«Չէի ասի, որ ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել. բողոքի ակցիաները Վրաստանի ներքաղաքական գործընթացների անբաժան մասն են». Ջոնի Մելիքյան

Մարտի 7-ին, երբ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ  ընդունեց  «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը, երկրում սկսվեցին բողոքի և անհնազանդության ակցիաներ։

Մարտի 9-ին երկրի իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ հետ են կանչում նախագիծը, սակայն ընդդիմությունն ի պատասխան հայտարարեց, որ չի պատրաստվում թողնել փողոցը՝ ընդգծելով, որ բողոքի ակցիաները շարունակվելու են։

Մինչ Թբիլիսիի փողոցներում մարդիկ ակցիաներ են իրականացնում, փորձագետները հայտարարում են, որ այդ ակցիաները շարունակվելու դեպքում տարածաշրջանն ավելի է ապակայունանալու, ավելին՝ Ռուսաստանի դեմ՝ ի դեմս Վրաստանի, բացվելու է երկրորդ ճակատ։

Ի՞նչ զարգացումներ կունենան Վրաստանի բողոքի ակցիաները, դրանք ինչպե՞ս կանդրադառնան տարածաշրջանի վրա, և առհասարակ ի՞նչ հանգուցալուծում սպասել։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը պատասխանելով այս հարցերին՝ նշեց, որ այս տեմպերով բողոքի ակցիաները մոտակա մի քանի օրը կշարունակվեն։

«Ի վերջո, որոշների համար հարցը լուծված է, որոշները չեն հավատում, և կա նաև քաղաքականացված զանգված, որն ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն են։ Նրանք փորձելու են այս էլեկտորատին՝ պոտենցիալ բողոքողներին,  իրենց մոտ ներգրավել և ակցիաների ժամանակ բողոքի տարրերը նաև իրենք թելադրել։ Կարծում եմ՝ այս հանգամանքը կարող է ազդել բողոքի ակցիաների մասնակիցների թվի վրա, գուցե վաղը չէ, բայց առաջիկա մի քանի օրերի ցույցերն ավելի մարդաշատ կլինեն։ Եթե Վրաստանի իշխանությունների կողմից որոշ սխալներ թույլ չտրվեն, ապա այս ակցիաները դեպի մարման կգնան, բայց որոշ ակտիվություն ընդդիմության կողմից սպասվելու է։ Ընդդիմությունը փորձելու է իրավիճակն օգտագործել, նույնիսկ, եթե օրենքի նախագիծը հետ կանչեն, քանի որ կարողացան այդ հարցի շուրջ ակտիվորեն քաղաքական ու հասարակական դաշտի ներկայացուցիչներին հանել փողոց»,- նշեց Ջոնի Մելիքյանը։

Ըստ փորձագետի, այս բողոքի ակցիաները դժվար թե Վրաստանի ներքին կյանքում անկայունություն կամ փոփոխություններ առաջացնեն, այդ թվում՝ նաև տարածաշրջանում։ Սակայն, եթե ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի և իսկապես վիճակը բարդանա, Վրաստանում իշխանափոխություն տեղի ունենա, այդ պարագայում գուցե պետք է սպասել, որ տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը կարող է փոխվել։

«Այդ պարագայում նոր ղեկավարություն կարող է գալ իշխանության, գուցե իրենք ավելի պրոուկրաինական լինեն և հարաբերություններն ավելի լարեն Ռուսաստանի հետ։ Եթե այդպես լինի, ապա դա կարող է նաև Հայաստանի վրա էլ անդրադառնալ։ Բայց նման սցենարի իրագործվելու շանսը բավականին ցածր է, կարելի է ասել՝ չնչին։ Ի վերջո, Արևմուտքը, չեմ կարծում, որ այս փուլում շահագրգռված է այսօրվա իշխանությունների հետ էլ ավելի վատացնելու հարաբերությունները, քանի որ ռիսկեր կառաջանան իշխանություններին կորցնելու, բայց մինչև վերջ նպատակին չհասնի։ Հաջորդ տարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, կարծում եմ՝ որևէ մեկը ցանկություն չունի այդ ընտրություններից առաջա որևէ բան փոխել»,- շեշտեց Ջոնի Մելիքյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ բողոքի ակցիաները Վրաստանի ներքաղաքական գործընթացների անբաժան մասն են։ Խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» նախագիծը բերելը պատճառ եղավ և դրա շուրջ ձևավորվեց սիտուատիվ միասնություն։

«Հիմա արդեն ընդդիմությունը, որը նախկինում հրաժարվում էր խորհրդարանական աշխատանքից, գուցե զուգահեռ շարունակի թե՛ խորհրդարանական ակտիվությունը, թե՛ փողոցային պայքարը։ Ժասմանակի ընթացքում, երբ մարի փողոցային պայքարը, կվերադառնան խորհրդարան և այնտեղ կշարունակեն իրենց գործունեությունը։ Դրա համար չէի ասի, որ ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել Վրաստանում։  Վերջին հինգ տարիներին Վրաստանում բողոքի ակցիաներ եղել են, նույնիսկ Խորհրդարանի շենք են գրոհել, բայց ինչ-որ փուլի լարվածությունը նվազել է, և նույնն էլ, կարծում եմ՝ կլինի այս անգամ»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս