Բաժիններ՝

Առավելագույնը 24 հարկն է, որը ևս բարձր է. Սաշուր Քալաշյանը՝ կառուցվող 35, 39 հարկանի շենքերի մասին

Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանն օրերս ահազանգել էր, որ Երևանում 35 և 39 հարկանի շենքեր են պատրաստվում կառուցել:

Սակայն, նրա փոխանցմամբ՝ Հայաստանում գործող շինարարական նորմերով առավելագույն թույլատրելի հարկայնությունը՝ կրող պատային (շատ թանկ լուծումներով) առավելագույնը 25 հարկ կարող է լինել, իսկ սյունահեծանային (որով հիմնականում կառուցապատում են)՝ 20 հարկ:

«Երևանում հատկապես վերջին 2-3 տարիների (ինչպես և նախորդ շրջանի) աննախադեպ ու չմտածված կառուցապատման մասին շատ է խոսվել, սակայն այս ծավալներն ու անպատասխանատու պահվածքը գնալով ավելի հուսահատեցնող է դարձնում վիճակը՝ հատկապես Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած՝ արդեն մոտ 60 հազար կյանք խլած երկրաշարժի ֆոնին։ Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչ ենք անում… Երկրաշարժի դեպքում զոհերի քանակ պետք չի կանխատեսել, այլ պետք է լսել մասնագետներին ու չանել բացառություններ: Պետք է օր առաջ կանգնեցնել այս ընթացքը»,- գրել էր Սարհատ Պետրոսյանը:

Կարդացեք նաև

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեմ է նման բազմահարկ շենքերի կառուցմանը:

«Առավելագույնը 24 հարկն է, որը ևս բարձր է: Ես կողմնակից չեմ դրան: Մի շարք խնդիրներ կան՝ էսթետիկան, տրանսպորտը: Բարդացնում ենք խնդիրները ու ավելի շատ տրանսպորտային խնդիրը»,- ասաց Սաշուր Քալաշյանը:

Ինչ վերաբերում է սեյսմակայունությանը՝ նա նշեց, որ այդ առումով նոր շենքերի վիճակն ավելի լավ է, քան հին շենքերինը:

«Վտանգի մասին խոսել իմաստ չունի, որովհետև այսօրվա նորմերը շատ խիստ են, սեյսմիկան ուշադրության տակ է, դրա հաշվարկները պարտադիր արվում են: Այնպես որ, նորակառույցները կարծես թե վտանգ չեն ներկայացնում: Հին կառույցներն են վտանգի տակ, քանի որ Սովետի ժամանակ այդ նորմերը գոյություն չունեին»,- հավելեց Սաշուր Քալաշյանը:

Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ այս շենքերը կառուցվելու են Մոնթե Մելքոնյան փողոցում:

Տեսանյութեր

Լրահոս