Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ողջ փուլն անցել է ՀԱՊԿ-ի հանդեպ սադրանքներով. Կարեն Վրթանեսյան
«Դուք բոլորդ վկա եք, թե մենք ինչքան երկար և հետևողականորեն ենք աշխատել և շարունակում ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ: Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որը, իմիջիայլոց, ՀՀ-ի մասին չէ, դա նրա մասին է, թե առնվազն ՀՀ տարածքում ՀԱՊԿ-ը գործո՞ւմ է, թե՞ չի գործում, կա՞, թե՞ չկա,- երեկ իր ասուլիսում նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ արձանագրումով,- Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, այլ այն, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս»:
168.am-ը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց՝ այսօր Հայաստանի համար ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը:
Ի պատասխան՝ ռազմական փորձագետը նախ արձանագրեց, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին աշխարհում բոլոր երկրներն էլ այսօր փորձում են ինչ-որ կերպ իրենց անվտանգության խնդիրը լուծել:
«Օրինակ, Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք երկար ժամանակ չէին ցանկանում լսել ՆԱՏՕ անդամ դառնալու մասին, այս իրադարձությունների ֆոնին շատ արագ սկսեցին ՆԱՏՕ մտնելու գործընթացը:
Հայաստանն այսօր չունի հնարավորություն (այդ թվում՝ նաև իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով) ինքնուրույն ապահովելու իր անվտանգությունը՝ ունենալով այնպիսի հակառակորդներ՝ ինչպիսին առաջին հերթին՝ Թուրքիան է, ապա նոր միայն՝ Ադրբեջանը:
Այս պարագայում հարց է առաջանում՝ եթե Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ի անդամակցությունից, ո՞ր ռազմական դաշինքի մեջ է պատրաստվում մտնել: Եթե Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ անդամ լինելուց, պետք է նայել, թե մեր տարածաշրջանում ինչ հասանելի ռազմական դաշինքներ կան. կա երկու դաշինք. մեկը ՆԱՏՕ-ն է, երկրորդը՝ նոր ստեղծվող թուրքական ինչ-որ ռազմական դաշինք է: Ակնհայտ է, որ մենք երկրորդի անդամ չենք կարող լինել, իսկ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցում՝ մենք մեր աչքի առաջ ունենք Վրաստանի փորձը, որն այս ռազմական դաշինքի բոլոր պահանջներին համապատասխան Զինված ուժեր է ստեղծել, բայց ՆԱՏՕ-ն հրաժարվում է Վրաստանին ընդունել իր կազմ: Այժմ Արևմուտքն այդքան օգնում է Ուկրաինային, բայց Ուկրաինան ՆԱՏՕ անդամ երկիր չի դառնում:
Այսինքն՝ մեզ համար որևէ նախադրյալ չկա ենթադրելու, որ մեզ կընդունեն ՆԱՏՕ»,- պարզաբանեց Կարեն Վրթանեսյանը:
Անդրադառնալով ՀՀ-ի հանդեպ իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ ՀԱՊԿ-ին ուղղված իշխանությունների մեղադրանքներին՝ ռազմական փորձագետը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները կատարում են իրենց պարտավորությունները՝ ՀՀ անվտանգության ապահովման համար:
«Ֆորմալ առումով ՀԱՊԿ-ի հետ սրումը սկսվեց 2021-ի մայիսի 12-ից, երբ ադրբեջանցիները հանգիստ մտան ՀՀ տարածք, իսկ ՀԱՊԿ-ը, որը որպես դաշնակից՝ ենթադրաբար պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեր, ոչ մի բան չարեց:
Մայիսի 12-ին թշնամին, առանց հայկական կողմի դիմադրության, մտավ ՀՀ տարածք, ավելին՝ հայկական զինուժին հրաման տրվեց չկրակել, հայկական կողմը հայտարարեց, որ չի դիմելու զինված գործողությունների: Հարց է առաջանում՝ ՀԱՊԿ ցանկացած երկրի ցանկացած ղեկավար, եթե տեսնում է, որ ՀՀ իշխանությունը չի պատրաստվում պաշտպանել իր տարածքը, ինչո՞ւ պետք է իր զինվորականներին բերեր ՀՀ տարածքը պաշտպանելու, եթե ՀՀ ղեկավարը՝ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդհանրապես որևէ բան չի անում ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար»,- հիշեցրեց ռազմական փորձագետը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ողջ փուլն անցել է ՀԱՊԿ-ի հանդեպ սադրանքներով:
Այս համատեքստում Կարեն Վրթանեսյանը նաև հիշեցրեց իշխանությունների կողմից ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ հետապնդման մասին: