«Ադրբեջանի նպատակն Արցախը հայաթափելն ու Նախիջևանի բախտին արժանացնելն է». Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանն այն կարծիքին է, որ դիվերսիոն հարձակմամբ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել այն, ինչը չկարողացավ ավարտին հասցնել 2020թ. նոյեմբերի 10-ին:

«Նմանատիպ գործողությունները միտված են լինելու նրան, որ Արցախում հայը չկարողանա հանգիստ թեկուզ մեկ րոպե բնակվել, և դա բերի նրան, որ հայը լքի իր հայրենիքը, ու դրանով փակվի այդ հիմնախնդիրը, կոնֆլիկտը, որը տարիներ շարունակ ձգվում է: Ադրբեջանի ցանկացած գործողություն միտված է հայի ահաբեկմանը, Արցախի հայաթափմանը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ շատ վաղուց պարզ է, որ Փաշինյանն ու նրա իշխանությունը ձեռքերը լվացել են Արցախից. «Նրանց համար Արցախի հարցը շատ վաղուց փակված է: Շատ լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասեր, թե ինքը և իր իշխանությունը ինչ պետք է անեն, որպեսզի կարողանան զսպել կամ կանխարգելել այն ահաբեկչական գործողությունները, որոնք իրականացնում է Ադրբեջանի իշխանությունը: Ինչ վերաբերում է միջազգային փաստահավաք խմբերին, ԵՄ դիտորդներին և այլն, մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր Արևմուտքի միակ շահագրգռվածությունը ԼՂ-ում այն է, որ այստեղից դուրս մղի ռուսական ուժերին կամ ամենաքիչը՝ բարոյազրկի և արժեզրկի ռուս խաղաղապահներին:

Բոլորս հասկանում ենք, որ Արևմուտքը ցանկանում է ԼՂ-ում երկրորդ ճակատ բացել և այնտեղից ռուսներին դուրս մղել, իսկ Արցախից ռուսների դուրսմղմանը հետևելու է Հայաստանից և ընդհանրապես տարածաշրջանից նրանց դուրսմղումը: Ցավոք, Արցախի և ընդհանրապես հայ-թուրքական հարաբերություններն Արևմուտքի երկրներն օգտագործում են Արևմուտք-Ռուսաստան հակամարտության կոնտեքստում, և սա դարձել է մի հարթակ, որտեղ իրականանում է այդ պայքարը: Այս համատեքստում, երբ նայում ենք ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը և, ընդհանրապես, վարքագիծը, նրանք այդ ջրաղացին ջուր են լցնում, իրենք նույնպես այդ ուղղությամբ են աշխատում, որը նաև իր արմատներն է գցել Արցախում: Այստեղ նույնպես որոշակի խմբակների միջոցով փորձ է կատարվում գեներացնել այդպիսի տրամադրություններ, և ամենավտանգավորը, արտաքին թշնամուց զատ՝ նաև այս ներքին իրադարձություններն են, երբ շատերը հասկանալով կամ չհասկանալով՝ դառնում են գործիք այդ ուժերի ձեռքին»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Արցախի անվտանգության խորհրդի նիստում, որին նաև Դուք էիք մասնակցում, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է, որ կամ պետք է ընդունեք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, ընդհակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր. այդ ինտեգրացիոն քաղաքականություն կոչվածը ի՞նչ է ենթադրում, ի՞նչ են պահանջել ադրբեջանցիները, նա պատասխանեց. «Այդ նիստին նախագահը ներկայացրեց տեղի ունեցած հանդիպումը, և մեզ համար սպասելի էր, որ ադրբեջանական կողմը նման պահանջ էր դնելու: Մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանի հետ կարելի է շփվել միայն միջազգային որևէ հարթակի կամ որևէ մարմնի միջնորդության միջոցով, այն էլ այն պարագայում, երբ Արցախի Հանրապետությունը հանդես կգա՝ որպես լիիրավ կողմ: Այս պարագայում, երբ մեր պատվիրակությունը փորձում է շփում կազմակերպել Ադրբեջանի պատվիրակության հետ, թեկուզ և ռուս խաղաղապահների միջնորդությամբ, և հույս ունենալ, որ Ադրբեջանը մեզ հետ որևէ բան կքննարկի, թեկուզ հումանիտար հարցեր, դա առնվազն միամտություն է: Ադրբեջանը միայն մեկ խնդիր է լուծում՝ Արցախը հայաթափելու խնդիրը, չկա հայ՝ չկա որևէ խնդիր»:

Նա նկատեց, որ սկսած 2020թ. սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանը հնարավոր բոլոր քայլերն իրականացնում է Արցախը հայաթափելու համար. «Միամտություն կլինի կարծել, որ եթե մենք մեզ այլ կերպ դրսևորենք, Ադրբեջանը կփոխի իր մտադրությունները: Ադրբեջանը միշտ էլ առիթ գտնելու է՝ էլ ավելի խստացնելու իր մոտեցումները: Դրա համար, բազմիցս իշխանություններից պահանջել ենք՝ երբևէ չտրվել Ադրբեջանի պահանջներին, որովհետև այս ամենի հիմքում ընկած է նրանց միակ նպատակը՝ հայաթափել Արցախը, Արցախին տալ Նախիջևանի կարգավիճակ և Նախիջևանի բախտին արժանացնել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս