
«Խնդիրները հիմնականում կապված են մույթերի հետ, հավերժ կրակի մասում վնասվածքները շատ են». Սաշուր Քալաշյան

Շուրջ երկու ամիս է՝ մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը:
Ինչպես տեղեկացնում են թանգարանից, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները:
Աշխատանքների արդյունքում կլուծվի տասնամյակների ջրահեռացման խնդիրը, որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը՝ առաջացնելով քարաթափման վտանգ, իսկ վարչական և թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրևաջրերի ներհոսքի խնդիր։
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է։
168.am-ի հետ զրույցում, մանրամասնելով կատարվելիք աշխատանքները, Սաշուր Քալաշյանն ասաց, որ այս պահին էլ տեղում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։
«Խնդիրները հիմնականում կապված են մույթերի հետ, հավերժ կրակի մասն է նաև խնդիրը, վնասվածքներն այնտեղ շատ են։ Ընդհանուր առմամբ, այդ խնդիրներն աստիճանաբար լուծվում են։
Խնդիրը վերաբերում է նաև թանգարանային մասին, շենքի ճակատային մասը վնասված հատվածներ ունի, ինչն անձրևաջրերի հետևանքով է եղել։ Նախարարությունն առաջարկում է ճակատային մասը քանդել և նորը սարքել, ինչն ավելի բարդ է և անիմաստ գումարի վատնում է։ Իհարկե, կարելի է անել, բայց անիմաստ է, քանի որ արտաքին ճակատներն այդքան վնասված չեն։ Հիմա քննարկումների մեջ ենք, մենք մեր կարծիքն ունենք, իրենք՝ իրենցը, ուղղակի անիմաստ է ամբողջական ճակատի հատվածի քանդելը»,- նշեց Սաշուր Քալաշյանը։
Նրա խոսքով՝ վերականգնելու ընթացքում թանգարանի շենքն արտաքին ճարտարապետական որևէ փոփոխության չի ենթարկվելու։
«Եթե հիմա քանդում են, բնական է, քանդելու ընթացքում քար է կոտրվում, նոր քար պետք է օգտագործեն, բայց նույն տեսքով ու նույն չափերով»,- հավելեց ճարտարապետը։
Մեր զրուցակիցը նաև դժվարացավ ասել, թե աշխատանքները երբ կավարտեն՝ շեշտելով, որ աշխատանքները կատարման առումով բավականին բարդ են։
«Փորձնական 3 մույթ արդեն քանդել եմ, մեկը փորձնական հասցնենք ավարտին, որպեսզի դրա վրա հասկանանք՝ ինչ է պետք անել, այնուհետև մնացածը շարունակենք»,- ասաց Սաշուր Քալաշյանը։
Նշենք, որ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը բացվել է 1995 թվականին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի ժամանակ։ Թանգարան-ինստիտուտի ճարտարապետներ են Սաշուր Քալաշյանը, Արթուր Թարխանյանը, քանդակագործն է Ֆերդինանդ Առաքելյանը։
ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով։
Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման աշխատանքներն ավարտվել են 1967 թվականին, բացումը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 29-ին՝ Խորհրդային իշխանության օրոք, երբ մերժված էր ազգային գաղափարախոսությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հիշատակումը։
Հուշահամալիրը նվիրված է 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան իշխանությունների կողմից սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։