառուցվածքը 2019 թվականից ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կազմալուծումը և հատուկ տեխնիկայի գիտակցաբար ու նպատակային արժեզրկումն ու ոչնչացումը, զորահավաքի տապալումը, կազմակերպական կարողությունների լիարժեք բացակայությունը և շատ ու շատ այլ հանգամանքներ բերեցին այս իրավիճակին:

Երբ ես խոսում եմ Գլխավոր շտաբի այսօրվա թերացումների մասին, դա չի վերաբերում այսօր ԳՇ պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի կառավարման ժամանակահատվածին, որովհետև նա նշանակվել է մի քանի ամիս առաջ: Սա վերաբերում է ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակվա թե օպերատիվ վարչության պետի, հետագայում՝ նաև ԳՇ պետի պարտականությունները կատարող Արտակ Դավթյանին: Օնիկ Գասպարյանն արել է մաքսիմալը՝ որպես բանակի ակունքներից մինչև ամենաբարձր զինվորական պաշտոնն անցած զինվորական և իմ ճանաչած ամենաբարոյական զինվորականներից մեկը: Կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ պաշտպանության նախարարը և ԶՈՒ այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են ունեցել, պետք է արդեն հրաժարական տված լինեին: Իսկ նրանց կողմից անմիջապես հրաժարական չտալը խոսում է այն մասին, որ նրանք բացարձակապես չեն գիտակցում, թե ինչ են արել, և ուր է տանելու մեզ այս ձախողումը: Այս անձանց անպատիժ մնալու դեպքում բանակում ոչ միայն շարունակվելու են նման երևույթները, այլև լրջագույն սպառնալիք են դառնալու ՀՀ անվտանգության համար»,- ժամանակին հայտարարել էր Անդրանիկ Քոչարյանը:

Նախքան ՔՊ-ական պատգամավորի՝ ժամանակին արված մյուս հայտարարությունները հիշեցնելը, մի քանի դիտարկում՝ վերոնշյալի հետ կապված:

Առաջին, Նիկոլ Փաշինյանը, 2019-ի մարտի վերջին լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանի՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» վերաձևակերպելու մասին հայտարարությանն արձագանքելով՝ նշել էր. 

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»:

Հարցին, թե այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել իր հետ, Փաշինյանը պատասխանել էր. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:

Այսինքն, այս հայտարարության պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանն է կրում նաև: Այլ կերպ ասած՝ Տոնոյանը դարձավ  Փաշինյանի արտաքին քաղաքական «դավադրության» զոհը: Այս մասին 168.am-ը մանրամասն գրել է:

Երկրորդ, Ադրբեջանը բազմիցս է հասկացրել և դա անում է մինչ օրս, որ 44-օրյա պատերազմը հրահրել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ իր «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությամբ: Ավելին, նրա այդ հայտարարությունից հետո բազմաթիվ ռազմական փորձագետներ, քաղաքական գործիչներ զգուշացրեցին Փաշինյանի այդ հայտարարության վտանգավորությունը՝ որպես պատերազմի հրահրում:

Երրորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2022թ. ապրիլի 18-ին հայտարարություն էր տարածել սպառազինության և զրահաբաճկոնների վերաբերյալ, որում, մասնավորապես, նշվում էր.

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում ՀՀ վարչապետը նշել է, որ բանակում առկա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդրի մասին առաջին անգամ իմացել է պատերազմից մի քանի օր անց։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»:

Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ՝ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»։

Ավելի ուշ Դավիթ Տոնոյանը նույնը կրկնեց նաև 168.am-ին փաստաբանական խմբի միջոցով տված հարցազրույցում։

 «ՀՀ կառավարության կողմից վերահաստատված «Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում» նշվում է ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների ընդհանուր պահանջարկն առնվազն 5 տարվա կտրվածքով և բաշխված է՝ ըստ տարիների: Այն իր մեջ ներառում է և՛ այդ իրավիճակում զինված ուժերի կիրառման ապահովումը, և՛ խաղաղ պայմաններում զինված ուժերի ամենօրյա գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքի հաշվարկման քանակական և մոտարկված ֆինանսական միջոցների պահանջարկը: Քանի որ այդ պահանջարկը գերազանցում է պետական բյուջեի հնարավորությունները, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ պաշտպանության նախարարությունը հնարավորինս բաշխում է կատարում տարեկան պաշտպանական ծախսերում՝ ըստ առաջնահերթությունների: Չեմ կարծում, որ հազարավոր անուն նյութական և ֆինանսական միջոցների պահանջարկի դեպքում ես կամ որևէ այլ պաշտոնյա պետք է ՀՀ վարչապետի ուշադրությունը կենտրոնացներ հենց սաղավարտների և զրահաբաճկոնների վրա, մասնավորապես այն պարագայում, երբ յուրաքանչյուր տարի դրանք հնարավորինս ձեռք են բերվել ըստ ՀՀ գլխավոր շտաբի կողմից ներկայացված օպտիմիզացված հայտերի: 44-օրյա պատերազմի ժամանակ զինված ուժերը համալրված են եղել զրահաբաճկոններով և սաղավարտներով, իսկ զորահավաքի պահանջարկը բավարարված է եղել մասամբ։ Ամբողջական զորահավաքի համար քանակը երբեք ՝ 30 տարվա մեջ, ապահովված չի եղել և չէ»,- ասել էր Դավիթ Տոնոյանը:

Այսինքն, Սու-30-ների հետ կապված պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը ևս ունի, և ռազմական գործից հեռու լինելը նրան, բնավ, չի արդարացնում:

Ի դեպ, 2020թ. նոյեմբերին Ա. Քոչարյանի արած հայտարարությանն անմիջապես արձագանքել էր նաև Պաշտպանության նախարարությունը:

«Անհասկանալի հետևողականությամբ և վճռականությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց և ոլորտին առչնվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող կամ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի գործողությունների և դրանց առնչվող մի շարք թեմաների վրա, որոնց մի մասը, ի դեպ, գաղտնի է»,- շեշտել էր Պաշտպանության նախարարությունը և հավելել.

«Պարոն Քոչարյանը անում է քայլեր, որոնք իրական վտանգ են պարունակում և շատ լուրջ մտահոգություն են առաջացնում։ Օրինակ՝ պատերազմի ընթացքում Սու 30-ՍՄ ինքնաթիռների կիրառության մասին գերզգայուն հարցադրումները պաշտպանության նախարարությունում, պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ փակ դռների հետևում քննարկելու փոխարեն՝ պարոն Քոչարյանն անում է հրապարակային հարցադրումներ, որոնց պատասխանները, այս պարագայում, գաղտնիք են հանդիսանում։

Նույնը՝ կապված իր կողմից նշված ՌԷՊ միջոցների մասին։ Արդյոք սա պաշտոնյայի՝ իր տեղում չգտնվելու, իր ոլորտին չտիրապետելու ամենավառ վկայությունը չէ՞։ Ի՞նչ է ակնկալում Անդրանիկ Քոչարյանը՝ հնչեցնելով հարցադրումներ, որոնց պատասխանները գաղտնիք են։ Արդյոք սա տարրական ու էժանագին շահարկում կամ՝ առնվազն բացարձակ անընդունելի սադրանք չէ՞՝ ստիպելու պաշտպանական գերատեսչությանը բացահայտել փաստեր, որոնք ձեռնտու են բացառապես թշնամուն։

Պաշտպանության նախարարությունը, սթափ և մանրամասն վերլուծելով Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին օրերի բոլոր հրապարակային հայտարարությունները՝ հետզհետե հանգում է եզրակացության, որ այս պաշտոնյան բացարձակապես չի տիրապետում խորհրդարանում իր համակարգման տակ գտնվող ոլորտին, չունի բավարար գիտելիքներ պաշտպանական համակարգից, չի գիտակցում պետական գաղտնիքի սահմաններն ու դրանից բխող սահմանափակումները և անում է գործողություններ, որոնք, մեծ հաշվով, հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը»:

Պաշտպանության նախարարության այս պատասխանից շատ չանցած՝ Դավիթ Տոնոյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից: Հեռացավ, որ այդ ժամանակ ստեղծված իրավիճակը լիցքաթափվի:

Չորրորդ, ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին, Արտակ Դավթյանին և Օնիկ Գասպարյանին՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից տրված գնահատականներին:

Ինչպես արդեն օրերս գրել ենք, գեներալ Գասպարյանին ուղղված դիֆերամբներն ինչ-որ առումով տեղավորվում են Արտակ Դավթյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի ունեցած բացասական վերաբերմունքի տրամաբանության մեջ: 2020թ. նոյեմբերին ԱԺ-ում արած հայտարարության մեջ Անդրանիկ Քոչարյանը պատերազմից շատ առաջ բանակում տիրող իրավիճակի համար մեղադրում է ԳՇ ղեկավարությանը և տալիս միայն Արտակ Դավթյանի անունը, մինչդեռ Օնիկ Գասպարյանը 2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, իսկ 2017թ. հունիսի 15-ին ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, և հետո արդեն 2020-ի հունիսի 8-ին՝ ԳՇ պետ: Այսինքն, անուղղակի կերպով Քոչարյանը մեղադրել է նաև Օնիկ Գասպարյանին: Ի վերջո, ԳՇ պետի առաջին տեղակալը լուրջ լիազորություններ ունի:

Ինքը՝ Անդրանիկ Քոչարյանն էր, չէ՞, ասում, որ, օրինակ, «Իսկանդերի» կիրառման պլանը կազմել է ԳՇ պետի առաջին տեղակալը, ԳՇ պետն էլ՝ հաստատել:

Հինգերորդ, Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ԳՇ հայտարարությունը, որով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Անդրանիկ Քոչարյանը որակել էր քաղաքական հայտարարություն, ինչը, ըստ էության, ԳՇ-ն չէր կիսում:

«Բանակը արտաքին թշնամի կարող է ունենալ, բանակը ներքին թշնամի չի կարող ունենալ: Մեկ անգամ մարտի 1-ին բանակը բերեցին ներքաղաքական գործընթացներին մասնակցելու, մինչև հիմա տակից դուրս չենք գալիս: Բանակը պետք է քաղաքականությունից հեռու պահել, բանակը պետք է զբաղված լինի արտաքին սահմանների պաշտպանությամբ և կատարի իր հիմնական գործառույթներից մեկը ևս՝ հրադադարի ռեժիմի պահպանումը: Պատերազմը դեռ չի ավարտվել, փխրուն հրադադարի ռեժիմի մեջ ենք: Պարոն Օնիկ Գասպարյանն այս ի՞նչ արեց»,- ասել էր Ա. Քոչարյանը՝ նշելով, որ գեներալ-գնդապետից նման բան չէր սպասում:

Վեցերորդ, Անդրանիկ Քոչարյանը կասկածի տակ էր դրել Օնիկ Գասպարյանի պնդումը, թե պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում առաջարկել է 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը: Մասնավորապես, 2021թ. լրագրողների հետ զրույցում, հարցին, թե Նիկոլ Փաշինյանը սկզբում «Ազատության» հետ զրույցում չի հերքել, որ նման առաջարկ եղել է, իսկ արդեն ավելի ուշ պնդել է, որ նման բան չի եղել, ո՞րն եք հիմք ընդունում, Ա. Քոչարյանը պատասխանել էր՝ Փաշինյանի երկրորդ պնդումը: Այսինքն, նա Օնիկ Գասպարյանին սուտ է հանել, ավելին, անհեթեթ է համարել նման առաջարկը, եթե եղել է:

«Անհեթեթ է հնչեցնել մի բան, որի իրավունքը չունի ոչ մի ԳՇ պետ: Ասի՝ կռիվը դադարեցրեք, ես գնում եմ տուն: Նման բան չի կարող լինել: Գլխավոր շտաբի խնդիրը կռիվը կառավարելն է։ Ինքը կռիվն էր ղեկավարում, շատ հնարավոր է՝ զորքը քաշեր այլ ուղղության վրա, բայց չեմ կարողանում կռվել՝ նման բան ասելու իրավունք չունի որևէ ԳՇ պետ»,- հայտարարել էր Անդրանիկ Քոչարյանը:

Քննարկվե՞լ է այս հարցը ԳՇ նախկին պետի հետ փակ հանդիպումների ժամանակ, հայտնի չէ: Մի բան հստակ է՝ Անդրանիկ Քոչարյանին հատուկ է՝ մեղադրանքից դիֆերամբների անցնել, ընդ որում, իրար հակասող: Մարդը կամ ստախոս է, կամ ճշմարտախոս, մարդը կամ փորձառու զինվորական է, կամ ձախողված պլաններ մշակող և հաստատող:

Ի դեպ, լրագրողների հարցին՝ կմիջնորդի՞, որ Օնիկ Գասպարյանը վերադառնա Զինված ուժեր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր. «Աշխատանքի ավարտից հետո կտեսնենք, թե ինչ եզրակացության վրա կկանգնենք»:

Բանալի նախադասությունը՝ «աշխատանքի ավարտից հետո…», որովհետև գուցե ինչ-որ պահի Օնիկ Գասպարյանի ասածը հաճո չլինի կամ չբխի իրենց՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի շահերից: Սպասենք աշխատանքների ավարտին, նաև՝ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի՝ քննիչ հանձնաժողով այցին և դրանից հետո զարգացումներին:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը նոր հարցազրույց է տվել «Ֆակտորին», որտեղ նշել է, թե Օնիկ Գասպարյանի շնորհիվ է, որ ԳՇ հայտարարությունից հետո զորքը Բաղրամյան պողոտա դուրս չի եկել: ԳՇ-ից մեկ անգամ չէ, որ նշել են, թե բացի հայտարարությունից՝ այլ բան չէին էլ նախատեսել: Իսկ թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ-հայտարարությունը, դրան հաջորդած զարգացումներն ի՞նչ հետին նպատակներ ունեին, այս օրերին տարբեր կասկածներ են հնչում, անգամ այն, որ սա ոչ թե Սերժ Սարգսյանի «հրահանգով» էր, ինչպես ներկայացնում էին իշխանական որոշ շրջանակներ, այլ հենց իշխանությունների հետաքրքրությունների շրջանակում: Սա զուտ ենթադրություն է, որի՝ իրականության հետ աղերս ունենալը ժամանակը ցույց կտա:

Տեսանյութեր

Լրահոս